Մայիսի 13-ին կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Քրեական գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքին։ Դատական նիստին մասնակցում էին նաեւ Քոչարյանի աջակիցները: Նիստը, սակայն, հարթ եւ խաղաղ չանցավ: Քոչարյանի աջակիցները դատարանում քաշքշեցին եւ հարվածեցին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, որը բղավում էր «Ռոբիկ սրիկա՛, Ռոբիկ մարդասպա՛ն»: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այտոսկրի շրջանում վնասվածք ստացավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հարվածներից եւ քաշքշելուց հետո: Գասպարին լրագրողներին տեղեկացրել է, որ իրեն նաեւ շշով են հարվածել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:
-Դե, Քոչարյանի աջակիցները ծեծելու եւ քաշքշելու փորձն ունեն. 2008-ի մարտի 1-ին ինձ էլ են քաշքշել, Վարդգես Գասպարիին էլ: Հիմա նորից նույնն են անում: Կարմիր կովը կաշին չի փոխում:
-Քոչարյանի աջակիցները Քոչարյանին դիմավորեցին ծափահարություններով եւ «ազատություն» վանկարկումով: Սպասու՞մ էիք նման աջակցություն:
-Մեծ հարգանքով եմ վերաբերվում ցանկացած մեկի ազատատենչ մտադրություններին, այդ թվում՝ Քոչարյանի, շատ եմ հարգում ցանկացած քաղաքացու ազատության իրավունքը, բայց այդ ազատությունը պետք է դրվի կշեռքի մի նժարին, ՀՀ սահմանադրությունը, որով այդ ազատության իրավունքը տրվել է յուրաքանչյուրին` մյուս: ՀՀ նախագահը պետք է լիներ սահմանադրության գարանտ: Ժամանակին, երբ ապագա թագավորն անչափահաս էր, նրա համար նշանակում էին գարանտ, որը ցանկացած մեթոդ եւ զենք պետք է կիրառեր, որպեսզի պաշտպաներ ապագա թագավորին: Նրան ասում էին, որ թագաժառանգի կյանքը պաշտպանելու համար ինչ անես-չանես, անձեռնմխելի ես: Բայց այս գարանտը, որը պետք է պաշտպաներ թագաժառանգի կյանքը, բռնում ու կտրում է նրա կոկորդը: Հետո ասում է. «Ժողովո՛ւրդ, բա դուք ինձ անձեռնմխելիություն էիք տվել, ես պետք է կարողանամ դրանից օգտվել»: Հիմա մենք Քոչարյանին ասում ենք. «Հարգելի՛ս, մենք քեզ այդ անձեռնմխելիությունը տվել էինք, որպեսզի սահմանադրությունը պաշտպանեիր, իսկ դու կտրել ես նրա վիզը, ուրեմն ինչպե՞ս կարող ես ունենալ անձեռմխելիություն: Դու պաշտպանելու դեպքում ես անձեռմխելի, ոչ թե մորթելու: Մորթելու դեպքում պետք է մորթվես:
-Այսինքն՝ Քոչարյանի եւ նրա պաշտպանների պահանջը արդարացված չե՞ք համարում:
-Պարզապես իմաստազուրկ է նրանց պահանջը: Բայց էլի եմ ասում, Քոչարյանը Հայաստանի քաղաքացի է, եւ ես հարգում եմ ազատության նկատմամբ նրա տենչը: Բայց ասում եմ՝ սահմանադրության վիզը կտրելով՝ 10 հոգու անմիջապես ես զոհել, շուրջ 200 հոգու վիրավորել ես, 1000 հոգի էլ իրավապահ մարմինների հետ խնդիրներ է ունեցել: Քո մի քայլի պատճառով մի ամբողջ ժողովուրդ տասը տարի ապատիայի մեջ է եղել, ապերջանիկ է եղել: Դու մարդկանց ազատության, երջանիկ լինելու իրավունքը խախտել ես եւ պետք է պատասխան տաս: Ու թող դատարանը վճռի քո մեղքի չափը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է նախորդ տարվա հուլիսի 3-ին։ Այս գործով ներկայումս կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ