Մենք հարուստներին չենք օգնում, մենք բիզնեսմեններին ենք օգնում. Բաբկեն Թունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն է:

-Պարո՛ն Թունյան, խորհրդարանն արդեն ընդունել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների փաթեթը, որը, ըստ ընդդիմադիրների, հասարակության կյանքում որեւէ փոփոխություն չի բերելու: Ավելին, կարծիք կա, որ փոփոխությունը կոսմետիկ բնույթ է կրում, իրական փոփոխություն չկա: Ինչո՞ւ Ձեր ղեկավարած հանձնաժողովը չգնաց իրատեսական փոփոխության:

-Ընդդիմության հիմնական ասածը վերաբերում է համահարթեցմանը: Բայց նախ նշեմ, որ կատարվել են շատ պարզեցումներ, սահմանվել է 24 միլիոն դրամ միկրոբիզնեսի շեմ, որը հենց կոնկրետ փոքր ընկերությունների համար, որովհետեւ միայն մարդիկ վարձու աշխատողներ չեն, մարդիկ կան, որ ինքնազբաղված, են սեփական բիզնեսներ ունեն: Բարձրացվել է շրջանառության հարկի շեմը, կատարվել են մեծ թվով պարզեցումներ հանրային սննդի ոլորտում, հյուրանոցային ծառայությունների ոլորտում, մեքենաների առեւտրով զբաղվողների համար:

Այսինքն` նման բազում փոփոխություններ կան, որոնք մարդկանց կյանքը հեշտացնում են, դա ուղիղ ազդեցություն է ամբողջ հասարակության վրա: Ինչ վերաբերում է համահարթեցմանը, ապա քննադատում են, թե դուք օգնում եք հարուստներին` աղքատների հաշվին:

-Բայց իրականում այդպես է ստացվում. ըստ նոր փոփոխությունների` հարկման շեմը նվազեցրել եք բարձր գումար վաստակողների համար, նույն շեմը պահպանել եք ցածր աշխատավարձ ստացողների համար է: Ինչո՞ւ:

-Համահարթեցումը հարուստներին օգնելը չի, նպատակը բիզնեսի ծախսերը թեթեւացնելն է, այսինքն` հարկը վճարում է գործատուն, ոչ թե աշխատողը, ու եթե դու այդ հարկը նվազեցնում ես, այդ գործատուի համար ծախսերը նվազում են, իսկ իր արտադրանքը դառնում է ավելի մրցունակ: Այսինքն` արված փոփոխությունը արվել է ոչ թե մարդկանց եկամուտները ավելացնելու համար, այլ բիզնեսին ավելի մրցունակ դարձնելու համար:

Իսկ եթե բիզնեսը մրցունակ է դառնում, ապա դրա հետեւանքով տարբեր խողովակներով ազդում է բոլորի վրա: Եթե բիզնեսը աճեց, ապա իր աշխատողների աշխատավարձներն էլ են ավելանալու, աշխատողների թիվն էլ է ավելանալու, այդ բիզնեսը ավելի շատ հարկ է մուծելու, ու դա գնալու է անապահով խավին: Եթե ասում են` այս մեկին աճեց, մյուսինը չաճեց, ապա դա ամենապրիմիտիվ մոտեցումն է: Հաջորդ երեք տարիներին նվազելու է նաեւ ցածր ստացողների աշխատավարձը: Համահարթին զուգահեռ մենք նաեւ փաթեթից դուրս նվազագույն աշխատավարձն ենք բարձրացնում: Այսպես շատ էֆեկտներ կարելի է թվարկել: Կրկնում եմ` մենք հարուստներին չենք օգնում, մենք բիզնեսմեններին ենք օգնում:

-Տնտեսգետների կարծիքով` այն փոփոխությունները, որոնք կատարել եք օրենսգրքում, ամենավատ տարբերակն էր, որ կարող էիք իրականացնել: Նշվում է նաեւ, որ անգամ քննարկումներ չեն արել իրենց դիրքորոշումը լսելու համար:

-Մենք Աժ-ում հանրային լսումներ ենք արել, որ հրավերը բաց տեղադրվել է, 100-ից ավելի մասնակիցներն են եկել մասնակցել քննարկումներին: Հանրային լսումներից բացի արել ենք մասնագիտական քննարկումներ, արել ենք առանձին հանդիպումներ տարբեր շահառու խմբերի հետ: Մարտին փաթեթը եկել է Աժ, ու մենք այդ ամիսների ընթացքում քննարկումներ ենք ունեցել ու բոլորի առաջարկները, եթե անգամ դրանք չեն ընդունվել, պատշաճ հիմնավորում է տրվել, թե ինչի համար դրանք չեն ընդունվել: Հիմա, որ ասում եք, թե ինչու փոքրերին էլ չեք անում, էլի եմ ասում` այդ ամենը պետք է անել կոմպլեքսի մեջ:

Իսկ ովքե՞ր են ՀՀ-ում հարուստները. եթե մենք հարուստ մարդկանց նույնացնում ենք այդ 1000-1200 հոգու հետ, որոնք գրանցված բարձր աշխատավարձ են ստանում, դա ուղղակի մոլորություն է, որովհետեւ Հայաստանում իրական հարուստները այդ մարդիկ չեն. իրական հարուստների եկամուտները ոչ մի տեղ չի երեւում: Այդ իրական հարուստները կարող է իրենց վարձով տրված տարածքներից են եկամուտ ստանում, իրենց շահաբաժիններից են ստանում, ու իրենք այսօր հարկվում են շատ ավելի ցածր: Եթե ասում են` արդար չի, ապա նախկինում եղածը արդար չէր, մենք ասում ենք` ՀՀ-ում եկամտային հարկը տրամաբանությունից շեղված է:

Հասարակությունն իր առօրյայում արդեն պետք է զգա, որ արդեն որոշ էական փոփոխություններ կատարվել են: Լավ չի, երբ հայտարարում են, թե մեր հարկը չի նվազում, բայց ուրիշինը նվազում է, իսկ ուրիշի նվազումով ազդելու է բոլորի կենսամակարդակի վրա: Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր տնտեսությունը աճի, մենք չպետք է մոռանանք, որ մենք ունենք հարեւան երկիր, օրինակ` Վրաստան, ու եթե մեզ մոտ բիզնեսի համար հարկային օրենսդրությունը ավելի վատն է, քան Վրաստանինը, ապա այդ բիզնեսը գնալու է Վրաստան: Հիմա դրանից ո՞վ է շահում:Դրա համար ամեն ինչին պետք չի մակերեսորեն վերաբերվել. ցանկության դեպքում պետք է կոմպլեքսի մեջ դիտարկել ու հասկանալ` օգուտներն են շատ, թե վնասները:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Ի՞նչ փուլում է հեղափոխությունը, կարելի՞ է համարել, որ իշխանությունը տնտեսությունում հասել է հեղափոխության:

-Ես տնտեսական հեղափոխություն հասկանում եմ տնտեսության տրամաբանության նպատակների ու տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Մենք չպետք է ընկնենք ցուցանիշի հետեւից, այլ այդ աճը այնպիսին լինի, որ առողջ ճյուղերի վրա հենված լինի, իսկ երկրորդն էլ` այնպես լինի, որ այդ աճին մասնակցեն ոչ թե մեկ-երկու խոշոր ընկերություն, այլ բոլորն էլ օգտվեն: Իսկ դրա համար պետք է հավասար հնարավորություններ ապահովել, որ փոքրերն է՛լ, մեծն է՛լ խնդիր չունենա որեւէ շուկա մտնելու:

Մենք կարող ենք ասել, որ տնտեսական հեղափոխությունը սկսվել է, բայց այն մեկնարկային փուլում է, մենք դեռ լիքը անելիքներ ունենք, անհրաժեշտություն ունենք արագությունը կտրուկ ավելացնելու: Իմ կարծիքով` մեզ շատ արագ գործել է պետք: Տնտեսական հեղափոխություն նշանակում է իշխանությունների, հասարակության, բիզնեսմենի փոխադարձ վստահության աճ, որի համար ժամանակ է պետք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս