2 ԹԵԿՆԱԾՈՒ, ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 3-ը հայտարարել էր մրցույթ այն անձանց համար, որոնք իրենց տեսնում են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում: Այսպիսով, մրցույթին մասնակցելու համար դիմել է 2 հոգի՝ 2018թ. նոյեմբերից կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, երաժիշտ, «Հովեր» պետական կամերային երգչախմբի խմբավար Սոնա Հովհաննիսյանը եւ ԵՊԿ պրոֆեսոր, 2011-2018թթ. կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Մրցույթը տեղի կունենա կոնսերվատորիայում մայիսի 14-ին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռեկտորի պաշտոնի երկու թեկնածուի հետ, ծանոթացավ կոնսերվատորիայի հետ կապված նրանց ծրագրերին:

Սոնա Հովհաննիսյանը նկատեց, որ համեմատած նախորդ տարիների հետ` այս տարի 2 թեկնածուի առկայությունը փոքր նվաճում չէ. «Ռեկտորի նախորդ 3 ընտրությունների ժամանակ ընդամենը 1 թեկնածու է առաջադրվել: Այնպես որ, 2 թեկնածուի առաջադրումը նորմալ է: Իհարկե, կան էլի կադրեր, որոնք արժանի էին առաջադրվելու: Մենք ունենք երաժշտական հրաշալի միջավայր եւ փորձառու մասնագետներ»:
Նա տեղեկացրեց, որ 60 կետով հաշվետվություն ունի այն մասին, թե ինչ է հասցրել իրականացնել իր պաշտոնավարման 6 ամսվա ընթացքում. «Կոնսերվատորիայում խնդիրները բազմաթիվ են: Այս 6 ամսվա ընթացքում նորացվել են կրթական, ուսումնական ծրագրերը: Լուծվել են հիմնաքարային մի շարք խնդիրներ, օրինակ՝ կամընտրական առարկաների բացակայության հարցը: Մայիսի 6-ին կոնսերվատորիայում առաջին անգամ բաց դռների օր հայտարարեցինք, երաժշտական դպրոցներից եւ ուսումնարաններից այդ օրը եկան մեր բուհ, ներկա եղան դասընթացներին: Փողային եւ սիմֆոնիկ նվագախումբ, համակոնսերվատորիական երգչախումբ ենք ստեղծել: Իմ պաշտոնավարման երկրորդ ամսից աշխատավարձերը բարձրացվել են 30 տոկոսով, միեւնույն գործառույթներով աշխատող երկու ամբիոններ են միացվել»:
Ինչ վերաբերում է պարոն Հարությունյանի առաջադրմանը, տիկին Հովհաննիսյանը նշեց. «Ես այդ մասին իմացել եմ առաջադրումից մեկ օր առաջ: Ի դեպ, պարոն Հարությունյանն ասաց, որ այդ մասին առաջինը ինձ է տեղեկացրել»:
Մենք զրուցեցինք նաեւ Վաղարշակ Հարությունյանի հետ, որը, նախ, ընդգծեց, որ թեեւ վերջին օրն է դիմել մրցույթին մասնակցելու համար, բայց այդ մասին մտածելու երկար ժամանակ է ունեցել.

«Գիտեմ, որ ռեկտորի աշխատանքը բավական ծանր է, բայց պատրաստ եմ այն ստանձնելու: Ասեմ, որ առաջադրվելու որոշումս ամենեւին կապված չէ այն հանգամանքի հետ՝ հավանում եմ Սոնա Հովհաննիսյանի աշխատաոճը, թե ոչ: Ես իմ էությամբ ոչ կոնֆլիկտային մարդ եմ եւ բացարձակ ցանկություն չունեմ ստվեր գցելու Սոնա Հովհաննիսյանի վրա: Ինքը կոնսերվատորիայի զարգացման իր տեսլականն ունի, ես՝ իմ: Երբ մրցույթ է լինում, հայ իրականության մեջ սովոր են մասնակիցներին անվանել հակառակորդներ կամ մրցակիցներ: Մեր պարագայում չկա նման բան: Հիմա կոնսերվատորիայում այնպիսի առողջ մթնոլորտ է, որ յուրաքանչյուրը, ով համապատասխանում է չափանիշներին, կարող է առաջադրվել եւ օբյեկտիվ մրցույթ ակնկալել: Անձամբ ես պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել բուհին նաեւ չընտրվելու դեպքում, եթե, իհարկե, դրա կարիքը լինի»:
Պարոն Հարությունյանի համոզմամբ՝ կոնսերվատորիան այսօր ամենաշատը ֆինանսների կարիք ունի. «Ամենափայլուն ծրագիրն էլ գրվի, գումար է անհրաժեշտ այն կյանքի կոչելու համար: Ես իրատես մարդ եմ, ունեմ բավականաչափ փորձ եւ շատ լավ եմ հասկանում դա: Ունեմ անձնական կապեր թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս: Կարծում եմ՝ ֆինանսական խնդիրները կարելի է լուծել նաեւ դրամաշնորհների ու հովանավորների միջոցով: Թե՛ իմ, թե՛ տիկին Հովհաննիսյանի ցանկությունն է զարգացնել բուհը, դնել այն ավելի բարձր մակարդակի վրա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

 

13 ԺԱՄ` ՕԴԱՆԱՎՈՒՄ, ՀՂԻՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՄՍՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ:

Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է: Նա, նախ, հիշեց ուշագրավ մի փաստ հղիության շրջանից. «Իսկապես չեք հավատա, բայց ծննդաբերությունից ընդամենը մի քանի օր առաջ 13 ժամ օդանավով թռիչք եմ ունեցել: Շատերին էր զարմացրել իմ համարձակությունը: Փառք աստծո, ամեն բան բարեհաջող ընթացք ստացավ, եւ իմ դստրիկը չորոշեց ծնվել հենց օդանավի մեջ»,- ծիծաղելով նշեց դերասանուհին:
Անդրադառնալով բեմական կյանքին՝ Նաիրան հիշեց. «Մեկ անգամ չէ, որ ներկայացումից րոպեներ առաջ փակված եմ մնացել զուգարանում: Դա պարզապես սարսափելի է, երբ հանդիսատեսը սպասում է քեզ, իսկ դու անելանելի իրավիճակի մեջ ես: Բախտս բերել է, որ հաջողվել է վերջին պահին դուրս պրծնել այնտեղից: Ի դեպ, ասեմ, որ դերասաններից միայն ես չէ, որ հայտնվել եմ «թակարդում»: Կոլեգաներիս հետ նույնպես այդպիսի դեպքեր հաճախ են եղել»:
Դերասանուհին մի դրվագ էլ ճամփորդական կյանքից առանձնացրեց. «Չեք հավատա, բայց Եգիպտոսում մեկ շաբաթ շարունակ փարաջայով եմ շրջել: Նախ՝ այդպես ավելի զով էր, հնարավոր էր հաղթահարել շոգը, եւ հետո՝ որպես կին` ինձ ավելի ապահով էի զգում: Գիտեմ, որ այդ երկրում կանանց համար այնքան էլ անվտանգ չէ, հատկապես՝ զբոսաշրջիկների, ուստի գտել էի օպտիմալ լուծումը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ թե՛ մասնագիտության բերումով, թե՛ խառնվածքից ելնելով՝ իր հետ ուշագրավ դեպքեր հաճախ են պատահում: Նաիրան այն կանանցից է, որոնք եթե գրի առնեն դրանք, ապա մի ամբողջ օրագիրն էլ, թերեւս, չի բավականացնի:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՑՆԵԼ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ` անդրադառնալով վերջին ժամանակներս այս ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին:
Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Տուր դե Արմենիա». «Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա այսպիսի խոշոր իրադարձություն: Կարծում եմ, որ «Տուր դե Արմենիան» կդառնա ավանդական: Այս պահին կան հայտեր 8 երկրներից: Մասնակցելու է 13 թիմ` մոտ 100 մարզիկ: Այս խոշոր իրադարձությունը Հայաստանում կկայանա օգոստոսի 18-ից 25-ը»:
Ղազարյանը խոսեց նաեւ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի մասին. «Մի շարք բանակցություններից հետո որոշեցինք, որ կառուցվելու է Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց, իսկ հինը ենթարկվելու է վերակառուցման»:
Գաբրիել Ղազարյանը հավելեց, որ հին մարզադպրոցը վերակառուցման համար օգտագործելու են համայնքային բյուջեն, իսկ նոր մարզադպրոցի կառուցման համար նախատեսված է ծախսել 480 մլն դրամ:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը խոսեց նաեւ վերջերս սպորտի աշխարհում ծագած սկանդալների մասին:
Ինչպես հայտնի է, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կասեցրել էր բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը: Սակայն օրեր առաջ ֆեդերացիայից հայտարարել էին, թե իրենց ֆինանսավորումը կրկին վերականգնվել է: Գաբրիել Ղազարյանն ասաց. «Պարզ եւ հստակ ասում եմ` Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցված է: Եթե դուք հավատում եք ֆեյսբուքյան գրառումներին, եւ ոչ թե ինձ, ապա այլեւս ոչինչ ասել չեմ կարող»:
Այստեղ ամենաուշագրավն այն է, որ ավելի ուշ Բռնցքամարտի ֆեդերացիան տարածեց դատարանի որոշումը, որի համաձայն` Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը պետք է շարունակվի:
Օրեր առաջ Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին անդամ եւ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան, կեղծ փաստաթղթերի հիման վրա, ՀՀ ԱՆ պետական ռեգիստրում գրանցել է իբր փոփոխված կանոնադրությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Գաբրիել Ղազարյանն ասաց, որ չի տիրապետում այդ տեղեկություններին: «Այդ ամենի մասին տեղյակ չեմ, մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց կարող եմ հստակ ասել, որ ոչ ոք ուղղակի չի կարող կեղծիքներ իրականացնել եւ անցնել օրենքի սահմանները»,- պնդեց նա:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս