«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում «արշալույսները խաղաղ» չեն: Բանն այն է, որ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը Ազգային Ժողովի փոխնախագահ ընտրվելուց հետո շատ կտրուկ փոխվել է խմբակցության անդամների նկատմամբ: Մեր տեղեկությունների համաձայն` այժմ Վ. Էնֆիաջյանի հետ շփումն անգամ իր խմբակցության պատգամավորների հետ շատ է դժվարացել, քանի որ նա շատ քմահաճորեն է ընդունում այն մարդկանց, որոնք ցանկանում են իր հետ ինչ-որ հարցերի շուրջ քննարկում ունենալ:
Պատգամավորները խմբակցությունում ակնհայտորեն ցույց են տվել, որ Վ. Էնֆիաջյանը վերջին ժամանակահատվածում իրեն շատ վատ է դրսեւորում: Խմբակցությունում գրեթե բոլոր պատգամավորների վերջին շրջանում քննարկման թեման Էնֆիաջյանի վարքն է: Պարզվում է, որ Էնֆիաջյանը խմբակցություն է «ներկայանում» այն ժամանակ, երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է այնտեղ լինում: Վերջինիս դիմավորում ու ճանապարհում է, այդքանով խմբակցության անդամների հետ իր շփումն համարում է ավարտված:
Նշվում է նաեւ, որ Վահե Էնֆիաջյանն իր ամենամտերիմ ընկերների հետ, ում հետ երկար ճանապարհ է անցել, շատ դժկամորեն է շփվում, անգամ իրեն անունով դիմելու համար ցույց է տվել, որ «վիրավորվում» է, ու պետք է իրեն դիմեն միայն ազգանունով: Ըստ տեղեկությունների` Վահե Էնֆիաջյանը խմբակցությունում ցույց է տվել, թե իր աշխատանքը շատ ծանրաբեռնված է, ու ինքը ժամանակ չունի լրատվամիջոցների հետ շփվելու, ուստի պետք է նաեւ իրեն զերծ պահեն այդ գործառույթից:
Արդեն երկար ժամանակ էր` «Ժողովուրդ» օրաթերթին չէր հաջողվում այս հարցերի շուրջ զրուցել Վահե Էնֆիաջյանի հետ, իսկ երեկ էլ խորհրդարանում վերջինս շատ ագրեսիվ արձագանքեց, երբ փորձեցինք զրուցել նրա հետ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ճանապարհելուց հետո Էնֆիաջյանը հայտարարեց, որ շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել: Այնուհետեւ ասաց, թե շատ կարճ կպատասխանի մեր հարցերին:
-Պարո՛ն Էնֆիաջյան, մեր տեղեկությունների համաձայն` Դուք ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո շատ եք փոխվել, որեւէ կերպ չեք շփվում Ձեր խմբակցության պատգամավորների հետ, չեք ցանկանում իրենց հետ որեւէ առնչություն ունենալ, Ձեզ հետ հանդիպելու համար էլ պետք է հերթագրվել: Ինչո՞ւ:
-Ավելի անհեթեթ բան ես երբեւիցէ չեմ լսել. բոլոր իմ գործընկերների հետ շփման մեջ եմ: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ չկամներին, չուզողներին ու այս թեզը փորձող տարածողներին էլ ի լուր նաեւ ասեմ, որ չգիտեմ, թե որտեղից են այս անհեթեթությունները որոշել, փորձել կպցնել ինձ, որովհետեւ դա իրականության հետ որեւէ աղերս չունի: Իմ ընկերների, իմ գործընկերների հետ մենք կապի մեջ ենք, ընդ որում` նաեւ կապի մեջ ենք հանգստյան օրերին եւս: Հանդիպումներ լինում են ոչ միայն աշխատանքային, այլ նաեւ ոչ աշխատանքային ֆորմատով:
-Կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված` Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ Ձեր հանդիպումները «զրոյացրել» եք:
-Մենք միշտ էլ կապի մեջ ենք, մենք հեռախոսով էլ կապի մեջ ենք, մենք աշխատանքային քննարկման մեջ ենք: Որպես փաստ էլ ասեմ, որ երբեք` ոչ մի անգամ, ոչ մի օրինակ չկա, որ ես իմ գործընկերների հետ ընդունելության ֆորմատով շփվեմ, նման դեպք չի արձանագրվել թե՛ որպես խմբակցության քարտուղար լինելու ժամանակ, թե՛ որպես Ազգային Ժողովի փոխնախագահ լինելու ժամանակահատվածում, եւ չի կարող լինել: Ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում, ո՛չ էլ ապագայում նման բան լինել չի կարող:
-Նշվում է նաեւ, որ Դուք արգելել եք Ձեր մետերիմներին Ձեզ անունով դիմել, քանի որ վիրավորվում եք, այդ հարցում տարաձայնություններ ունեք խմբակցությունում:
-Մեծ սուտ է` իմ անձի հետ կապված: Խմբակցությունը, ԱԺ փոխնախագահը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որը ամբողջ խմբակցության անունից եմ ներկայացրել, երբ դա ամենակարեւորագույն հարցն է: Ես կրկնում եմ, որ դրանք ոչ իրական տեղեկություններ են. ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում եւ ո՛չ էլ ապագայում իմ չուզողները թող իմանամ, որ նման բան չի կարող լինել: Ես շատ լավ գիտեմ իմ կարգավիճակը, իմ աշխատանքը, ես շատ լավ գիտեմ իմ գործառույթները: Ես չեմ ուզում նորից կրկնեմ այն, ինչ ասել եմ, բայց իրական են այն տեղեկությունները, ինչ ասեցի:
Հ.Գ. ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր գործելաոճն ու խոսելաոճն իսկապես փոխել է վերջին ժամանակահատվածում, քանի որ եթե նախկինում Էնֆիաջյանը շատ բարյացկամ պատասխանում էր լրագրողների հարցերին, «նազ ու տուզ» չէր անում հարցազրույցներ տալու համար, ապա երեկ մեզ հետ եւս խոսեց շատ ագրեսիվ, շատ կոպիտ տոնով: Ու հարցազրույց տալիս էլ հայտարարեց, թե շատ կարճ է խոսելու, ժամանակ չունի: Հուսանք` Վահե Էնֆիաջյանը կվերանայի իր գործելաոճը, քանի որ նման աշխատանքային ոճով շատ երկար «չի ձգի»:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ՆԱՄԱԿՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` կառավարությունն ու պետական մի շարք գերատեսչություններ, վերջին ժամանակահատվածում իրենց աշխատանքը համարելով շատ կարեւոր, որոշել են անարձագանք թողնել պատգամավորների, ժողովրդի ու, ընդհանրապես, այլ պետական կառույցներից իրենց ուղարկված նամակները:
Անհասկանալի է, թե ինչու են կառավարությունում կամ նախարարություններում համարում, որ իրենց լեգիտիմությունը կարող է իրավունք տալ արհամարհական վերաբերմունք դրսեւորել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը եւս նամակներ է ուղարկել կառավարությանը, սակայն ամիսներ շարունակ դրանցից պատասխան չի ստացել: «Երբ ներկայացվում էր կառավարության զեկույցը, որը ներկայացում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես նրան այդ մասին ասացի ու կարծում էի, որ դա զգոնության ազդակ կարող է լինել, կոչ կլինի, որ ուղարկված նամակներին պետք է պատասխանել: Բայց դա տեղի չունեցավ, ու ես այժմ էլ սպասում եմ նամակների պատասխաններին, որոնց տեղեկատվությունը, այսպես ասեմ, նույնիսկ հնանում է, ու խնդիր է դառնում: Ես նամակներ գրել եմ փետրվարին ու մինչեւ հիմա սպասում եմ պատասխանին»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ Անի Սամսոնյանի` ինքը դեռեւս չի ցանկանում «սեւ ցուցակում» ներառել իրեն չպատասխանած գերատեսչություններին` կարծելով, որ իր նամակներին դեռեւս կպատասխանեն: «Եթե չպատասխանեն, դա խնդիր է, ու դա նաեւ ի չիք է դարձնում բոլոր այն հայտարարությունները, թե մենք կառավարության աշխատանքը դարձնում ենք ավելի արդյունավետ: Չի կարող լինել որեւէ աշխատանք, չի կարող լինել որեւէ գործ, որը ավելի կարեւոր կլինի, քան պատգամավորի նամակին պատասխանելը, որովհետեւ մենք խորհրդարանական երկիր ենք, խորհրդարանականները գործադիրի վերահսկողներն են, եւ իրենք պարտավոր են առաջինը մեր նամակներին պատասխանել: Այսինքն` այս անփութություն ասեմ, արհամարանք ասեմ, անտարբերություն ասեմ, սա մեծապես խոչընդոտում է նաեւ մեր պատգամավորական աշխատանքին»,-եզրափակես Սամսոնյանը:
Ըստ մեր տեղեկությունների` նույն ճակատագրին են արժանանում նաեւ ՀՀ քաղաքացիների կողմից ուղարկվող նամակները: Վերջիններս էլ նամակի պատասխանին երկար սպասելուց հետո ստիպված են լինում փողոց դուրս գալ` բողոքի ակցիա անելով. երեկ վարդաբլուրցիները ԱԺ-ի դիմաց բողոքում էին իրենց նամակներին չարձագանքելու համար:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿԳՆԱՆ ԱՐՑԱԽ
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ` մասնակցելու Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին։ Միեւնույն ժամանակ Արցախում է լինելու նաեւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կրկին այդ նպատակով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաշինյանից բացի Արցախ կմեկնեն նաեւ ԱԺ պատգամավորներ։ Երեկ փորձեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից պարզել, թե ովքեր են ընդգրկված լինելու պատգամավորական պատվիրակության կազմում, սակայն վերջինս հորդորեց հարցը գրավոր ուղարկել՝ ասելով, թե անգիր չի հիշում բոլորի անունները։ Սակայն միջոցառումները չեն սահմանափակվելու միայն Արցախով. մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում կրկին միջոցառում կլինի, իսկ այսօրվանից էլ միջոցառումներ կլինեն` նաեւ Երկրապահ կամավորական միության օրվան նվիրված։ Ընդ որում, այս առթիվ միջոցառումներ կլինեն նաեւ տարբեր մարզերում, եւ վարկանիշային ընտրակարգով ընտրված շատ պատգամավորներ եւս տեղում մասնակցելու են միջոցառումներին։
ԱՎԱՐՏԵԼ ԵՆ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու քրեական գործն ուղարկվել է կողմերին` ծանոթանալու համար: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց կալանավորված դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը: Ինչպես հայտնի է, հարուցված քրեական գործի շրջանակներում դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Դաատավորը չի ընդունել մեղադրանքը եւ ցուցմունք է տվել` հայտնելով, որ դա կաշառք չի եղել, այլ իրեն պարտք են եղել եւ պարտքն են վերադարձրել:
ՆՈՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարության եւ Եվրոպական միության միջեւ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին եւ 2019-ի մարտի 20-ին ստորագրվել է «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31 մլն 250 հազար եվրո: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործադիրը մայիսի 10-ի նիստին հավանություն կտա ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ի դեպ, համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում` որպես փորձնական շրջաններ ընտրված Շիրակ, Լոռի եւ Տավուշ մարզերում, ընդհանուր եւ բալանսավորված ներառական աճ իրականացնել խելացի եւ կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի եւ ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով: