Ազգային ժողովում այս օրերին սպասվում են քննարկումներ ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով: Այդ նիստերի ժամանակ ներկայացվելու են ոլորտներին նախատեսված ֆինանսական հատկացումները, ծրագրերն ու փոփոխությունները:
Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն մշակույթի ոլորտում 2020 թվականին ակնկալվում է իրականացնել ութ ծրագիր եւ 39 միջոցառում: Մշակութային քաղաքականության առաջնահերթություններն ու բնագավառները, սակայն, նույնն են մնացել, հետեւաբար 2020 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցները գրեթե նույնն են լինելու, ինչ 2019-ին:
Իսկ, օրինակ, Հանրային հեռուստառադիոընկերությունն առաջիկա երեք տարիների համար իր առջեւ ընդամենը մեկ նպատակ է դրել` ավելացնել Հանրային հեռուստաընկերության նկատմամբ հանրության վստահությունը՝ բարձրացնելով հաղորդումների որակը: Եվ այդ նպատակին հասնելու համար արդեն կան հստակ գաղափարներ ու ծրագրեր, որոնք պետք է ներկայացվեն: Բացի այդ, տեղեկացանք, որ այս ոլորտին ֆինանսական հատկացումների որոշակի աճ է լինելու:
Մենք պարզեցինք, որ միջնաժամկետ ծրագրերի քննարկումը` հանձնաժողով առ հանձնաժողով, նպատակ ունի բարձր պահել խորհրդարանական վերահսկողությունը եւ հետեւել ծրագրերի իրականացմանը, բյուջեի արդյունավետ ծախսմանը: