Beeline-ի աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Տվյալագիտության ամառային դպրոց 2019»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց՝ Տվյալագիտության ամառային դպրոց: Այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով:

Ամառային դպրոցին գրանցվել են տարբեր ոլորտները ներկայացնող 70-ից ավելի մասնակիցներ: Նրանց թվում կան ուսանողներ և աշխատող մասնագետներ Հայաստանից և արտերկրից: Ամառային դպրոցում դասավանդելու են շուրջ երկու տասնյակ տեղացի և միջազգային առաջատար մասնագետներ:

Տվյալագիտության ամառային դպրոցի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՀ Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի և միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում: Մենք հպարտ ենք լինելու այն կրթական հաստատությունը, որը տեսել է ոլորտում պահանջարկն ու երկրի ներուժը և ստանձնել՝ լրացնելու այդ պակասը»:

«Տվյալագիտությունն ու նմանատիպ ժամանակակից ուղղությունները չափազանց հեռանկարային են ու պահանջված, իսկ մենք որպես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գործատու լավ գիտենք որակյալ կադրերի կարևորությունը: Մենք ուրախ ենք ներդրում ունենալ մեր երիտասարդների մասնագիտական կրթության մեջ, որպեսզի նրանք իրենց հերթին դրական ազդեցություն ունենան մեր երկրի զարգացման հարցում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև WebbFontaine-ի գործառությունների տնօրեն Սերոբ Սերոբը, ով ընդգծեց տվյալագիտության ոլորտի մասնագետների մեծ պահանջարկը:

Դասընթացներն անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները և ստանալու են տվյալագիտության ոլորտի արդիական այլ գիտելիքներ:




Լրահոս