Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր իր նախորդ համարներում, դատավորների վեթթինգը կարող է իրականացնել Բարձրագույն դատական խորհուրդը։ Բացի այս կառույցից վեթթինգ է իրականացնելու նաեւ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը: Այս մարմնի ստեղծման մասին նախագիծն արդեն իսկ տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում, եւ այն հեղինակել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ըստ նախագծի, հանձնաժողովը կազմված է լինելու հինգ անդամից` նախագահ եւ չորս անդամ, որոնց բոլորին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, նշանակում է Ազգային ժողովը վեց տարի ժամկետով` բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:
Ընդ որում, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով հանձնաժողովի անդամ: Եվ քանի որ սա նոր մարմին է, ապա առաջին կազմը ձեւավորվելու է հետեւյալ կերպ. սույն օրենքի` ուժի մեջ մտնելու օրվանից հետո ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 30-ը Ազգային ժողովը,«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, նշանակում է հանձնաժողովի նախագահին եւ չորս անդամներին: Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու մասին նախագիծը կքննարկվի այս օրերին ընթացող ԱԺ արտահերթ նիստում, եւ արդեն մինչեւ հոկտեմբերի 30-ն էլ ամբողջողվին կկազմավորվի մարմինը: