Մեր ընտանիքում բոլորն անհամբերությամբ են սպասում, թե երբ ենք մեկնելու հանգստի, իսկ ես՝ սարսափով. Գոհար Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր ընտանիքում բոլորն անհամբերությամբ սպասում են, թե երբ ենք մեկնելու հանգստի, իսկ ես՝ սարսափով, որովհետեւ այս տարիքի երեխաների հետ ավելի հեշտ է տանը կազմակերպել հանգիստը, քան դրսում, որտեղ չես կարող կանխատեսել՝ հաջորդ վայրկյանին ինչ կարող է լինել: Եթե հանգիստը պետք է վերածվի քաոսի, ավելի լավ է՝ չմեկնել ոչ մի տեղ»-Armlur.am-ի հետ զրույցում նշեց «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս գլոբ 2009» տիտղոսները կրող գեղեցկուհի Գոհար Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե այս տարի արդյոք ընտանիքով մեկնելու է հանգստի:

Հինգ երեխաների մայրիկը հանգստի ժամանակ պարզապես չունի. նա կա՛մ աշխատանքի վայրում է, կամ՝ տանը զբաղվում է երեխաների խնամքով. «Չեմ կարծում, թե առաջիկա հինգ տարվա ընթացքում կկարողանամ իսկապես կտրվել իրականությունից եւ հանգիստս վայելել: 1 տարեկան, 7 ամսական զույգ բալիկներ ունեմ, նրանց հետ այս տարիքում բավական վտանգավոր է որեւէ տեղ մեկնելը: Այդ պատճառով շատ հնարավոր է՝ այս ամառ մնանք տանը»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք եղել է այնպես, որ ինքն ու ամուսինը հանգստի մեկնեն՝ առանց երեխաների, Գոհարը պատասխանեց. «Եղել է, բայց այդ դեպքում էլ չես կարողանում լիարժեք թուլանալ, քանի որ ուշքումիտքդ երեխաներիդ հետ է: Այն լիարժեք հանգստությունը, որը կարող ես վայելել մինչեւ երեխաների ծնունդը, երբեք չես կարող վայելել՝ նրանց ծնունդից հետո, եթե, իհարկե, փոքրիկները 6-7 տարեկանից փոքր են»:
Գոհարը ժամանակին սիրել է էքստրեմալ հանգիստ, թռել է, օրինակ, օդապարիկով, բայց հիմա նման ռիսկի չի դիմի. «Երեխաների հետ ճամփորդությունից ավելի մեծ էքստրիմ չեմ պատկերացնում»,-ծիծաղելով նկատեց նա:

Գոհարը նախընտրում է հանգիստը համատեղել աշխատանքի հետ, այցելել մշակութային օջախներ:

Անի Անտոնյան




Լրահոս