Օշականի հնգաթռիչք կամրջի մոտ տեղադրված լողավազանը կապամոնտաժվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին:

Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մամուլի քարտուղար Մարինե Ավանեսյանը:

«Սոցիալական ցանցում տարածված լուսանկարի առչնությամբ տեղեկացնում եմ գործընկերներիս, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին»,- գրել է նա:

Մարինե Ավանեսյանի գրառման մեկնաբանություններում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը ներկայացրել է նախարարության պարզաբանումը.

««Օշականի կամուրջ» պատմամշակութային հուշարձանի տարածքում ջրավազանի տեղադրման հետ կապված՝ այն ապամոնտաժելու և հուշարձանը նախկին տեսքի բերելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հունիսի 26-ի N 03/14.2/11444-19 գրությամբ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Վերջինս տեղեկացրել է, որ լողավազանը ապամոնտաժելու վերաբերյալ խնդրանքով դիմել է ՀՀ Արագածոտնի մարզպետին, ինչպես նաև այն տեղադրողներից պահանջել է սեղմ ժամկետում լողավազանը դուրս բերել կամուրջի տարածքից»,- ասված է պարզաբանման մեջ:

Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Օշական համայնքի ղեկավարին հանձնարարվել է վերացնել ժամանակավոր լողավազանը: Լողավազանն ապամոնտաժելու համար վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը:




Լրահոս