Պողպատյա մանդատով վեթթինգ կանեն. իշխանություններն անցնում են գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրություններում ստանալով իշխող քաղաքական թիմի ակնկալած «պողպատե» մանդատը՝ իշխանությունները համակարգային վեթթինգ կիրականացնեն: Երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Նա այսպես արձագանքեց քաղաքացիական հասարակության այն քննադատությանը, թե հեղափոխությունից հետո վեթթինգի գործընթացը տապալվել է:

«Մենք վեթինգ արել ենք, արել ենք այն վեթինգը, որը որ թույլ էր տալիս անել ՀՀ Սահմանադրությունը և ավելի համակարգային վեթինգ նախընտրական ծրագրով նախատեսված է, կարծում եմ առաջիկայում այդ աշխատանքները նոր ձևավորած կառավարությունը կկատարի։ Դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, մեր նախընտրական ծրագրում գրված է՝ կոնկրետ ինչ ուղղություններով, և միանշանակ է, որ համակարգային վեթինգ Հայաստանի Հանրապետությունում լինելու է»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել էր Ռուստամ Բադասյանը։

Ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած հանրահավաքում ապօրինի գույք ունեցողներին առաջարկեց վերադարձնել թալանածը: «Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադաձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»: Ապա  Նիկոլ Փաշինյանը սկսեց քաղաքական բանակցություններ այն ուժերի հետ, որոնք պատրաստ են համագործակցության: Ապա հոգևոր երկխոսության կոչ արեց հոգևոր առաջնորդներին:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Բադասյանը նշեց. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման մասին էլ ասաց, որ շուրջ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովմանը։ «Այսինքն, երբ որ արգելանք է դրվում գույքի վրա, իմ տեղեկություններով, բավական մեծ չափի գույքերի մասին է խոսքը գնում։ Հիմա այդ գործիքը, այո, միանշանակ, այն գործիքներից է, որը մենք անցած տարիների ընթացքում ներդրել ենք։ Ձևավորել ենք ստորաբաժանում, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել, չենք փորձել ուղղակի գույքն ամեն գնով վերադարձնել, այլ փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջական արդյունքում որևէ կասկած չհարուցի, որ  մենք չենք միջամտում սեփականության իրավունքին, այլ պետական բյուջե  է վերադառնում այն, որը պետք է լիներ պետական բյուջեինը»։

Նկատենք՝ վեթթինգի մասին իշխանությունները խոսել էին թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն այն ձախողվեց: Ձախողվեց վեթթինգի սպառնալիքը, դատարանները շրջափակելու միջոցով իրենց կամքը դատավորներին պարտադրելու վարչապետական հրամանը, Սահմանադրական դատարանը սեփականացնելու պլանը:

Բացի այդ, մարտի 1-ի գործով, հակակոռուպցիոն քաղաքականության, դատաիրավական մյուս բարեփոխումների հարցերում իշխանությունն ամբողջովին ձախողվել է ու տրամաբանական է սպասել ոլորտի պատասխանատուների աղմկոտ պաշտոնանկություններ։ Այս հարթության վրա պետք է կատարվի նաեւ շատ լուրջ քննություն՝ պարզելու համար, թե ի՞նչն է եղել ձախողումների պատճառը՝ արդյո՞ք գործ ունենք պատկան մարմինների ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի հետ:

Իշխանություններն անգամ ձեռնամուխ եղան հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանը: Եվ հակակոռուպցիոն դատարանի ու Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այլ դատավորների համեմատությամբ, նախատեսվեց ավելի բարձր աշխատավարձ, սակայն արդյունքը դեռ չենք տեսնում: Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ:

Ն.Հ.




Լրահոս