Խոշորացված գյուղի ղեկավարն արդարանում է, գյուղացիները՝ բողոքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել խոշորացված Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքել են Հովքի վարչական ղեկավար Գրիգոր Գեւորգյանի արարքներից: Նրանց վկայությամբ` Գ. Գրիգորյանը մոտ 10 օր առաջ սարերում գտնվող խոշոր եղջերավոր անասունների խմելու համար նախատեսված խմոցը, ինչպես իրենք են ասում, նովը, տեղափոխել է Հովք գյուղի տարածք, բաժանել 2 մասի:

Նա սարերից տեղափոխել է նաեւ անասուններին աղ տալու համար նախատեսված տարողությունը, որը տեղակայել է Հովքի գյուղից վերեւ գտնվող տարածքում, ուր ինքը հողամաս ունի:

Հովքի բնակիչներն ասացին, որ գյուղի վարչական ղեկավարն այդ քայլերն արել է, որ վնաս պատճառի սարերում անասուն պահող այն հովքեցիներին, որոնք 2018թվականի նոյեմբերին Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի ժամանակ պաշտպանել են նախկինում այդ դպրոցը ղեկավարած Սամվել Սիմոնյանին,ոչ թե դպրոցի ուսմասվար, այնուհետեւ տնօրեն ընտրված Սեդա Ասիրյանին, որի թեկնածությունը պաշտպանել է Գրիգոր Գեւորգյանը:

Դժգոհող հովքեցիները Գ. Գեւորգյանի դեմ բողոքելու համար գնացել են Իջեւան` Տավուշի մարզպետարան: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գրիգոր Գեւորգյանին: Նա ասաց, որ սարերում գտնվող անասունների խմոցը չէր օգտագործվում, ինքն այն տեղափոխել է Հովք գյուղ, բաժանել 2 մասի, որոնք ծառայում են Հովքի խոշոր եղջերավոր անասունների համար խմոցներ: Նա հայտնեց, որ ինքը դրա փոխարեն սարում անասունների նոր խմոց է տեղադրել:

Իսկ ինչ վերաբերում է անասուններին աղ տալու համար նախատեսված տարողությանը, ապա նա ժխտեց, որ այդ տեղափոխությունները կապ ունեն գյուղի դպրոցի տնօրենի ընտրության հետ` ասելով, որ այդ մասին առաջին անգամ մեզանից է լսում: 2014թվականից Հովք համայնքը ղեկավարող 2016 թվականից Հովքի վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք նրա կուսակցական պատկանելության մասին, հայտնեց, որ ՀՅԴ անդամ է, սակայն կուսակցական ակտիվ գործունեությամբ չի զբաղվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս