Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, որը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, կվերադառնա աշխատանքի: Ավելին, նա կստանա հարկադիր պարապուրդի իր գումարը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին: Դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու 12 բնակիչներ՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն որևէ դասապրոցեսի չեն մասնակցել:
Մինչդեռ, դպրոցի տնօրենը, նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն, ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են դպրոցի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերի առթիվ 1 տարի առաջ հարուցվել էր քրեական գործ: