ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԱՊ ՉԷ. ՄՇԱԿՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի` նոյեմբերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ մինչեւ ազատ, արդար ընտրություններ անցկացնելը պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, եւ ընդհանրապես օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք է անել, եւ դա այնպես պետք է անել, որ հապճեպ ոտքի վրա արված փոփոխություններ չլինեն, որ մեծ պրոբլեմներ չառաջացնեն»: Միաժամանակ Փաշինյանը հորդորել էր ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկություններով հանդես գալ այդ դաշտում փոփոխություններ կատարելու համար:

Նիկոլ Փաշինյանն իրենց ճանապարհային քարտեզի մասին խոսելիս նշել էր նաեւ, որ «Մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով, Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով ստեղծվում են նաեւ օրենսդական երաշխիքեր, որ կարող են առաջիկայում տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար խորհրդարանական ընտրություններ: Մենք Հանրապետության հրապարակում չենք քննարկել, թե Ընտրական օրենսգրքի ինչ տարբերակով դա պետք է տեղի ունենա, եւ եթե նույնիսկ քննարկած լինեինք, խորհրդարանական ուժերի քվեարկության արդյունքում պետք է որեւէ օրենք անցնի, եւ ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ: Կառավարությունը ամեն ինչ արել է թույլատրելիի սահմաններում, որ այդ օրենսգիրքը ընդունվի»: ԱԺ ընտրություններից հետո արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է հայտարարել ԸՕ փոփոխությունների գործընթաց սկսելու մասին` պնդելով, որ դա պետք է արվի ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ուժերի, նաեւ քաղաքացիական հասարակության հետ քննարկումների միջոցով:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից պարզել` արդյոք իրենք քայլեր ձեռնարկել են Ընտրական օրենսգրքում եւ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար:
-Մենք վաղուցվանից` նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ հայտարարել էինք, որ այդ երկու փաստաթղթերում էլ եւ մի քանի փաստաթղթերում եւս մենք պետք է փոփոխության ենթակենք, այնտեղ փոփոխության ենթակա դրույթներ կան: Եւ հիմա էլ պատրաստվում ենք մեր նախաձեռնություններով էլ հանդես գալ, միեւնույն ժամանակ Դուք գիտեք, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված հանձնաժողով է ձեւավորվում Ազգային Ժողովում, որտեղ ներկայացված ենք նաեւ մենք ու մեր դիրքորոշումը այնտեղ արտահայտելու ենք: Դեռեւս, այսպես ասած, հանդիպումների պարբերականություն չկա, երբ որ այդ հանդիպումները ավելի պարբերական կլինեն, արդեն այդ ամեն ինչը կբարձրաձայնվի: Հիմա, որպես այդպիսին, մեր խմբակցությունում մշակում ենք մեր վերջնական դիրքորոշումը: Դեռ որ ասեմ բոլոր հարցերի հետ կապված կա վերջնական դիրքորոշում, սխալված կլինեմ. իրականում դեռեւս մշակման փուլում է, հենց որ վերջնական դիրքորոշումներն արդեն պատրաստ կլինեն, անպայմանորեն Ձեզ կներկայացնենք:
-Այսինքն` Ընտրական օրենսգրքում եւ «Կուսակցությունների մասին» օրենքում խմբակցությունը պատրաստվո՞ւմ է ներկայացնել փոփոխությունների առաջարկ:
-Այո, բոլորի դեպքում էլ աշխատանքներ կատարվում են խմբակցությունում, քննարկվում է, բայց վերջնական տարբերակ չկա, որ Ձեզ ներկայացնեմ, կլինի վերջնական տարբերակ, կներկայացնենք բոլորին:
-Ովքեր փորձում են Հայաստանում նոր կուսակցություն ստեղծել, հայտարարում են, որ շատ բարդություններ ու խոչընդոտներ են դրված: Դուք պատրաստվո՞ւմ եք այդ հարցին լուծում տալ, որպեսզի ՀՀ-ում կարողանան առանց խոչընդոտի կուսակցություններ ստեղծել:
-Իրականում նորմալ է, որ բարդ է կուսակցություն ստեղծելը, որովհետեւ քաղաքական կուսակցություն ստեղծելու համար որոշակի հասարակական ներկայացվածություն պետք է լինի: Այդ առումով կարող եմ ասել, որ մի կողմից լավ է, եթե բարդ է կուսակցություն ստեղծելը, մյուս կողմից էլ կարող է մեր սոցիալական միջավայրն այնպես է փոխվել, որ դժվար է: Օրինակ` այս փուլում, որը հետհեղափոխական փուլ է հիշեցնում, դժվար է սոցիալական լայն հենք գտնել, որպեսզի նոր գաղափարախոսություն առաջ տանել` հաշվի առնելով առանձնահատկությունն այս ժամանակահատվածի: Այդտեղ խնդիր կարող եմ տեսնել ու ասել, որ դա համատարած խնդիր է, ու դա նաեւ պետք է որ պատճառ հանդիսանա նոր փոփոխությունների: Կարծում եմ` դա ժամանակավրեպ կլինի, պետք չի, որ այս ժամանակահատվածից ելնելով` փոփոխություններ մտցվեն, պետք է ավելի համակարգային վերաբերվենք այս ամենին: Իրականում հիմա է դժվար կուսակցություն ստեղծելը, որովհետեւ Դուք տեսնում եք, հասարակական-քաղաքական իրավիճակն ինչպիսինն է: Ու, այո, այստեղ կարող է բարիեռներ լինեն, որը ներկայիս ժամանակի հետ է կապված:
-Իսկ Ընտրական օրենսգրքում կա՞ կոնկրետ կետ, որը նպատակ ունեք փոփոխության ենթարկել: Ո՞ր հատվածն եք քննարկում փոխել:
-Մենք ունենք մի քանի տարբերակներ, քննարկում ենք մի քանի ձեւաչափ, այդ թվում` քննարկում ենք համապետական, ռեյտինգային կարգի հետ կապված, մեծամասնական ընտրակարգի հարցը, որը սահմանադրական փոփոխությունների դեպքում կարելի կլինի ներդնել եւ այլն: Դա է նաեւ պատճառը, որ հիմա հնարավոր տարբերակներ են քննարկվում: Մենք փորձում ենք այս պահին հասկանալ, թե որ տարբերակն է ճիշտը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ, որից հետո նոր կգնանք վերջնական եզրահանգման: Դրա համար այս պահին մեզ մոտ մշակման փուլ է, մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղություններով: Մենք գործ անում ենք, պարապ չենք նստում:

 

 

 

 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ԳՈՂԱԿԱՆ» ՍԻՄՎՈԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ մասնակցելու ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Համաժողովն ընթանում էր մարզկենտրոն Գավառում: Համաժողովից հետո տեղի էր ունեցել ցուցահանդես, որտեղ, չգիտես ինչու, որոշվել էր ՀՀ վարչապետին, ողջ աշխարհից եկած հյուրերին ներկայացնել նաեւ, այսպես ասած, «գողական» համայնքի ներկայացուցիչների «նշանը»` ութանկյունը (ՉՏրՖՎՌՍՏվպփվՌՍ): «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ բողոքներ է ստացել մարզի բնակիչներից, որոնք դժգոհ են այն հանգամանքից, որ մարզում նման բաներ են քարոզվում:

Ֆորումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը անդադար զանգեր է ստանում. մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնում ցուցահանդեսին ներկայացված քրեական խորհրդանիշի առիթով. «Վարչապետ Փաշինյանը ոնց չտեսավ, էդ ամոթալի թզբեհների հեղինակի հարցերը տեղում լուծեր»: Արդեն երկու օր շարունակ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից պարզել, թե, ի վերջո, ով է այդ ամենի հեղինակը, ու ինչու է որոշվել նման ցուցահանդեսում ներկայացնել «գողական» բարքերը: Պարզվում է` մարզպետն այնքան զբաղված է, որ ո՛չ հեռախոսազանգերին է պատասխանում, ո՛չ հաղորդագրություններին: Երեկ էլ ողջ օրվա ընթացում մարզպետը չբարեհաճեց մեր զանգերին պատասխանել ու պարզաբանել, թե ինչու են նման տարօրինակ բան արել:
Երկար «դեգերումներից» հետո մեր հեռախոսազանգին պատասխանեց մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը, որ սկզբից ասաց, թե ինքն է եղել համաժողովի անմիջական կազմակերպիչներից մեկը, բայց տեղյակ չէ, որ նման բան է ցուցադրվել: Այնուհետեւ ճշտելուց հետո մեր զրուցակիցը հայտարարեց, որ դրանք Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ռոբոտաշինության խմբակի երեխաների ձեռքի աշխատանքներն են եղել: Նարեկ Մանուկյանը, սակայն, այդտեղ որեւէ տարօրինակ բան չտեսավ` համարելով, որ այդ նույն սեղանին այլ բաներ էլ են ցուցադրվել, ու պետք չի կենտրոնանալ դրա վրա:
Փորձեցինք այս հարցի շուրջ զրուցել նաեւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի հետ, սակայն վերջինս էլ հայտարարեց, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում, ավելին` ինքը ուշացած է մասնակցել համաժողովին, քանի որ ճանապարհին իր մեքենան անսարքություն է ունեցել:
Որեւէ բան չի մնում, քան եզրակացնել, որ Ճամբարակ քաղաքի երեխաների ապագան վտանգված է, քանի որ նման խմբակներում այդ տարիքում արդեն սովորեցնում են նմանատիպ անցանկալի բաներ: Հուսանք` Գեղարքունիքի մարզպետը կփորձի այս հարցին լուծում տալ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՉՄՆԱՑ
Երեկ Երեւանում տեղի է ունեցել ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը: Այդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել Արցախի Ազգային ժողովի պատգամավորները` խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Արդեն նիստի աշխատանքներից հետո երկու կողմերի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի կողմից ճաշի հրավիրվեցին: Եվ այստեղ հետաքրքիր է, որ Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը չմնաց ճաշին եւ գործընկերներին մեկնաբանեց, թե այլ հանդիպումներ ունի եւ չի կարող մնալ: Միեւնույն ժամանակ նկատենք, որ ՀՀ ընդդիմադիր պատգամավորները մնացին ընթրիքին:

 

 

 

ԱՎԱՐՏՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է: Մեզ հայտնի դարձավ, որ գործը ՀՀ քննչական կոմիտեն ուղարկել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու ներկայացրել: Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութունը:

 

 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆ
ՀՀ ԱԺ-ին կառավարությունն առաջիկայում կհատկացնի 85 մլն դրամ գումար: Բանն այն է, որ ԱԺ-ն մտադիր է այդ գումարով ռենտգենային զննող սարքավորումներ գնել: Պարզվում է` խորհրդարանի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: Նշենք, որ այդ սարքավորումները շահագործվում են դեռեւս 1998 թվականից եւ արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի: Ավելին` այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, եւ անհրաժեշտ պահեստամասեր գտնելը դարձել է դժվար, ծախսատար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ Բաղրամյան անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումն այլեւս վերանորոգման եւ շահագործման ենթակա չէ: Այնպես որ, ԱԺ-ն գնելու է թվով 4 ռենտգենային զննող սարքավորում, որոնցից 3-ը տեղակայվելու են անցակետերում, 1-ը` ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ: Բացի այս, պարզվում է` ԱԺ աշխատակազմն առաջարկում է այն ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով: Ըստ այդմ, ԱԺ-ն նպատակահարմար է գտել այդ սարքավորումները ձեռք բերել «Կոնսէլ» ՍՊԸ-ից` հիմնավորելով, որ տրամադրվող սարքավորումները հզոր են, իսկ ձեռքբերման գումարի մեջ ներառվում է նաեւ սպասարկումը:




Լրահոս