Ազգային ժողովի աշխատակազմը որոշում է կայացրել ամառային արձակուրդների ժամանակ վերանորոգել 30-ից ավելի պատգամավորի աշխատասենյակ, աշխատակազմի որոշ աշխատասենյակներ, իրականացնել հին մասնաշենքի պատուհանների եւ ընդհանուր ջեռուցման համակարգի փոխարինման նախագծանախահաշվային աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ աշխատանքներն իրականացվելու են բյուջեի միջոցներով, եւ հավելյալ գումարներ ներդրելու անհրաժեշտություն չի առաջանալու: Մենք նաեւ տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը վերջին շրջանում իրականացնում էր պատգամավորների աշխատասենյակների գնահատման աշխատանքներ, եւ հենց դրանք ամփոփելուց հետո էլ ընտրվել են այն պատգամավորները, որոնց սենյակներն էլ կվերանորոգվեն:
Վերանորոգվելու են հին մասնաշենքում գտնվող ԲՀԿ եւ «Իմ քայլը» խմբակցությունների մի քանի պատգամավորների աշխատասենյակներ: Օրինակ` կվերանորոգվեն «Իմ քայլը» խմբակցությունից Վահե Հովհաննիսյանի, Սոնա Ղազարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Թագուհի Ղազարյանի, ԲՀԿ-ից` Վարդան Վարդանյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Ղուկասյանի, Գեւորգ Պետրոսյանի աշխատասենյակները: Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց նաեւ եւս մեկ փոփոխության մասին: Ըստ այդմ, ԱԺ աշխատակազմը որոշել է խստորեն պայքարել խորհրդարանի շենքում ծխելու դեմ, եւ դրա համար նոր տեսախցիկներ են տեղադրվել հենց այն վայրերում, որտեղ ավելի հաճախ են ծխում: Ընդ որում, Գալստյանը ընդգծեց, թե պայքարը վերաբերելու է նաեւ արգելված վայրերում ծխող պատգամավորներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում