Նոյեմբերյանի ավտոկայարանը վերացրին. մասմաբ խանութ է դառնալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է, ինչ սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում գտնվող ավտոկայարանի շենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են կատարվում: Շենքի ծածկն է փոխվել, տանիքին տեղադրվել են մետաղյա թիթեղներ, ավտոկայարանի շենքի ձախ մասում հագուստի խանութ է բացվել, աջ մասում` նախկին սպասասրահի տարածքում, բետոնե բլոկներ են շարվում: Նոյեմբերյանցի վարորդները ավտոկայարանից մոտ 15 մ հեռավորությամբ մայթին 2 աթոռ են դրել, կատակով ասում են, որ դա նոր ավտոկայարանն է:

Ամռան տապին, ձմռան ցրտին, անձրեւներ, ձյուն տեղալու ժամանակ որտե՞ղ են պատսպարվելու նոյեմբերյանցի ուղեւորները:

«Հայավտոկայարան» ՓԲԸ իրավաբան Արթուր Օհանյանն ասաց, որ Նոյեմբերյան քաղաքից սկիզբ առնող երթուղիների սեփականատերերը իրենց ընկերության հետ ավտոկայարանի տարածքն օգտագործելու վերաբերյալ պայմանագրեր չեն կնքել, իրենք գույքահարկ են վճարում, ավտոկայարանի տարածքի պահպանության ծախսեր կատարում, իրենք հանդիսանում են պետական ընկերություն, սակայն պետությունից չեն ֆինանսավորվում, իրենց ընկերությունը շահույթ է հետապնդում եւ Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել մասնավոր անձանց հետ:

«Հայավտոկայարան» ՓԲԸ վարչատնտեսական բաժնի պետ Միհրան Ղամբարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ տարածքի վարձակալության վերաբերյալ առաջարկ են ստացել 2 անձանցից, նրանց առաջարկի պայմանները իրենց բավարարել են, իրենք վարձակալության պայմանագիր են կնքել նրանց հետ:

Նա ասաց, որ Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքի մի մասը ծառայելու է որպես ավտոկայարան: Արդյոք ավտոկայարանի տարածքը, որ ամբողջությամբ նորոգվում է, խանո՞ւթ է դառնալու: Ղամբարյանը հայտնեց, որ իրենք հսկողություն են իրականացնելու եւ թույլ չեն տա, որ վարձակալության պայմանագրի դրույքները խախտվեն, տարածքն ամբողջությամբ խանութ դառնա:

Նշենք, որ ավտոկայարանի շենքի աջ հատվածը մոտ 25 տարի վարձակալությամբ զբաղեցնում է նոյեմբերյանցի զոհված ազատամարտիկի ընտանիքը` ամսական վճարելով 15 հազար դրամ վարձավճար: Այս տարվա ապրիլին այդ ընտանիքին հայտնել են, որ վարձակալության ամսական վճարը կազմելու է 45 հազար դրամ: Մ. Ղամբարյանին հարցրի, թե ինչու է եռակի անգամ բարձրացել տարածքի վարձը: Նա ասաց, որ իրենց ընկերությունը 2018թվականից նոր մարդիկ են ղեկավարում, մտածողության փոփոխություն է եղել:

«Հայավտոկայարան» ընկերության վերոհիշյալ պաշտոնյաները չպատասխանեցին լրագրողիս այն հարցերին, որ եթե տարածքի վարձակալության մրցույթ չի անցկացվել, Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքը վարձակալած 2 անձինք ինչպես են ընտրվել, ոնց է որոշվել, որ նրանց առաջարկած վարձակալության պայմանները ամենահարմարն են: Նշենք, որ Նոյեմբերյանի ավտոկայարանից ներկայումս գործում են Նոյեմբերյան-Վանաձոր եւ Նոյեմբերյան-Կողբ-Բերդավան միկրոավտոբուսային երթուղիները:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս