«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը փորձասենյակ չունի այն բանից հետո, ինչ այս տարվա հունվարին փլուզվեց Արամի 23 հասցեում գտնվող, երգչախմբին պատկանող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը: Տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական կազմակերպության գործողությունների վտանգի մասին երգչախմբի հիմնադիր ղեկավար, դիրիժոր Տիգրան Հեքեքյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է:
Եվ չնայած Երեւանի քաղաքապետարանի, Մշակույթի նախարարության արտահայտած մտահոգություններին եւ խոստումներին առ այն, որ շենքը պետք է արագ վերականգնվի, մինչ օրս այդ ուղղությամբ որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել:
Նախորդ տարեվերջին, կառավարության որոշմամբ, այդ տարածքը պետական գերակա շահ ճանաչվեց: Տիգրան Հեքեքյանն այդ հարցով դիմեց դատարան` վիճարկելու կառավարության որոշումը:
-Պարո՛ն Հեքեքյան, ի՞նչ արդյունք տվեց Ձեր դիմումը դատարան: Ինչո՞ւ մինչեւ այժմ շենքի վերականգնման հարցը չի լուծվում:
-Նախ ասեմ, որ շենքը սկսել է խարխլվել նախորդ տարվա հունիսի վերջից, երբ բանը հասավ արդեն այն շերտերին, որոնք վտանգավոր են կառույցի անվտանգության համար: Մոտ 8 ամիս է`«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մեծերի խումբը պարապուրդի է մատնված, իսկ փոքրերի խումբը ժամանակավոր տեղափոխվել է Պուշկինի անվան դպրոց: Պարապուրդի մատնվելը շատ ծանր հետք է թողնում երգչախմբի որակական հատկանիշների վրա: Դա դեռ հետո է զգանցվելու, երբ սերնդափոխության հարցում խնդիրներ կունենանք:
Ապրիլին, երբ ակնհայտ էր, որ այլեւս հնար չկա, որոշվեց, որ մեզ տրամադրվում է մի տարածք պարապմունքներ անցկացնելու համար, քաղաքապետարանն էլ հատկացնում է գումարը: Ապրիլ ամսվա գումարը տվեցին, մայիս-հունիս ամիսների գումարը` ոչ. չենք կարողանում հասկանալ, թե ինչու: Ամեն անգամ դիմում ենք փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, նա էլ շատ նեղսրտում է այդ իրավիճակի համար, խոստանում է, որ կհետաքրքրվի խնդրով: Քաղաքապետարանն ուզում է պայամանագրում նշել, որ պատրաստ է գումար տրամադրել մինչեւ տարեվերջ, իսկ ես ասում եմ` ոչ, պետք է տրամադրել այնքան ժամանակ, մինչեւ կվերադառնանք մեր նախկին տարածք: Հենց այս կետում մենք չենք գալիս ընդհանուր հայտարարի, իրենք մեզ հետ պայմանագիր չեն կնքում: Ստացվում է` գումարը պետք է անընդհատ ողորմության նման խնդրենք: Արդեն տհաճ է:
-Իսկ Մշակույթի նախարարության դիրքորոշումն ինչպիսի՞ն է:
-Նախարարությունն այս պարագայում անելիք չունի, որովհետեւ արդեն կար հանձնարարություն` գտնել տարածք, վճարել այդ տարածքի համար: Տարածքը գտնվեց, վճարողը չի վճարում, բացատրեցի, թե ինչու:
-Դեռեւս ամիսներ առաջ` փլուզումից հետո, Ձեր կողմից հրավիրվել էին իտալացի մասնագետներ: Ի՞նչ ընթացք ստացավ նրանց գործունեությունը:
-Մենք գտանք Իտալիայից մասնագետներ, որոնք եկան, ցավ ապրեցին շենքի վիճակի առնչությամբ, զարմացան, թե ինչպես է նման իրավիճակ ստեղծվել, եւ պատրաստակամություն հայտնեցին, ինչպես իրենք են ասում, երեւանյան գումարներով նախագիծ մշակել: Այդ նախագիծը կազմվեց շատ մատչելի գումարով` 7 միլիոն դրամով, եւ ներկայացվեց Երեւանի քաղաքապետարանին եւ Մշակույթի նախարարությանը: Կնքվեց հնգակողմ ստորագրված պայմանագիր:
Մարտի 20-ին նախագիծը ներկայացվեց քաղաքապետարան` հաստատման` հետեւյալ պայմանով. եթե աշխատանքները չմեկնարկեն մեկ-երկու շաբաթվա ընթացքում, նախագիծը կհամարվի անհիմն: Մարտի 20-ից երկու ամիս անց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ ստորագրել է էսքիզը,բայց մենք էսքիզ չենք ներկայացրել, մենք ներկայացրել ենք նախագիծ: Մեր եւ իտալացիների մի շարք նամակներից հետո մի ամիս ու կես ուշացումով գրեցին, որ փաստաթուղթ պետք է լրացնենք:
Մենք շատ արագ կատարեցինք պահանջը եւ ներկայացրեցինք քաղաքապետարան: Դրանից ավելի քան մեկ ամիս է անցել, էլի որեւէ հաստատում առկա չէ: Արդյունքում ոչ միայն աշխատանքն ընթացք չի ստացել, այլեւ իտալական կողմը խիստ վիրավորվել է:
Նրանք նույնիսկ մտածում էին դատարան դիմել, ասում էին` աշխատանքն արել ենք, ո՛չ գումար եք հատկացնում, ո՛չ էլ մերժում եք: Գիտե՞ք, եթե նրանք դատարան դիմեն, հաստատ շահելու են դատը: Ի՞նչ է ստացվում. կարծես մեր տան կեղտը հանեցինք դուրս: Երբ պատը փլուզվեց, Մեսչյանն ասաց` սա դանդաղկոտության հետեւանք է, հիմա ի՞նչն է քաղաքապետարանին խանգարում թույլտվություն տալու հարցում: Այս երեք ամսվա ընթացքում ինչո՞վ են զբաղված պետական այրերը: Սա է իմ հարցը, եւ ես ակնկալում եմ շուտափույթ պատասխան:
Աննա Բաբաջանյան