Ռուսաստանից այս տարեսկզբին մարդասիրական օգնություն չի եկել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով նվազում են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին,որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 18 մլն 830 հազար 800 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 31 մլն 674 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Իսկ ո՞ր երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. Նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 1 մլն 392 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 2800 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-ապրիլին Հայաստան եկել է 458 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա չորս ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 9 մլն 702 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել:

Իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 147 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել,այն էլ`Ուկրաինայից: Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել`2 մլն 439 հազար դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է:

Սակայն Ռուսաստանից այս տարվա հունվար-ապրիլին որեւէ մարդասիրական օգնություն չի եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում եւս Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնություն չի եկել: Անցած տարվա ողջ ընթացքում Ռուսաստանից Հայաստան 542 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացվել։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում զգալի նվազել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-ապրիլին Հայաստան Չինաստանից եկել է 2 մլն 974 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 689 հազար դոլար: Նկատենք նաեւ, որ Չեխիայից նախորդ տարվա չորս ամիսներին Հայաստան ստացվել է 61 հազար դոլարի մարդասիրական օգնություն, իսկ այս տարի`0:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս