Ադրբեջանը ծրագրում է մեծ թվով զորավարժություններ անցկացնել Թուրքիայի հետ. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք` հունիսի 20-ին` Վաշինգտոնում, տեղի ունեցավ  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

ArmLur.am-ը հանդիպման սպասումների և հետևանքների շուրջ զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Ցանկացած հանդիպում մեզ համար շատ կարևոր է, ինչո՞ւ,  որովհետև այդ հանդիպումները ապահովում են բանակցային գործընթացի երկխոսության շարունակականությունը և տարածաշրջանում խաղաղության պահպանումը,  և’ այդ մեսիջներից և’ առ հասարակ համանախագահների հայտարարության մեջ վառ երևում էր, որ հիմնական շեշտը շարունակվում է դրվել խաղաղության և կայունության պահպանման վրա, ինչը նշանակում է, որ Անդրկովկասում, որն ունի կարևորագույն նշանակություն և’ տարածաշրջանային, և’ գլոբալ աշխարաքաղաքականության մեջ:  Ուժային կարևոր կենտրոնները շահագրգռված են խաղաղության և կայունության պահպանման համար»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի նոր մոտեցումների առաջխաղացման ճեղքմանը, Բաբայանն ասաց, որ վաղ է այս ամենի մեջ տեսականորեն լինել, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը:

«Սպասումները, որոշ չափով արդարացան, որովհետև սա այն կարևոր իրադարձությունն էր , որ բարձրաձայնել ենք, մինչև հանդիպումը`  հասկանալով, որ կարևորագույն շեշտը շարունակում է դրվել խաղաղության պահպանման վրա»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով` սահմանում համեմատաբար հանգիստ, վերահսկելի վիճակ է տիրում. «Բայց Ադրբեջանի բոլոր զորավարժություններն ուղղված են մեր դեմ,  և մենք չենք  կարող անտեսել , հատկապես, որ նրանք ծրագրավորում են տասնյակից ավելի  նոր զորավարժություններ Թուրքիայի հետ: Մենք սրան պետք է շատ լուրջ վերաբերվենք, և չի բացառվում, որ Թուրքիան իր ագրեսիվ  քաղաքականությունն  էլ ավելի ակտիվացնի, իսկապես հաշվի առնելով, որ գործող ռեժիմը  կորցնում է լեգիտիմությունն ու ժողովուրդի մեջ վստահությունը, որի վառ ապացույցն է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները»:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս