ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՂԱՑԵԼ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ում ներկուսակցական խմորումներ են սկսվել: Դրա վկայություններից մեկն էլ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի` ԱՄՆ մեկնելն է: Օրերս նա տեղեկացրել էր, որ ԱՄՆ մեկնել է մեկ տարով՝ ուսանելու: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա Հայաստանից հեռացել է նեղացած: Ե՛ւ 2017թ., ե՛ւ 2018թ. ԱԺ ընտրություններում Վիգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ համամասնական ցուցակը, եւ խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը հենց նրան է տեսնում իրավահաջորդի դերում` պատրաստվելով փոխանցել կուսակցության ղեկը. անգամ խոսվում էր ՀՀԿ համագումար անցկացնելու մասին: Սակայն հետո Ս. Սարգսյանը մտափոխվել է եւ ասել, որ ինքը մնալու է ՀՀԿ նախագահի պաշտոնում: Վիգեն Սարգսյանն էլ մտերիմ շրջապատում նեղսրտել է, թե ՀՀ-ում իր համար ապագա չի տեսնում: ՀՀԿ-ականների մի մասն, իհարկե, չի ցանկանում Վիգեն Սարգսյանին տեսնել կուսակցության ղեկավարի պաշտոնում, սակայն շատերն էլ հենց Սերժ Սարգսյանին են մեղադրում, որ չի ուզում լքել այդ պաշտոնը, քանի որ կուսակցության անունը հնարավոր չէ այլ կերպ մաքրել:
ՀՀԿ-ականներն, իհարկե, չեն ցանկանում հրապարակայնացնել այս ամենը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքեց այդ լուրերը` ասելով. «Նման հարց ՀՀԿ օրակարգում չի եղել, հետեւաբար նման խոսակցությունները ապատեղեկատվություն են»:

 

 

 

Նոր Հայաստանի հին պաշտոնյաները շարունակում են նախկին արատավոր գործելաոճը: Օրինակ` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ընդգրկված էր նաեւ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն այն չքննարկվեց: ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նիստի մեկնարկից ընդամենը րոպեներ առաջ զանգահարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ու հրաժարվել ԱԺ գալուց: Զոհրաբյանի փոխանցմամբ` փոխնախարարն ասել է, թե կառավարությունը վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ: Փոխնախարարի պահվածքն այլ կերպ, քան արհամարհանք օրենսդիրի նկատմամբ, դժվար է որակել. ի վերջո, հարկ էր այդ վերապահումների մասին հայտնել ավելի վաղ, եւ ոչ թե հանձնաժողովի նիստի մեկնարկից րոպեներ առաջ: ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես մեկնաբանեցին կատարվածը. «Խնդիրն ընդամենը նախագծի որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ քննարկում անցկացնելով է պայմանավորված»:

 

 

 

Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր պարզապես փորձում են սաբոտաժ անել՝ անհարմար դրության մեջ դնելու նոր իշխանություններին: Անցած տարեվերջին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խիստ նկատողություն արեց քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք քաղաքացիների դիմումներին պատասխանել էիին առանց խնդրի էությանը ծանոթանալու: Նման իրավիճակ է նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում. մարզպետ Գնել Սանոսյանն օրերս դժգոհել էր, որ մարզպետարանի աշխատողները հավուր պատշաճի չեն պատասխանում քաղաքացիների նամակներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սանոսյանը մանրամասնել է. «Գրություններ կան, որոնք վերաբերում են իրենց ծանոթ գուղապետերին կամ, չգիտեմ, դպրոցի տնօրենին կամ այլ պաշտոնյայի, եւ նախկին, որոշակի ընկերական, ինչ-ինչ կապերից ելնելով` փորձում են մեղմացնել ու ամբողջ իրական պատկերը չտալ»: Հիմա մարզպետը ոչ միայն չի հանդուրժում այդ գործելաոճը, այլեւ անձամբ է հետեւում, թե ինչ են պատասխանել քաղաքացիների նամակներին:

 

 

 

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հարցաքննվել է մարտի 1-ի գործով: Նա պատմել է. «Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին, սակայն հրաժարվել են ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, սակայն ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ»: Մյուս ուշագրավ հակադրությունը նախկին ոստիկանապետի տված ցուցմունքներում այն է, որ քննիչի հարցին, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ուժերն օպերատիվորեն տեղաբաշխելու նպատակով Հայկ Հարությունյանի խնդրանքով ՀՀ ՊՆ կողմից լրացուցիչ միավոր մեքենաներ են ներգրավվել, Հարությունյանը պատասխանել է. «Չեմ հիշում նման դեպք, որ ես Միքայել Հարությունյանից տրանսպորտային միջոցներ խնդրեմ: Նշեմ նաեւ, որ ոստիկանությունը անհատների հետ ուներ կնքված պայմանագրեր 10-ից ավելի մարդատար «Իկարուս» ավտոբուսների վարձակալության համար. կարիքը չկար ՊՆ-ից միջոց խնդրելու»:

 

 

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐ
ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի «ոտը» առաջին անգամ չէ, որ «Հայոց լիս աշխարհն» է մտել, սակայն նա առաջին անգամ է մուտք գործում մեր երկիր մեկ տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին նրա մասնակցությունը հուշում է, որ այցը թեեւ տնտեսական օրակարգով է, սակայն հաշվի առնելով երկու երկրների ոչ այնքան հարթ հարաբերությունները` այցի օրակարգից կլինեն նաեւ այլ՝ քաղաքական թեմայով «շեղումներ»: Օրակարգն այդ, նկատենք, նախկին իշխանության օրոք գրեթե միշտ թելադարվել է «մեծ եղբոր» կողմից, սակայն ոչ միշտ է, որ հաշվի է առնվել դրան ընդդիմանալու ՀՀ-ի սուվերեն իրավունքը: Հեռու չգնանք եւ նշենք հենց ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հարցը. երբ այս հարցով ՌԴ իշխանությունը քաղաքական որոշում կայացրեց, ՀՀ-ին մնում էր մեկ գիշերվա մեջ հոգալ այն ի կատար ածելու տեխնիկական հարցերը: Արդյոք ՀՀ նոր իշխանությունները նախկինների պես վերահսկելի, հետեւաբար՝ վստահելի են համարվո՞ւմ ՌԴ-ի կողմից: «Նախորդ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են` ըստ նախատեսվածի: Իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, այժմ մեր հարաբերություններում շատ կարեւոր պահ է, եւ վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»,-իր պաշտոնակցին ողջունելիս հայտարարել է Փաշինյանը: Վերջինս, նկատենք, օրեր առաջ էլ ասել էր, թե ռուսական էլիտայում կա որոշակի անվստահություն հեղափոխության արդյունքում իշխանության եկած նախկին ընդդիմադիրների եւ քաղաքացիական սեկտորի ակտիվիստների նկատմամբ՝ հույս հայտնելով, որ դա ժամանակի ընթացքում կհաղթահարվի: Նկատենք, որ ՌԴ-ի հանդեպ վստահության դեֆիցիտ կա նաեւ ՀՀ-ում` հատկապես այն հարցերի հետ կապված, որոնց լուծման մեջ ՌԴ-ն ունի ուղղակի կամ կրավորական դերակատարում: Հարցերից մեկն, օրինակ, «Մարտի 1»-ի գործն է, եւ ակնհայտ է, որ ՌԴ-ն ցուցաբերում է կողմնապահ մոտեցում՝ սատարելով նախկին իշխանության անդամներին, ի մասնավորի` Ռ.Քոչարյանին, որի եւ Պուտինի միջեւ, ինչպես գիտենք, «քիմիական կապ» է գործում: Դե, իսկ այս գործով մյուս մեղադրյալի՝ նախկին Պնախարար Մ. Հարությունյանի` ՌԴ քաղաքացի լինելը ի չիք է դարձնում վերջինիս պատասխանատվության ենթարկելու հեռանկարը, քանի որ նրան չարտահանձնելու քաղաքական որոշումը կարծեք արդեն կայացվել է ՌԴ-ի կողմից: Օրակարգում է մեկ այլ քրեական «վտարանդիի»՝ Մ. Պողոսյանին քաղապաստան տալու հարցը, եւ այս հարցով Պուտինի կայացնելիք որոշումը լինելու է ինդիկատոր փոխադարձ վստահության ամրապնդման կամ վիժեցման հարցում:




Լրահոս