Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք դատավորներ ահազանգում են, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ներսում լուրջ քայլեր են պատրաստվում իրականացնել, ինչը դժգոհության ալիք կարող է բարձրացնել:
Ինչպես գիտենք, մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որից հետո` հունիսի 7-ին, պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը:
Այնուհետեւ հրաժարականի դիմում ներկայացրեցին Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը եւ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը: Այս հրաժարականներից ամիսներ առաջ էլ ԲԴԽ մեկ անդամի տեղ էր շարունակում թափուր մնալ: Ինչպես հայտնի է, Ռուզաննա Հակոբյանը նշանակվեց դատավոր, եւ ԲԴԽ անդամի նրա տեղը թափուր մնաց ու մինչեւ օրս չի համալրվում:
Ռուզաննա Հակոբյանի փոխարեն ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշուն Տավարացյանը, ինչի առիթով դատավորները դժգոհեցին, եւ աղմուկի պատճառով նա հրաժարվեց ԲԴԽ անդամությունից: Եւ ստացվել է այնպես, որ այս օրերին ԲԴԽ-ի կազմում մնացել են 4 անդամներ` Հայկ Հովհաննիսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը եւ դատավոր Սերգեյ Չիչոյանը եւ նորեկներ, Ազգային ժողովի կողմից ընտրված Գրիգոր Բեքմեզյանը եւ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Դատական համակարգում իրարանցում է
Այսպիսով, ԲԴԽ-ն արդեն քվորումունի եւ կարող է նիստեր գումարել, եւ արդեն ներքինխոսակցություններ կան այն մասին, որ ԲԴԽ 6 անդամները ցանկանում են նիստ հրավիրել եւ ԲԴԽ նախագահ ընտրել: Ըստօրենքի` այս անգամ ԲԴԽ նախագահ պետք է ընտրվի ԲԴԽ դատավորների կազմիցորեւէ մեկը: Սակայն դատավորներն անարդար են համարում, որ դեռ չհամալրված կազմից արդեն ԲԴԽ նախագահ ընտրվի, քանի որ այսօր ԲԴԽ կազմում ընդամենը 2 դատավոր կա` Սերգեյ Չիչոյանը եւ Անի Մխիթարյանը:
Բայց պարզվում է՝ համալրմանը չսպասելը խորը արմատներ ունի: Լուրեր են պտտվում, որ իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, այնուհետեւ հրաժարական տա, որից հետո ԲԴԽ թեկնածուները ԲԴԽ նախագահ պետք է ընտրեն արդեն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից մեկին: Եվ, ահա, ըստ դատական համակարգում տարածված լուրերի` իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, ԲԴԽ նորընտիր անդամ Վիգեն Քոչարյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ԲԴԽ-ում, եւ արդյոք դատավորների մտավախությունը իրականությանը համապատասխանում է, թե ոչ:
-Պարո՛ն Քոչարյան, դատավորները ահազանգում են այն մասին , որ ԲԴԽ անդամները ցանկանում են նիստ անել եւ ԲԴԽ նախագահ ընտրել ԲԴԽ դատավորների կազմից, որոնք ընդամենը երկու հոգի են: Բարձրաձայնում են նաեւ այն մասին, որչեք սպասում` դատավորների թիվը համալրվի եւ հետո ԲԴԽ նախագահ ընտրեք:
-Այն տեղեկությունը, որ, իբր, միանգամից որոշել են նախագահ ընտրել, իրականությանը չի համապատասխանում:
– Այսինքն` կսպասե՞ք ԲԴԽ դատավորների թիվը համալրվի, եւ հետո ԲԴԽ նախագահ ընտրեք:
-Ես չեմ կարող ասել, բայց ներկայումս այդ հարցը քննարկվում է:
-Ըստ դատական համակարգում տարածված լուրերի` իշխանությունները ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, որից հետո հրաժարական տա, ու Դուք դառնաք ԲԴԽ նախագահ:
– Ես կարծում եմ` նման ենթադրությունները կամ երեւակայությունները որեւէ ձեւ հիմնավորված չեն:
– Լուրեր կան, որ Ազգային ժողովօրենք են ցանկանում բերել, որ ԲԴԽ-ի լիազորությունները ընդլայնեն, որպեսզի ԲԴԽ-ն դատավորներին վեթթինգի ենթարկի: Ի՞նչ գիտեք այս մասին:
– Դա որոշելիք խնդիր է Ազգային ժողովիկողմից, թե ինչպիսի լիազորություններ ապագայում կդրվեն Բարձագույն դատական խորհրդի վրա. դա կորոշի Ազգային ժողովը:
– Հիմա այդ նախագծի, Ձեզ լիազորություններ տալու գործընթացի մասին Դուք ի՞նչ գիտեք:
– Ես նման նախագծի կամ օրենքի մասին անձամբ ծանոթ չեմ:
– Վեթթինգի նախագծի մասին ի՞նչ գիտեք, ովքե՞ր են մասնակցում այդ նախագծի պատրաստմանը, ի՞նչ քննարկումներ են գնում, ի՞նչ առաջարկներ են արվել:
– Ես գիտեմ, որ համապատասխան աշխատանքները գնում են:
– Կոնկրետ որտե՞ղ, ովքե՞ր:
– Երբ որ արդեն նախագիծը համապատասխան որոշակի հասունացման փուլին կլինի, անպայման, ինձ թվում է, կդառնա հանրային քննարկման առարկա: Քննարկումները կարող են գնալ ամեն տեղ` ինչպես Ազգային ժոովում, կառավարությունում, Արդարադատության նախարարությունում: Համապատասխանաբար տարբեր ատյաններում, տարբեր մարմիններում տարբեր բնույթի քննարկումներ կարող են լինել: Ես գիտեմ, որ որոշակի աշխատանքներ կատարվում են ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ Արդարադատության նախարարությունում:
– Իսկ ովքե՞ր են մասնակիցները, ի՞նչ առաջարկներ են անում:
– Քանի որ ես ինքս չեմ մասնակցել այդ քննարկումներին, մանրամասներին չեմ տիրապետում:
Քնար Մանուկյան