Երեկ մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան. երեկ նա եղել է Բաքվում, այսօր` Երեւանում, հուլիսի 11-ին էլ կմեկնի Բաթումի: Ընդգծենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետոսա Դոնալդ Տուսկի առաջին այցն է Հայաստան, եւ, իհարկե, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ֆոնին այս այցն իսկապես կարեւորություն է ներկայացնում:
Երեկ Ադրբեջան այցելությունը եւս Տուսկի համար առաջինն է եղել, եւ սա էլ հետաքրքրություն է ներկայացնում վերջին շրջանում ակտիվացող խոսակցությունների մասին, որոնք վերաբերում են Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին եւհամաձայնագրի հնարավոր ստորագրմանը:
Երեկ Ադրբեջանում Դոնալդ Տուսկ-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո ավելի շատ անդրադարձ եղավ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին: Նկատենք, որ Դոնալդ Տուսկի հանդիպումների ձեւաչափը նույնն է բոլոր երկրների համար. երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հանդիպելուց հետո նա վերջինիս հետ համատեղ մամուլի ասուլիս ունեցավ, իսկ այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգա:
Ընդ որում, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն Ադրբեջանի իշխանությունների հետ առաջին անգամ է հանդիպում մայիսին Բրյուսելում տեղի ունեցած հայտնի սկանդալից հետո։ Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքըշեղվել էր նախատեսված ընթացքից Ադրբեջանի պատճառով: Գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չհաջողվեց միասնական փաստաթուղթ ընդունել, քանի որ Բաքուն հրաժարվել էր ստորագրել հռչակագիրը տեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակման բացակայության պատճառով։
Արեւելյան գործընկերության հոբելյանական այդ հավաքին ակնկալվում էր նաեւ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ կողմերը բանակցում են արդեն ավելի քան 4 տարի, սակայն Ադրբեջանի եւ Եվրամիության իշխանություններին այդպես էլ չհաջողվեց հարթել տարաձայնությունները, որոնք հատկապես վերաբերում են մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վարած քաղաքականությանը:
Եվ, ահա, այս ֆոնինԵվրոպական խորհրդի ղեկավարի հաջորդ կանգառն այսօր Երեւանն է: Այստեղ Տուսկը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դոնալդ Տուսկը վերջին անգամ հանդիպել էր այս տարվա Մարտին Բրյուսելում:
Այդ ժամանակ Տուսկը հայտարարել էր, թե Եվոպայում գնահատում են Հայաստանի կառավարության որդեգրած արժեքներն ու բարեփոխումները: Նա հավաստիացրել էր, որ Բրյուսելը շարունակելու է աջակցությունը Հայաստանին։ Իսկ, ահա,հուլիսի 11-ին Դոնալդ Տուսկը կուղեւորվի վրացական Բաթումի, որտեղ մասնակցելու է Եվրամիության արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին: Վրաստանում եւս Տուսկը կհանդիպի վարչապետի եւ արտգործնախարարի հետ։
Երեկ Ադրբեջանում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի, այն կարող է ստանալ միայն քաղաքական կարգավորում՝ համաձայն միջազգային իրավունքի եւ նորմերի:
«Եվրամիությունը շարունակում է լիարժեք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արդարացի եւ հարատեւ լուծում գտնելու ջանքերին՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ արձանագրության հիմնարար սկզբունքների վրա»,- ասել է Տուսկը:
Դոնալդ Տուսկի` տարածաշրջան այցի եւ սպասվող զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ: «Նա շատ լավ հասկանում է տարածաշրջանը` զուգահեռ վերլուծելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների որոշ նրբություններ. մասնավորապես, մայիսին լույս տեսած ԵՄ զեկույցը` այդ հարաբերությունների վերաբերյալ, կարող ենք ասել, որ մեծ հաշվով այս ուղղությամբ մեր արտաքին դիվանագիտությունը հաջողել է: Այս այցը եւս մի փուլ կլինի այս հաջողությունների մեջ: Սա միայն Ադրբեջանի մասով, սակայն չպետք է մոռանալ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու այդ օրակարգը», – նշեց Եղոյանը:
Վերջինս հիշեցրեց, որ հունիսի 1-ին արդեն ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը հաստատվել է վարչապետի որոշմամբ, իսկ արդեն հունիսի 13-ին նույն փաստաթուղթն արդեն հաստատվել է ՀՀ-ԵՄ գործըկերության խորհրդում:
«Ճանապարհային քարտեզը շատ մանրամասն է քննարկված եղել այս ընթացքում, շուտով կակտիվացնենք մեր հարաբերությունները նաեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովով, քանի որ գիտեք իրենց ընտրությունից հետո այնտեղ կազմ եւ ղեկավար է փոխվելու, եւ մեր կողմից այդ հանձնաժողովը ղեկավարում եմ ես, իսկ իրենց կողմից առաջիկա շաբաթներին կիմանանք, թե ով: Դրան կարող ենք գումարել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարեւորությունը, ինչը, կարծում եմ, եւս քննարկման առարկա կարող է դառնալ: Խորհրդարանական հարթակում եւս կարեւոր ենք համարում այս հարցը, մի քանի օր առաջ մենք հանձնաժողովով հանդիպում ունեցանք ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ եւ այդ հարցը կրկին մանրամասը քննարկեցինք եւ ներկայացրեցինք մեր տեսակետներն ու փաստարկները` երկխոսության մեկնարկի շուրջ», – հավելեց Եղոյանը:
Անդրադառնալով արդեն ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին եւ համաձայնագրի հնարավոր ստորագրմանը` Եղոյանը նկատեց, որ այդ մասին մշտապես խոսվում է, սակայն որեւէ տեղաշարժ, ամեն դեպքում, առկա չէ: «Մեր հարեւաններն աշխատում են այդ համաձայնագիրը կնքելու ուղղությամբ, նույնիսկ երկու անգամ հայտարարեցին նախաստորագրման մասին, բայց երկու անգամ էլ չեղավ դա:
Այստեղ պետք է ասեմ, որ նաեւ մենք որոշակիորեն աշխատանք ենք կատարել բոլոր ուղղություններով եւ բոլոր հարթակներում», – եզրափակեց պատգամավորը: Վերջինիս խոսքով` մնացած հարցերը կրկին կախված կլինեն կատարվող աշխատանքներից եւ այն բանից, թե ինչպես տարածաշրջանին վերաբերող հարցերը կարող են տեղ գտնել այդ համաձայնագրում:
Հավելենք, որ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը թերեւս վերջիններից է Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում։ Առաջիկա աշնանը ավարտվում է նրա պաշտոնավարումը. նրան այդ պաշտոնում կփոխարինի Շառլ Միշելը` Բելգիայի վարչապետը։
Նաիրա Հովհաննիսյան