ՖՈՏՈ. Մենք բավարար քանակությամբ և´ զենք, և´ զինամթերք ենք ունեցել. Թալիշի դիրքերում վիրավորված զինծառայողի հուշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը, շարունակելով Ապրիլյան պատերազմը հետաքննող շարքը, այս անգամ զրուցել է ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Համբարձումովի հետ :

2016 թ. ապրիլի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով պայմանագրային զինծառայող, խաղաղապահ, ավագ սերժանտ Դավիթ Համբարձումովը ստացել է գլխուղեղի ծանր հրազենային վնասվածք, ունի աջակողմյան թուլություն:

Նշենք, որ Դավիթն ամուսնացած է, ունի երկու երեխա: Վերջինս առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 97 հազար դրամ հաշմանդամության կենսաթոշակ:

-Դավի´թ, ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է սկսվել: Ձեր մտքով առաջինն ի՞նչ անցավ: 

– Զորամասում մեր սովորական ծառայությունն էինք անցկացնում, ինչպես զինվորական կարգն է պահանջում մեր հրամանատարից իմացանք, որ պատերազմ է սկսվել: Չեմ կարող հիշել, թե ինչ անցավ առաջինը մտքովս:

–Ի՞նչ զգացողություններ կային այդ ժամանակ: Ձեր բարձրանալուց հետո ի՞նչ էր կատարվում դիրքերում: 

-Չեմ կարող հիշել, թե երեք տարի առաջ ինչ զգացողություններ ունեցա: Միայն հիշում եմ, որ բոլորս էլ տրամադրված էինք, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը: Գիտեմ, որ այդ զգացողությունը բոլորի մոտ կար:

–Այդ պահին բավարար քանակությամբ զինամթերք ունեի՞ք Ձեզ մոտ: 

-Այո, մենք բավարար քանակությամբ և’ զենք, և’ զինամթերք ունեցել ենք:

-Առաջինն ո՞վ է Ձեզ օգնության հասել:

-Առաջինն օգնության են հասել ընկերներս ու հրամանատարս:

-Որքա՞ն ժամանակ պահանջվեց, մինչև Ձեզ օգնության հասան:

– Ճիշտն ասած ես չեմ հիշում, չեմ կարող ասել, թե այդ պահին ինչ է եղել, բայց անմիջապես կողքիս եղել են մարդիկ,  ովքեր առաջին բուժօգնություն ցուցաբերել են: Վնասվածք ստանալուց հետո տեղափոխել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ, Ստեփանակերտ, ապա վիճակս կայունանալուց հետո տեղափոխել են Երևանի զինվորական հոսպիտալ:

–Երկու տարիների ընթացքում եղե՞լ են այնպիսի պահեր, որ մտածել եք` ամեն ինչ նորից նույն ուժգնությամբ կսկսվի:  

-Անկեղծ ասած, երբեք չեմ ցանկանա, որ նորից պատերազմ սկսվի, մանավանդ, որ վնասվածքիս պատճառով ոչնչով չեմ կարող օգնել:

Ինչպես հայտնի է,  Ազգային ժողովում ստեղծվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով: Ձեր կարծիքով, արդյոք դրա անհրաժեշտությունը կար, և ի՞նչ նոր բացահայտումներ կարող է անել հանձնաժողովը:

– Ես կարծում եմ, որ դա իրենց աշխատանքն է: Ինձ հետաքրքիր է, թե սահմանում իրավիճակն ինչպիսին է:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը 

 




Լրահոս