ԵՌԱԲԼՈՒՐԻ ԹԱԼԱՆԻ ԳՈՐԾԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին` Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, որոնցից մեկն էլ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղային էր պատկանել: Դեպքից մեկ ամիս անց կատարվածը բացահայտված չէ:

Այսպիսով, դեպքի հաջորդ օրը ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ այս գործով արդեն իսկ կան կասկածյալներ. «Հանրության մոտ կարծիք է ձեւավորվել, որ դեպքի ժամանակ այնտեղ եղել են իրավապահներ. դա մի փոքր այդպես չէ: Այո, անվտանգության նկատառումներով այնտեղ եղել են ոստիկանության եւ այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ արարողակարգային միջոցառումն ավարտվել է, նրանց ծառայությունը նույնպես ավարտվել է: Դա եղել է այն հատվածում, որը տեսանելի չէր ոստիկանների համար»:
Բացի այդ, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները, միաժամանակ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը: Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած միջադեպն այլ կերպ, քան սրբապղծություն, դժվար է անվանել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զոհված հերոսների ընտանիքի անդամները, մերձավորները նրանց շիրիմի մոտ էին. սա, թերեւս, ամենասոսկալին է ու աններելին:
Կարող ենք ենթադրել` հանցագործները չեն իմացել` կոնկրետ ում մեքենան են կողոպտում, բայց առնվազն պատկերացում ունեցել են, թե այդ օրով ովքեր կարող էին գալ Եռաբլուր:
Այս դեպքով հասարակությունը սպասում է կոնկրետ արդյունքների: Սպասվում էր, որ հանցագործները հայտնաբերված լինեին, ավելին` ենթադրյալ հանցագործները դեպքից ժամեր անց ամենաօպրեատիվ կերպով պետք է հայտնաբերված լինեին, սակայն պատկերն այլ է:
Արդեն նշել էինք, որ ՀՀ ոստիկանապետը ասել էր, որ գործով կան կասկածյաներ: Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, քննություն է իրականացրել կասկածյալների վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` կասկածյալները ցուցմունք են տվել, որ իրենք այդ գողությունների հետ կապ չունեն: Ավելին` նախաքննական մարմինը քննության ընթացքում եւս բավարար ապացույցներ է ձեռք բերել, որ ենթադրյալ կասկածյալները կապ չունեն տեղի ունեցած գողության հետ եւ, դեռ ավելին, անգամ վերոնշյալ օրը Եռաբլուրի տարածքում էլ չեն եղել. որոշում է կայացվել նրանց ազատ արձակել:
Դեպքից անցել է 1 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` հասկանալու համար, թե գործով կան արդյոք մեղադրյալներ, կամ կոնկրետ անձինք խոստովանել են հանցանքը, թե ոչ: Ի պատասխան` ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին` այս պահին քրեսկան գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա, նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքին առնչվող անձանց շրջանակը պարզելու եւ նրանց գործողությանը քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ասել է թե` ոստիկանությունը ուներ կոնկրետ կասկածյալներ, բայց նրանք դեպքի հետ կապ չեն ունեցել, եւ այդպես էլ մեկ ամիս անց իրավապահները չեն կարողանում բացահայտել:

 

 

 

2500-ԻՑ ՄԻՆՉԵՎ 8000 ԴՈԼԱՐ
Իրավապահ մարմինները շարունակում են բացահայտել, թե ինչպես են ծնողները միլիոնների հասնող գումարներ տալիս իրենց երեխաներին բանակից ազատելու համար, սակայն ավելի ուշ դառնում են խարդախության զոհ: 7 անձ հայտնվել է դատարանի առաջ ոչ միայն կաշառք վերցնելու, այլեւ տալու համար, իսկ կաշառքի չափը 2500 դոլարից մինչեւ 8000 դոլար է կազմել:

Այսպիսով, իրավապահները պարզել են, որ Նվարդ Օսիպյանը մի շարք ՀՀ քաղաքացիների ներկայացել է որպես բժշկական հիմնարկների, ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի կամ Պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության աշխատակից եւ այդ կերպ հավաստիացրել է` իբր, կարող է ՀՀ ներկրել համապատասխան դեղորայք, համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալով` կարող է կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելը, ինչպես նաեւ նրանց որդիներին ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, տեղափոխել հետագա ծառայության նախընտրելի վայր, ապա պահանջել եւ խարդախությամբ հափշտակել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնցից երեքի դեպքում կատարել է նաեւ կաշառք տալու փորձի դրդչություն:
Նվարդ Օսիպյանի թիրախում հայտնվել են կոնկրետ մարդիկ: Մասնավորապես, Վարդան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել որ նա որդուն` Թաթուլ Կիրակոսյանին ազատելու համար 2016թ. Նվարդ Օսիպյանին տվել է 3,086,915 ՀՀ դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Նվարդ Օսիպյանի կողմից նշված գումարը խարդախությամբ հափշտակելու արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Սիրանուշ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Գրիգորյանին վաղաժամկետ ազատելու համար տվել է առանձնապես խոշոր չափերով` 3,8 մլն ՀՀ դրամին համարժեք 8 հազար ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Նվարդ Օսիպյանի կողմից նշված գումարը խարդախությամբ հափշտակելու արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Աշոտ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ Շահումյանի զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ Սերգեյ Ստեփանյանի հայրը, Նվարդ Օսիպյանի դրդչությամբ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին իր լիազորությունների շրջանակներում որդու օգտին գործողություն կատարելու, այն է` Սերգեյ Ստեփանյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում տրամադրելու համար տվել է առանձնապես խոշոր չափերով` 1,1 մլն ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Նվարդ Օսիպյանը կրկին գումարը հափշտակել է, եւ գործը մնացել է կիսատ:
Կարեն Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել որ նա իր որդուն` ՊԲ ժամկետային զինծառայող Էրիկ Մաթեւոսյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցը կարգավորելու շուրջ Նվարդ Օսիպյանին տվել է 3.3 մլն դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն, իր կամքից անկախ, գործը ավարտին չի հասցվել, քանի որ Օսիպյանը խարդախությամբ հափշտակել է ստացված կաշառքի մի մասը` 4000 ԱՄՆ դոլարը:
Սոֆյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել իր որդի Կարեն Դավթյանին պարտադիր ժամկետային զինծառայության վայրից հոսպիտալ տեղափոխելու եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու համար Նվարդ Օսիպյանին առանձնապես խոշոր չափի` 1,1 մլն ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք տալու համար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Գագիկ Գույումջյանին մեղադրանք է առաջադրվել, որ եղբոր որդու օգտին համաձայնության է եկել Նվարդ Օսիպյանի հետ` վերջինիս միջոցով պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով` 2,4 մլն ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալու շուրջ:
Փաստորեն, մարդիկ պատրաստ են անելու ամեն ինչ, միայն թե իրենց որդիները չմեկնեն ծառայության: Այս իրավիճակն իրոք մտահոգիչ է:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ՆՈՐ ՀԱՍՏԻՔ
Մայիսի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշել է Արթուր Մելիքբեկյանին նշանակել Տավուշի մարզպետի տեղակալի օգնական: Նախկինում Տավուշի մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնը որեւէ մեկը չէր զբաղեցնում: 2019թ. փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ նշանակված Հ. Չոբանյանն ազատվում է հին կադրերից, դրանց փոխարեն նշանակում նոր մարդկանց: Նրա պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատվել են մարզպետի 3 տեղակալները, մարզպետը նոր տեղակալ ունի` Թաթուլ Ստեփանյանը: Չոբանյանի պաշտոնավարման կարճ շրջանում պաշտոնից ազատվել է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Մելքումյանը, աշխատանքից ազատվել են մարզպետի խորհրդականները եւ օգնականները, դրանց փոխարեն նշանակվել են 2 նոր խորհրդական եւ 2 նոր օգնական: Հայաստանում թավշա հեղափոխությունից առաջ շատ էր խոսվում, որ մարզպետարանների աշխատակազմերը ուռճացած են, մեկ տարի անց իրավիճակն այնքան էլ չի փոխվել:

 

 

 

ՆՈՒՅՆ ՄԱՐԴՆ Է ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության նախկին գլխավոր ինժեներ Սերգեյ Ղարախանյանը այդ ՋՕԸ-ում կատարված խախտումների վերաբերյալ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արդյունքում ստացել ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Վ. Մելքոնյանի ստորագրությամբ պատասխան: Ս. Ղարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ արդեն չորրորդ անգամ իր դիմում-բողոքներն անցնում են ինչ-որ «կախարդական շրջան», հայտնվում «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի մոտ, որն էլ կազմում է հանձնաժողով` բաղկացած մեկ հոգուց, իր նախագահությամբ, քննարկում է այդ դիմում-բողոքները եւ պատասխանում: Ս. Ղարախանյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ` ջրօգտագործողների ընկերության բարձրագույն մարմինը ՋՕԸ ընդհանուր ժողովն է, ընդհանուր ղեկավարումն իրականացնում է վարչական խորհուրդը, սակայն այդ մարմինները ձեւական բնույթ են կրում: Եվ, որպես դրա վկայություն, Ս. Ղարախանյանը նշում է, որ 2018թ. նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Տավուշ» ՋՕԸ ընդհանուր ժողովը, որտեղ միաձայն որոշվել է տարանջատել Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի ՋՕԸ-երը` դրանք դարձնելով ինքնուրույն միավորներ, սակայն այդ որոշումն այդպես էլ չի իրականացվել: Ս. Ղարախանյանը կասկածի տակ է դնում Յուրա Որսկանյանի պնդումը, որ «Տավուշ» ՋՕԸ-ի վերստուգիչ հանձնաժողովի կողմից ամփոփվել են ՋՕԸ-ի 1,7 տարվա տնտեսական գործունեության ստուգման արդյունքները. ընկերությունում խախտումներ չեն հայտնաբերվել: Ղարախանյանը նշում է այդ ընկերությունում կատարված խախտումները. Յուրա Որսկանյանն իր պաշտոնում նշանակվել է ՋՕԸ-ի կանոնադրության կոպիտ խախտումներով, առանց պայմանագիր կնքելու «Սպայկա» ընկերությանը տրամադրվել է «Տավուշ» ՋՕԸ-ին պատկանող էքսկավատորը, դրա հետեւանքով կատարվել է 3,5 միլիոն դրամի յուրացում, Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում օժանդակ ջրագծի շինարարությունում 1,8 միլիոն դրամի հավելագրում է արվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս