Անառողջ մթնոլորտ. հակակարկտակայան արտադրողը խոչընդոտների առաջ է կանգնած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին շրջանում ակտիվ քննարկվում են կարկտի դեմ հրթիռային կայաններով պայքարելու միջոցները, սակայն մասնագետների համոզմամբ` հրթիռային կայանները ոչ միայն արգելված են, այլեւ անարդյունավետ: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է «Զենիթ» ապրանքանիշով հայտնի հակակարկտային կայաններ արտադրող «Բարվա» ինովացիոն կենտրոնի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, կոնկրետ ովքե՞ր եւ ինչո՞ւ են հրաժարվում օգտվել «Զենիթ» ապրանքանիշով հայտնի հակակարկտային կայաններից: Ինչո՞ւ են որոշ գյուղապետեր պահանջում տեղադրել հրթիռային կայաններ:

-Այդ ոլորտը տարիներ շարունակ կուռացիա է անում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, մասնավորապես` հիդրոմետ ծառայությունը, որտեղ ընտանեկան մի խմբավորում կար խորհրդային տարիներից, նախկինում հայրն էր աշխատում, երկու տղաների եւ հարսի հետ համակարգում էին այդ աշխատանքները: Ինչ-որ փոխկապակցված ընկերություններ ունեին, մրցույթներ էին հայտարարում, իրենք էլ հաղթում էին, բարձր գներ եւ այլն: Բայց վերջին փոփոխություններից հետո մենք անընդհատ բարձրաձայնեցինք մեր խնդիրների մասին, որ անառողջ մթնոլորտ է:

-Անուններ կնշե՞ք:

-Դե, խոսքը Հովսեփյանների մասին է: Այս փոփոխություններից հետո մի շատ կարճ ժամանակ նույնիսկ հիդրոմետ ծառայության տնօրեն նշանակվեց (նկատի ունի Սուրեն Հովսեփյանին, որն այժմ ազատվել է աշխատանքից), բայց Հովսեփյան եղբայրներից մեկն է մնացել: Այնքան շատ են, որ հանում, հանում են, չի վերջանում:

Թշնամական վիճակը, անառողջ մթնոլորտը մի կողմ դնենք, այդ հրթիռները անհասկանալի ինչ-որ երեւույթ են, որոնք պիլոտային ծրագրով Հայաստան բերվեց, մոտ 100 մլն դրամ արժեքի: Ու բերելուց քիչ անց հայտարարվեց, որ խափանումներով է աշխատում, ռուս մասնագետները կգան, կկարգավորեն, հետո այդպես էլ չիմացանք` ի վերջո եկան կարգավորեցին, թե ոչ: Հիմա էլ ինչ-որ հրթիռներն են վերջացել, մատակարարման խնդիր կա: Ընդ որում, այս խնդիրն առկա է բոլոր այն երկրներում, որտեղ մասամբ դեռեւս ինչ-որ չափով օգտագործում են այս մեթոդը: Այն ԵՄ-ում արգելված է, որովհետեւ չկառավարվող հրթիռներ են, կարող են ընկնել մարդկանց տների վրա:

-Պարո՛ն Վարդանյան, Ձեր նշած 100 մլն դրամի հրթիռային կայաններից քանի՞ հատ է բերվել Հայաստան եւ ո՞ր մարզում է տեղադրվել:

-Բերվել է 3 հատ արձակիչ կայաններից, որոնցից մեկը տեղադրված է Արմավիր մարզի Ակնալիճ համայնքում, մեկը` Արագածոտնի մարզի Ոսկեվազում եւ Արտաշավանում: Ընդ որում` Այգեվան գյուղ կա, որտեղ, իմ տեղեկություններով, վերջերս ուժգին կարկտահարություն է տեղի ունեցել, մեր կայաններից այդ տարածքում ընդհանրապես չկա, փորձել են այդ մնացած հրթիռներով ներազդել, բայց չի ստացվել, օգուտ չի տվել:

-Իսկ Ձեր ընկերության կայաններից որտե՞ղ կա տեղադրված եւ դրանց էֆեկտիվությունը քանի՞ տոկոս է կազմում:

-Վերջին տասնամյակում արտադրված է մոտ 600 միավոր: Մենք, չնայած ներքին շուկայում առկա խնդիրներին, արտահանում ենք մասնավորի հետ, թե՛ դրսում, թե՛ ներսում հաջողությամբ աշխատում ենք: Առկա են համապատասխան դրական կարծիքները: Հիմա այս տարի էլ համայնքներ կան, որոնք ունեն կայաններ, բայց դրանց ձեռքբերման նպատակով դիմել են սուբվենցիոն ծրագրերի համար: Այսինքն` գումարի 50 տոկոսը պետք է համայնքը ներդնի, իսկ մյուս 50 տոկոսը` պետությունը, բայց ինչ-որ անհասկանլի պատճառներով դա արգելակված է: Դեռ պետք է նոր հեծանիվ հորինվի, եզրակացություն լինի դրանց էֆեկտիվության վերաբերյալ: Եւ այնքան ձգվեց, մինչեւ կարկուտն եկավ, վնասներ հասցրեց այդ համայնքներին, որոնք ուզում էին դնել կայանները: Հիմա նման փաստի առաջ ենք կանգնած:

-Ձեր նշած «արգելակման» պատճառը Արտակարգ իրավիճակների նախարարությո՞ւնն է:

-Այո, ես այդպես եմ հասկացել, համենայնդեպս ինֆորմացիան այդպես է տրվում: Ինչու է այդպես լինում` չգիտեմ:

-Կնշեք, թե որ երկիր եք արտահանում:

-Արտահանել ենք Ուկրաինա, Իրան, Վրաստան, Ռուսաստան: Արտահանել ենք նույնիսկ Թուրքիա, տարանցիկ ճանապարհով` Վրաստանով: Բոլոր երկրներից դրական կարծիքներ կան: Հենց հիմա արտահանում ենք Մարոկկո, բոլորը, ճիշտ է, զարմանում են, թե ինչու է իրենց հակակարկտային կայան պետք, բայց մարդիկ գնել են, ունեն նման խնդիր: Մասնավորը գոհ է: Ի՞նչ է, օդի համար են փող ծախսում: Անիմաստ ծախսեր են անում:

-Պարո՛ն Վարդանյան, Ձեր կողմից բարձրացված խնդիրների շուրջ դիմե՞լ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:

-Մենք, ճիշտն ասած, բազմաթիվ անգամ դիմել ենք: ԱԻ նոր ղեկավարության հետ բացարձակ խնդիր չունենք, բայց մասնագիտական ոլորտ է, եւ հարցը գնում հասնում է իմ նշած մարդկանց մոտ, բայց, միեւնույնն է, վերջում կարծիք ձեւավորողները շարունակում են նրանք մնալ: Ոչ ոք չի խորանում խնդրի մեջ:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ դիմեց ՀՀ արտակարգ իրավիճակնրի նախարարություն, որտեղից մեզ հորդորեցին հարցերը գրավոր ուղարկել:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս