Նոր մանրամասներ Ստամբուլյան կոնվենցիայի հարցով փակ քննարկումից. ինչպես են իրենց պահել իշխանականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ խորհրդարանում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների անդամների հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների հետ բավականին թեժ է անցել։

Ինչպես հայտնի է, եվրոպացի գործիչները Հայաստան էին ժամանել քննարկելու «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա)։ Բանն այն է, որ Հայաստանում անհանդուրժող վերաբերմունք է այդ կոնվենցիայի առանձին դրույթների շուրջ նաեւ պատգամավորների մոտ, ու այդ մասին շատ լավ գիտեն եվրոպացիները։ Եվ հենց այս հանդիպմամբ նրանք ցանկանում էին կոտրել կարծրատիպերը եւ ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պատգամավորների շրջանում այնքան էլ միասնական մոտեցում առկա չէ այս հանդիպման շուրջ: Եվ, առհասարակ, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը նույնիսկ բարձրաձայն դեմ են արտահայտվել ԱԺ «Իմ քայլը» որոշ պատգամավորներ: Իսկ հիմա էլ այդ մասին բարձրաձայնում են նաեւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, իսկ, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առհասարակ բոյկոտել էր հանդիպումը, եւ ոչ ոք ներկա չէր։

ՀՀ ԱԺ պատգամավորներից հանդիպմանը մասնակցում էին «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, իսկ, օրինակ, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, Գեւորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավականին թեժ է անցել, պատգամավորները բազմաթիվ հարցադրումներ են ուղղել, սակայն հիմնականում ակտիվ են եղել ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Եվրոպայի խորհրդից ժամանած փորձագետները հայ պատգամավորներին հիմնականում փորձել են ներկայացնել, որ այն կարծրատիպերը, որ կան հանրության շրջանում` կապված ԼԳԲՏ համայնքին արտոնություններ տալու հետ՝ ամուսնություն, երեխա որդեգրել եւ այլն, նման բան կոնվենցիայով նախատեսված չէ։ Մենք տեղեկացանք, որ, օրինակ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փորձել է ճշտել՝ Հայաստանի քրեական օրենսգիրքը եւ Ընտանիքում բռնության կանխարգելման օրենքը ինչով չեն լուծում խնդիրներն ու մտահոգությունները` բռնության հետ կապված, եւ ինչ օրենքի բաց է առկա, որ անհրաժեշտ է անպայման ընդունել Ստամբուլյան կոնվենցիան։ Նույն հարցի շրջանակներում է եղել նաեւ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի խոսքը, որը փորձել է ճշտել՝ օրինակ, եվրոպական կողմից որեւէ մեկը երբեւէ լսել է կամ նրանց ինչ-որ մեկն ասել է, որ բռնության ենթարկված մեկը դիմել է ոստիկանություն եւ ստացել պատասխան` օրենքի բաց կա, մենք չենք կարող Ձեզ պաշտպանել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցերին ի պատասխան` եվրոպական կողմը չի կարողացել պատասխանել, եւ ընդամենն ասել են, որ կոնվենցիան ավելի բարձր իրավական փաստաթուղթ է, քան օրենքը։ Մեր զրուցակիցների խոսքով` եվրոպական կողմն այդպես էլ ոչ մի ռեալ եւ էական բան չի կարողացել բացատրել եւ պատասխանել։ Եվ հետաքրքիր է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները բավականին զուսպ են եղել հանդիպման ժամանակ եւ, ի զարմանս շատերի, ոչ մի կերպ լոբբինգ չեն արել կոնվենցիան կամ չեն փորձել ցույց տալ, որ դրա կողմնակիցն են։

Մենք տեղեկացանք, որ հանդիպումը վարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, եւ նա, վերջում հանդես գալով ելույթով, ասել է. «Հայաստանն ինքնիշխան պետությունն է, եւ մենք մեր որոշումը կկայացնենք»։

Մենք տեղեկացանք նաեւ, որ հանդիպմանը ներկա Մարիա Կարապետյանը, որը համարվում է Ստամբուլյան կոնվենցիայի անցկացման ջատագով, լուռ նստել է եւ նույնիսկ հարց չի տվել, իսկ Թագուհի Ղազարյանն էլ իր խոսքում բավական կոռեկտ է եղել եւ ասել, որ իր գործընկերներն արդեն անդրադարձել են բոլորին հուզող հարցերին։ Ինչպես եւ սպասելի էր, հիմնականում դեմ արտահայտվողներն ու ազատ խոսողները եղել են ԲՀԿ-ականները՝ Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը. նրանք կատեգորիկ ասել են՝ անհնար է, որ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում անցնի, քանի որ հակասում է արժեհամակարգին, եւ իրենք կատեգորիկ դեմ են։ Սակայն օբյեկտիվության համար նշենք, որ, ամեն դեպքում, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը եւս չի պաշտպանել, լուռ նստած են եղել, եւ ինչպես նաեւ նշեցինք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ առհասարակ չի մասնակցել քննարկմանը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից պարզել՝ ինչու ներկա չէին հանդիպմանը, սակայն վերջինս դժվարացավ հարցին պատասխանել՝ ասելով, թե միգուցե պատգամավորները զբաղված են եղել։ Հավելենք, որ քննարկմանը զուգահեռ ԱԺ Բաղրամյան մուտքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա եւ ստորագրահավաք էին անցկացնում. վերջինիս միացել էր նաեւ Գեւորգ Պետրոսյանը։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս