Պոնչիկանոցում վարդագույն հովազ եմ աշխատել. Անահիտ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք` «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է: Նա հիշեց իր կյանքից երկու ուշագրավ դրվագ:

«Չեք հավատա, բայց ուսանողական տարիներին պոնչիկանոցում աշխատել եմ վարդագույն հովազ: 17-18 տարեկաններում շաբաթ-կիրակի օրերին էի աշխատում, օրական ստանում էի 3000 դրամ: Արդյունքում տնեցիներից գումար չէի վերցնում: 2007-2008 թվականներն էին: Այն ժամանակ շաբաթական 6000 դրամն ինձ համար մեծ գումար էր, համարժեք էր իմ ստացած գերազանցիկության թոշակին»,- պատմեց Անահիտը:

Նա ժպիտով է հիշում այդ տարիները եւ հպարտանում է, որ կարողացել է պատվով կատարել իրեն վստահված աշխատանքը. «Երբեք չեմ ամաչել, որ նման աշխատանք եմ կատարել: Ինձ համար այդ հովազն էլ էր կերպար: Ճիշտ է, ոչ ոք ինձ չէր տեսնում, ես կերպարանափոխված էի, բայց շարժվում էի, պարում, լուսանկարվում փոքրիկների հետ: Ի դեպ, դա այնքան էլ հեշտ աշխատանք չէր, որքան թվում է: Բավական տաժանակիր պահեր կային, բայց կարեւորն այն էր, որ ինձ դուր էր գալիս: Սիրով էի կատարում այն առաջադրանքները, որոնք ինձ տրվում էին»,-մեկնաբանեց Անահիտը:

Երկրորդ դրվագը, որին անդրադարձավ դերասանուհին, կատարվել է ավելի վաղ, երբ նա դեռ դպրոցական էր. «Չեք հավատա, բայց դպրոցս ոսկե մեդալով եմ ավարտել հենց միայն այն բանի համար, որ հայրս թույլ տա` ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Նա դեմ էր, որ այդ ասպարեզ մտնեմ, հարցրի` եթե ոսկե մեդալով ավարտեմ դպրոցը, արդյոք թույլ կտա, որ ընդունվեմ Թատերական ինստիտուտ, նա միանգամից թերահավատություն հայտնեց, ասաց, որ չեմ կարող ոսկե մեդալ ստանալ: Դրանից հետո ես արեցի ամեն ինչ, քննություններս գերազանց ստացա, ոսկե մեդալը բերեցի, դրեցի սեղանին, հայրս այլեւս չկարողացավ առարկել»,-եզրափակեց Անահիտը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս