«Մեր օրակարգում են Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգեւորիչ է», – դեռեւս մայիսի 9-ին այսպիսի հայտարարություն էր արել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրա հայտարարությունից եւ ընթացող գործընթացների շուրջ կրքերը չեն հանդարտում:
Նախ նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելմանը եւ դրա դեմ պայքարին: Այս նախագծում կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելիության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին եւ այլն: Եվ այժմյան իշխանությունների ընդդիմախոսները պնդում են, թե հենցնոր իշխանություններն են ցանկանում այդ կոնվենցիան անցկացնել եւ լայն թափով լծված են այն առաջիկայում խորհրդարանում վավերացնելուն:
Եվ մինչ բոլորը սլաքներն ուղղում են նոր իշխանությունների ուղղությամբ եւ նրանց մեղադրում հակասահմանադրական եւ հայերին ոչ հարիր կոնվենցիա ընդունելու համար, նկատենք, որ Հայաստանը կոնվենցիան ստորագրել է ՀՀԿ-ի օրոք` 2018 թվականի հունվարի 18-ին,եւ ներկայիս իշխանությունների համար այն վավերացնելը միջազգային պարտավորություն է, որը ժառանգել է նախորդ իշխանությունից։ Ընդ որում, Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներից այս կոնվենցիան չեն ստորագրել միայն 2-ը՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, իսկչի վավերացրել 11 երկիր՝ Չեխիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Մոլդովա, Ուկրաինա եւ այլն:
Սակայն այս կոնվենցիայի հետ կապված բավականին ուշագրավ հանգամանքներ կան: Օրինակ` 2018 թվականին, Եվրամիության երեք անդամ երկրները` Բուլղարիան, Սլովակիան եւ Լատվիան, հրաժարվել էին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից եւ դրա հետ կապված միանման ձեւակերպում ներկայացրել առ այն, որ կոնվենցիայի «երրորդ սեռ» հասկացությունն անհանգստացնում է փաստաթղթում արտացոլված իրկետերով, եւ դրանով սպառնալիքի տակ է դրվում ավանդական ընտանիքը` որպես տղամարդու եւ կնոջմիություն։
Այլ հետաքրքիր հանգամանքներ եւս առկա են, օրինակ` Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի Սահմանադրական դատարանը նախորդ տարի որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը: Եվ նրանք,ըստ էության, գտել են, որ Ստամբուլյան կոնվենցիան տղամարդ եւ կին կենսաբանական սեռերից տարբերվող սոցիալական նորսեռ է սահմանում: Իսկ, օրինակ, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ եթե միջազգային պայմանագրերում կան նորմեր, որոնք հակասում են Սահմանադրությանը, ապա վավերացման դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Եվ չնայած հասարակութան տարբեր շերտերում առկա դժգոհություններին` նախօրեին` Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մեկ անգամ եւս ընդգծել է իրենց պատրաստակամությունը Ստամբուլի կոնվենցիայի վավերացման շուրջ: «Առաջիկայում մենք շատ կարեւոր անելիքներ ունենք: Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ Գենդերային ռազմավարության, Կառավարության հնգամյա ծրագրի, եւ այս համատեքստում հատկապես կարեւոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը: Մեր օրակարգում են Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, ինչը շատ ոգեւորիչ է», – նշել էր նա:
Նկատենք, որ Կոնվենցիան առաջին միջազգային պայմանագիրն է, որը սահմանում է սեռերը: Բացի այդ, կոնվենցիայում առկա է «զուգընկեր» հասկացությունը, իսկ ԵԽ անդամ պետությունների ընդունած օրենքներում զուգընկեր հասկացությունը վերաբերում է նաեւ միասեռական զույգերին: Ի թիվս բազմաթիվ վտանգների` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պարտադրում է ընդունել խտրականության մասին օրենք: Եթե, օրինակ, ԼԳԲՏ-ներին տնօրենը չընդունի դպրոցում աշխատելու, նա կարող է ենթարկվել պատասխանատվության, իսկ խտրականության մասին օրենքի ընդունման դեպքում լգբտ-ներն իրավունք կունենան զբաղվելու այլասերության քարոզով՝ մտնելով ընդհուպ մինչեւ դպրոցներ ու մանկապարտեզներ:
Եվ այստեղ ընդգծենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակները կոչ են արել Հայաստանի իշխանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ԼԳԲՏԻ հանրույթի անվտանգությունը եւ խտրականությունից ազատությունն ապահովելու համար։ ԵԽԽՎ կայքում հրապարակվել է գրավոր հռչակագիր՝ ստորագրված տարբեր երկրների 20 պատվիրակների կողմից։
Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարի` Հայաստանի մասին վերջին զեկույցում ասվում է, որ ԼԳԲՏԻ վիճակը Հայաստանում վատագույններից մեկն է Եվրոպայում։ Հիշատակվում է, որ անցած տարվա նոյեմբերին չեղարկվել է քրիստոնյա ԼԳԲՏԻ-ի համաժողովը «մահվան սպառնալիքի, ատելության սադրանքի, այդ թվում` հասարակական գործիչներիկողմից, եւ մասնակիցների անվտանգության հետ կապված մտագոհությունների պատճառով»։
Հավելենք, որ լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ Ստամբուլյան կոնվենցիան անցկացնելու պարտականությունը դրված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա եւ հենց դա են մատնանշում որպես նրա նշանակման հիմնական պատճառներից մեկը: Եվ նույնիսկ արդեն խորհրդարանականների շրջանում ժամկետներ են շրջանառվում առ այն, որ աշնանային նստաշրջանում արդեն այն կներկայացնեն խորհրդարանի քննարկմանը:
Նաիրա Հովհաննիսյան