Որքան են Երևանում բնակարանների գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Ընդ որում` այս տարվա մայիսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, Երեւանի տարբեր վարչական շրջաններում դրանց գինը բարձրացել է, իսկ ՀՀ մարզային քաղաքներում, հակառակը, էժանացել կամ էլ գները պահպանել են նախորդ տարվա մակարդակը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ի միջին գինը մայիսին կազմել է 595 հազար դրամ կամ 1234 դոլար, ապրիլին`590 հազար դրամ: Իսկ, ահա, նախորդ տարվա մայիսի համեմատ` այս տարվա նույն ժամանակահատվածում Երեւանի կենտրոնում բնակարանները վաճառվել են մեկ քմ-ն 515 հազար դրամով: Համաձայնեք, որ մտահոգիչ է մեկ տարվա ընթացքում 80 հազար դրամով թանկացումը: Ավելին, ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների`մեկ ամսվա ընթացքում 5000 դրամով թանկացումը եւս մտահոգող է:

Մայրաքաղաքի մյուս բանուկ թաղամասում`Արաբկիր վարչական շրջանում եւս բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է. այստեղ եթե ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 404 հազար 100 դրամով, ապա մայիսին այն ունեցել է 408 հազար դրամ արժեքը: Իսկ, ահա, նախորդ տարվա մայիսին այն վաճառվել է 363 հազար 500 դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի մյուս վարչական շրջաններում նույնպես բնակարանի թանկացում է արձանագրվել: Օրինակ` Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 275 հազար դրամից թանկացել է` դառնալով 278 հազար 200 դրամ, Ավանում`268 հազար 100 դրամից դարձել է 270 հազար 100 դրամ: Իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում 296 հազար 100 դրամից բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է` դառնալով 300 հազար դրամ, Դավթաշենում`312 հազար դրամից դարձել է 314 հազար 500 դրամ:

Ըստ մասնագետների`անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Իսկ, ահա, երկրորդ պատճառըբանկերի կողմից վարվող քաղաքականությունն է, ինչի արդյունքում նվազել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը:

Չնայած թանկացմանը` նկատենք, որ բնակարանների նկատմամբ իրականացված գործարքների թիվն է զգալի պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մայիսին ընդհանուր Հայաստանում իրականացվել է բնակարանների առուվաճառքի 1331 գործարք,մինչդեռ մեկ ամիս առաջ`ապրիլին, դրանց քանակը կազմել է 1472, այսինքն`141-ով ավելի:

Երեւանից անցում կատարենք ՀՀ մարզային քաղաքներ, որոնց մեծ մասում բնակարանները կա՛մ թանկացել են, կա՛մ էժանացել, կա՛մ էլ պահպանել նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ` Արագածոտնի մարզի Ապարանում բնակարանների մեկ քմ-ն ե՛ւ ապրիլին, ե՛ւ մայիսին վաճառվել է 85 հազար դրամով, իսկ Թալինում, հակառակը, 72 հազար 800 դրամից թանկացել է`դառնալով 73 հազար 200 դրամ:

Գեղարքունիքի մարզի Գավառում բնակարանի մեկ քմ-ի գինը կազմել է 54 հազար 100 դրամ ե՛ւ մայիսին, ե՛ւ ապրիլին: Նույն մարզի Մարտունիում էժանացել է բնակարանի մեկ քմ-ն. ապրիլին այն կազմել է 120 հազար դրամ, մայիսին`118 հազար 100 դրամ: Ճամբարակում բնակարանի գինը բարձրացել է 500 դրամով:

Սահմանամերձ Տավուշի Իջեւանում բնակարանները էժանացել են մեկ ամսվա ընթացքում 1950 դրամով: Դիլիջանում ե՛ւ ապրիլին, ե՛ւ մայիսին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 118 հազար դրամ: Իսկ, ահա, սահմանամերձ Նոյեմբերյանում անշարժ գույքի շուկայում թանկացում է արձանագրվել: Այս քաղաքում բնակարանի մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 67 հազար 100 դրամով, իսկ մայիսին` 68 հազար դրամով: Սյունիքի Գորիսում բնակարանների գները բարձրացել են (ապրիլին մեկ քմ-ն`140 հազար 800 դրամ, իսկ մայիսին`142 հազար 200 դրամ), Մեղրիում էժանացել է` 107 հազար 400 դրամից դառնալով 106 հազար դրամ:

Հայաստանի հոգեւոր քաղաք համարվող Էջմիածնում բնակարանների մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 136 հազար 800 դրամով, իսկ մայիսին`138 հազար 200 դրամով: Իսկ, ահա, տուրիստական Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ-ն մայիսին 280 հազար դրամ է արժեցել, բայց նույն մարզի Աբովյանում 168 հազար 650 դրամ: Նկատենք, որ Ծաղկաձորի հարակից Հրազդանում բնակարանների մեկ քմ-ն մայիսին վաճառվել է 65 հազար դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից առուվաճառքի 278 գործարք է կնքվել: Ի դեպ, օտարերկրյա քաղաքացիների կողմից մայիսին ավելի շատ թվով անշարժ գույք է վաճառվել, քան գնվել է. կնքվել է վաճառքի թվով 341 գործարք, առքի`165:

Հայտնի է, որ Հայաստանի նախկին կառավարությունների ծրագրի գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է եղել: Բայց, արի ու տես, այս ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվել, միեւնույնն է, մարդիկ շարունակում են իրենց տներից հեռանալ:
Երեւանի համեմատ` մարզերի զարգացվածությունը շատ փոքր է: Մարզերում նաեխեւառաջ պետք է լուծվի աշխատատեղերի ստեղծման խնդիրը, մարդիկ աշխատանք չունեն, եւ այն գտնելու հույսով նրանցից շատերը իրենց բնակարաններն ուղղակի կողպում են կամ վաճառում, ապա բնակություն հաստատում Երեւանում: Սա է պատճառը, որ ՀՀ որոշ մարզային քաղաքների անշարժ գույքի շուկայում անգամ թեթեւ ակտիվացում չկա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս