ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը տեղի է ունենալու Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ փոփոխություններ կարվեն ավագանու նախկինում ընդունված որոշումներից մեկում: Բանն այն է, որ այդ նախագծով, որը քննարկվելու եւ քվեարկության է դրվելու հենց վաղը, քաղաքային իշխանությունում ավելանալու են հաստիքներ, եւ բարձրանալու են աշխատավարձերը:

Օրինակ` միավորվելու են սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինները, ինչպես նաեւ զորահավաքային բաժինը, որը գործում էր քարտուղարության կազմում, առանձնացվելու է քարտուղարությունից եւ դառնալու առանձնացված բաժին: Երեւանի Ավան, Արաբկիր եւ Նոր Նորք վարչական շրջաններն առաջարկել են վերամիավորել կրթության, մշակույթի եւ սպորտի ու սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժինները, իսկ Նոր Նորք վարչական շրջանը՝ նաեւ կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման ու քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժինները, ինչպես նաեւ վերանվանել եկամուտների հաշվառման եւ հավաքագրման ու ֆինանսական բաժինները համապատասխանաբար եկամուտների հաշվառման, հավաքագրման եւ վերլուծության ու ֆինանսաբյուջետային բաժինների:
Եվ, բացի օպտիմալացումներից, նաեւ հաստիքներ են ավելանալու: Օրինակ` 54 հաստիք է ավելանալու Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմում, որից միայն 50 միավորը՝ եկամուտներ հավաքագրող տեսուչների գծով, 26 հաստիք էլ` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում:
Սակայն այս օպտիմալացումներից եւ հաստիքների ավելացումից զատ շատ ավելի հետաքրքիր է աշխատավարձերի բարձրացումը. մի թեմա, որ այս օրերին լայն քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես, միջին եւ ստորին օղակների աշխատավարձերը բարձրանալու են 25-30 տոկոսով այն դեպքում, երբ, օրինակ, քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմերի քարտուղարների աշխատավարձը կրկնապատկվելու է: Եվ հետաքրքիր է, որ Երեւանի քաղաքապետն ունի 7 խորհրդական այն դեպքում, երբ ՀՀ վարչապետն ունի վճարային հիմունքներով 5 խորհրդական:
Եվ այդ փոփոխություններով ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 575 հազար դրամի փոխարեն ստանալու է ամսական 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ։ Ստացվում է՝ նա ստանալու է ճիշտ այնքան աշխատավարձ, որքան ստանում է ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահն էլ ստանում է 1 մլն 190 հազար դրամ աշխատավարձ։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար, վարչական շրջանների ղեկավարները՝ 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Եվ քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել. նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան։
Ստացվում է, օրինակ, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊՎԾ պետը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: Կամ համեմատության համար նշենք, որ մարզպետները եւ պատգամավորները եւս ավելի քիչ գումար են ստանալու, քան քաղաքապետարանի շատ պաշտոնյաներ։
Ներկայացնենք մի քանի օրինակ. ԱԺ նախագահի տեղակալները ստանում են 925 հազար 960 դրամ, իսկ, օրինակ, քաղաքապետի առաջին տեղակալը՝ 947 հազար, տեղակալները՝ 912 հազար դրամ։ Շատ ավելի հետաքրքիր են, սակայն, այս օրինակները. վարչական շրջանների ղեկավարները ստանալու են 773 հազար դրամ աշխատավարձ, տեղակալները՝ 668 հազար դրամ, աշխատակազմերի քարտուղարները եւս, եւ համեմատության համար նշենք, որ ԱԺ պատգամավորի, մարզպետի, քրեակատարողական ծառայության պետի, փրկարար ծառայության տնօրենի, ոստիկանության պետի առաջին տեղակալի, վարչական եւ առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետեւաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ։ Իսկ նախարարների, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ոստիկանության պետի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ՍԴ դատավորի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի, Հատուկ քննչական ծառայության պետի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի եւ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12 է, հետեւաբար նրանց ամսական աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ: Իհարկե, սրանք, այսպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձերն են, եւ պահումներից հետո այլ պատկեր է ստացվում։
Մեկ հետաքրքիր փաստ եւս. քաղաքապետը, է՛լ ավելի ուռճացնելով աշխատակազմը այլ մասերով, նախատեսում է կրճատել ֆինանսական վարչության պետի տեղակալների 2 հաստիքները, ինչի հետեւանով այդ կարեւորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի: Որեւէ այլ վարչության պետի տեղակալի հաստիք այս փոփոխություններով չի նախատեսվում կրճատել:
Հավելենք, որ վաղվա նիստը խոստանում է թեժ լինել. Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ամեն ինչ անելու է, որ այս նախագիծը չանցնի։
Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամները բոյկոտել են Ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը՝ հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԱԾ ՊԱՇՏՊԱՆ
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Ընդհանուր առմամբ օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնց մեջ կան նաեւ նախագծեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու։ Դրանց թվին է պատկանում նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ, եւ դրա համար երկու ժամ է սահմանվելու։ Հետաքրքիր է, որ իշխանություններն այդպես էլ չգնացին որեւէ փոխզիջման ու նախագծում բան չեն փոխել: Հետաքրքիր է նաեւ, որ օրակարգում հարցեր ներառվելուց զատ մեկ հարց նաեւ հանվել է։ Մասնավորապես, նախագծից հանվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը եւ այն առաջարկվել է քննարկել հաջորդ հերթական նիստերի ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այս քառօրյա նիստերի օրակարգ չի ընդգրկվի ՄԻՊ տարեկան զեկույցը, որը, սակայն, քննարկվել էր գլխադասային հանձնաժողովում։ Մենք տեղեկացանք, որ հետաձգման պատճառն այն է, որ այս քառօրյայում ընդգրկված դատախազության հաղորդումը եւ երկու այդպիսի մեծ հաշվետվությունները կարող էին երկար ժամանակ խլել։ Հավելենք նաեւ, որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային է, եւ այդ պատճառով մեկ օր քիչ ժամանակ է առկա նախագծերը քննարկելու համար, եւ չորեքշաբթիից հետո նիստերը կշարունակվեն ուրբաթ։

 

 

 

ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը կփոփոխվի: Նշենք, որ այն հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետեւանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը աշխատանքի վայրից ստիպված է լինում ժամանակից շուտ դուրս գալ` հարուցելով գործատուի դժգոհությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այսպես, առաջարկվում է աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը լրացնել նոր` 1.1-ին մասով, որով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն կստանա աշխատանքային օրը ավարտել 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ին է, կամ նրան կտրամադրվի 1 ժամ ժամանակ (17:00-ից 18:00-ն): Այս նախագիծն ուրախացրել է աշխատող շատ ծնողների: Նրանք գրեթե միշտ բախվում են այս խնդրին. նրանց մեծ մասը աշխատավայրը լքում է, գնում երեխային մանկապարտեզից տուն հասցնում, ապա հետ վերադառնում դարձյալ աշխատանքի:

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԵԿՆԻ ԱՐՑԱԽ
Շուշիի ազատագրման տարեդարձի տոների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վարչապետը կմեկնի մայիսի 9-ին, կմասնակցի Արցախում մեկնարկող տոնական միջոցառումներին:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների եւ կառուցողական գործընկերության շարունակական խորացումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը գտնվում է ժողովրդավարական արմատական բարեփոխումների փուլում եւ առաջ է շարժվում ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու տնտեսապես հզորացման ճանապարհով: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ ուրախ է կրկին այցելել մեր երկիր, այս անգամ արդեն` խորհրդարանական ընտրություններից հետո, եւ հայկական կողմի հետ քննարկել համագործակցության օրակարգը: Ջորջ Քենթի խոսքով՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների զարգացմամբ եւ մեր երկրի համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում փոխգործակցությամբ: Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր:

 

 

 

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
2019թ. ապրիլին Երեւանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9%-ով. այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ: Նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային եւ հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երեւան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 101.9%: Քաղաքապետին զեկուցվել է, որ այս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 1 մլրդ դրամով: Երեւանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առեւտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 4 արձանագրություն:

 

 

 

ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
ԼՂ հիմնախնդրով հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ երբեք չեն լինի փոխզիջումներ. այս մասին ասել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Ըստ նրա` հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի. «Մենք պետք է միասնական մնանք ցանկացած դեպքում, իրադրության ցանկացած զարգացման դեպքում: Փոխզիջումներ չեն լինի, մինչեւ մեզ չվերադարձնեն Արեւմտյան Հայաստանը եւ մեզնից խլված մյուս տարածքները»:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
«Ռոբերտ Քոչարյանը` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով առաջին նիստը տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 16:30-ին: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը 2018թ. սեպտեմբերի 17-ին դիմել է Երեւան քաղաքի դատարան` հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին համացանցում տարածվել էր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:




Լրահոս