Հարց քաղաքացիներից՝ Վրաստանի քաղաքացին ՀՀ է ներմուծել իր անձնական ավտոմեքենան 15 օր ժամկետով, կարո՞ղ է մեքենան 15 օրից ավելի գտնվել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վրաստանի քաղաքացին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Վրաստանից ՀՀ է ներմուծել իր անձնական ավտոմեքենան 15 օր ժամկետով. կարո՞ղ է արդյոք մեքենան 15 օրից ավելի գտնվել Հայաստանում: Ուզում եմ իմանալ, թե երբ պետք է այն արտահանվի:

Եփրեմ Մարկոսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եվ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» փաստաթղթի` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում եւ ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով, այդ տարածքում կարող են գտնվել ժամանակավոր, սակայն ոչ ավելի, քան մեկ տարի (հայտարարատուի գրավոր դիմումով` ժամանակավոր ներմուծման 15 օր ժամկետը կարող է մաքսային մարմնի կողմից երկարաձգվել նշված ժամկետի սահմաններում):
Իսկ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն` «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է մինչեւ ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալը ժամանակավոր ներմուծված ապրանքները օրենսգրքով նախատեսվող կարգով եւ պայմաններով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու միջոցով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձեւակերպել թույլատրվում է պայմանով, որ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը եզրափակելու նպատակով դրանց հետագա մաքսային հայտարարագրման ժամանակ հնարավոր լինի այն ապրանքների նույնականացումը, որոնք ձեւակերպվում են այդ մաքսային ընթացակարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս