«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արթուր Իսպիրյանն է: Նա անդրադարձել է իր թուլությանը, նշել, թե ինչպիսին է սիրո հարցում, խոստովանել, թե որն է իր բնավորության անտանելի գիծը:
-Պարո՛ն Իսպիրյան, երգարվեստից ո՞վ է մեծ ազդեցություն ունեցել Ձեզ վրա:
-Մարտին Վարդազարյան, Ստեփան Շաքարյան, Արտեմի Այվազյան, Առնո Բաբաջանյան, արտասահմանցիներից Սթիվի Ուանդեր, Քուինսի Ջոնս, Հերբի Հենքոք, Մարվին Գեյ: Հիմա, քանի որ թվայնացնում եմ մեր մեծերի գործերը, սիրահարված եմ Խաչատուր Ավետիսյանին, Ալեքսանդր Աճեմյանին, Կոնստանտին Օրբելյանին:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Հաճախ սիրահարվողներից չեմ: Միասեր եմ: Հիմա էլ սիրահարված եմ. գիտե՞ք` ում, իհարկե, իմ կնոջը:-
-Առանց ափսոսալու գումար եք ծախսում…
-Երեխաներիս կրթության, սպորտի եւ ճամփորդելու համար:
-Կցանկանայիք տիրապետել…
-Բաս-կիթառի: Մեկ տարի առաջ փորձեցի վերցնել ձեռքս, բայց այդպես էլ չստացվեց նվագել:
-Մականուն ունեցե՞լ եք:
-Այո, ժամանակին ազգանվանս սկզբնատառերով էին ինձ դիմում՝ Իսպիր:
-Ձեզ երբեք հավատ չեն ներշնչել այն մարդիկ, որոնք…
-Կեղծավոր են: Շատ ազգերի մարդկանց հետ եմ շփվել եւ տարիների ընթացքում մի հատկություն եմ ձեռք բերել` հեռվից զգում եմ, ռենտգեն եմ անում մարդուն, նրա տեսակը:
-Եղե՞լ է այնպես, որ մասնագիտականը խանգարի անձնականին:
-Բախտի բերմամբ կինս սիրում է այն գործը, որն անում եմ, սիրում է իմ երգերը: Դեռ ամուսնությունից առաջ նա պատրաստ էր մինչեւ ձայնագրության ավարտը կողքիս լինել: Այնքան մնաց կողքիս, որ 2007-ին նույնիսկ դուետ ձայնագրեցինք:
-Ձեր բնավորության անտանելի գիծը:
-Երեւի այն, որ այսօրվա գործը թողնում եմ վաղվան: Իհարկե, վերջիվերջո գործն անում եմ փայլուն, բայց, միեւնույնն է, կուտակում եմ ամբողջն իրար գլխի: Տան կենցաղային գործերն էլ եմ կուտակում, այդ պատճառով շաբաթ-կիրակի օրերին ոչ թե հանգստանում եմ, այլ այդ գործերն եմ գլուխ բերում:
-Ի՞նչ է ամուսնությունը:
-Մինչեւ ամուսնանալը չէի պատկերացնում, թե դա ինչ մեծ պատասխանատվություն է: Չի կարելի իմիջիայլոց վերաբերվել դրան: Հիմա ես աշխատում եմ կնոջս, երեխաներիս տալ մաքսիմալը, նրանց ոչ մի բանից զուրկ չպահել: Ես եւ կինս ամենածանր պահերին իրավիճակը բալանսի ենք բերում, ես` իմ փորձով, ինքը` բարությամբ:
-Ինչի՞ հանդեպ թուլություն ունեք:
-Լավ երաժշտության: Հին ձայնապնակների հսկա հավաքածու ունեմ: Սիրում եմ նաեւ երաժշտական տեխնիկա հավաքել: Երբ մեկնում եմ արտերկիր, անպայման որեւէ ձայնապնակ եմ բերում, իսկ եթե չի ստացվում մեկնել, չեմ դիմանում, պատվիրում եմ:
-Ներկայիս ներքաղաքական կյանքը ինչպե՞ս կբնութագրեք:
-Արտակարգ: Գնալով մեր կյանքն ավելի լուսավոր, պայծառ է դառնում, ամեն բան կարգավորվում է: Երկար տարիների խնդիրները հեղափոխությունից հետո կամաց-կամաց լուծվում են: Ինձ զարմացնում է մեր կառավարության եռանդը, այն, թե ինչպես կարողացան մեկ տարվա ընթացքում այսքան լավ գործեր անել, այսքան լավատեսություն փոխանցել:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում:
-Ես դա համարում եմ այն շրջանը, երբ ընտանիքով մեկնեցինք ԱՄՆ ապրելու: 1990-ին գնացինք: Այդ ժամանակ չէի զբաղվում իմ սիրելի մասնագիտությամբ: Երաժիշտ ընկերներիս հետ գնացի, ու ամերիկյան կյանքը ճահիճի պես քաշեց: Թեպետ շատ բան սովորեցի, տեսա, ճամփորդեցի, բայց կցանկանայի այդ տարիներին ծնողներիս կողքին լինել: Պարզապես բոլորը համատարած գնում էին, ես էլ հայտնվեցի այդ ալիքի մեջ:
-Ինչպե՞ս հանդուրժել հիմարներին:
-Դե, հանդուրժում եմ էլի: Շրջապատիս էլ զսպում եմ, որ կողքիս մարդիկ էլ հանդուրժեն: Կարծում եմ` գլխի ընկնում եք, թե ինչ նկատի ունեմ: Ես երբեք որեւէ վիրավորանք կուլ չեմ տվել, բայց, հանուն թավշա հեղափոխության, հանդուրժում եմ ամեն ինչ: Ուղղակի ասեմ, որ ես նաեւ հիշաչար եմ, երբեք չեմ մոռանում ոչ մի վիրավորանք, եւ վիրավորողները վաղ թե ուշ պատասխան են տալու:
-Եվ վերջում` ի՞նչն է Ձեզ երջանիկ դարձնում:
-Արդեն մեկ տարի է` ես եւ ընտանիքս երջանիկ ենք, քանի որ մեր երկիրը գնում է մեր երազած ճանապարհով:
Աննա Բաբաջանյան