ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի քաղաքական կյանքում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Իհարկե, դատավարություններ շատ են եղել Հայաստանի կյանքում, սակայն այսպիսի քաղաքական իրավիճակ, որը նաեւ փակուղային է, չի եղել:

Ինչպես հայտնի է, Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նույն օրն անձնական երաշխավորություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ այսօր կամ էլ ծայրահեղ դեպքում վաղը ԼՂ նախկին եւ ներկա նախագահներն անձամբ կգան դատարան եւ կհաստատեն իրենց միջնորդությունը:
Իսկ ինչո՞ւ է իրավիճակը փակուղային. ստացվում է` Արցախի պատմության երեք նախագահներից մեկը կալանավորված է, իսկ մյուս երկուսը պահանջում են նրա ազատությունը, ընդ որում` նրանցից մեկն էլ գործող նախագահ է: Այստեղ այլ կարծիք լինել չի կարող, եւ ակնհայտ է, որ ում միջնորդությունն էլ լինի եւ ում համար էլ որ լինի, այն բոլոր մարդիկ, որոնք որեւէ կերպ առնչություն են ունեցել մարտի 1-ի դեպքերին, պետք է պատասխանատվության ենթարկվեն` անկախ իրենց ունեցած կարգավիճակից: Եվ դատարանի վրա ցանկացած ազդեցություն կարող է շատ վատ անդրադառնալ արդարադատության համակարգի վրա:
Սակայն, մյուս կողմից, մենք ունենք մի իրավիճակ, որ անձնական երաշխավորություն է ներկայացրել Արցախի ընտրված եւ լեգիտիմ նախագահը, եւ այստեղ կապ չունի, թե ում համար է ներկայացված միջնորդությունը: Եթե տրվում է երաշխավորություն, առաջին հերթին առաջնորդվում ենք այն վարկածով, թե ով է միջնորդություն ներկայացրած անձը, այլ ոչ թե ում համար է ներկայացվել:
Եվ այստեղ կարող ենք մեջբերել Քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը, որն էլ հենց սահմանում է անձնական երաշխավորություն ներկայացնելը:
Եվ հոդված 145-ում գրված է. «Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը»:
Եվ ելնելով նաեւ այս հոդվածից ու միջնորդություն ներկայացրած անձանցից` ստացվում է, որ մերժելու դեպքում դատարանը մերժելու է Արցախի ընտրված նախագահին, Արցախի ժողովրդին: Դրա հետ մեկտեղ այդպես վտանգի տակ է դրվում երաշխավորի ինստիտուտը: Ի դեպ, հիշում եք, օրինակ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեպքում բավարարվում էին պատգամավորների միջնորդությունը, ինչը երաշխավորի ինստիտուտի առկայության մասին է խոսում: Եւ Արցախի նախագահի դեպքում կլինի շատ անհարմար իրավիճակ, նաեւ նրա հանդեպ վերաբերմունք:
Հիմա դատարանը պետք է կարողանա այնպես հիմնավորել երաշխավորության մերժումը, որ, նախ, այդ ինստիտուտը չվտանգվի, եւ որպես վատ վերաբերմունք չընկալվի Արցախի նախագահի վերաբերյալ: Մյուս կողմից էլ այս երաշխավորությունն ու իրավիճակն ունի նաեւ այլ կողմ. ստացվում է` արցախյան կողմը փորձ է անում խառնվել ՀՀ ներքին գործերին: Եվ այստեղ տեղին է հիշել տարիներ առաջ մի իրավիճակ, երբ լրիվ հակառակ պատկերն էր: Երբ Արցախում ընթանում էր Սամվել Բաբայանի դատավարությունը, որ մեղադրվում էր Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար, Հայաստանից բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացվել իրավապահներին՝ նրան ազատ արձակելու խնդրանքով, սակայն արցախյան կողմից հստակ ասվել էր. «Մի՛ խառնվեք. սա մեր ներքին գործն է»:
Հիմա արդեն հակառակ իրավիճակն է, սակայն իրականում շատ լուրջ պահ է ստեղծված: Եվ այստեղ ամենեւին կարեւոր չէ, թե ում համար է ներկայացված միջնորդությունը, կամ ով է այս նախաձեռնության թիկունքում: Այստեղ կարեւորն այն է, որ միջնորդություն է ներկայացրել Արցախի նախագահը, եւ այստեղ պետք է արդեն մտածել եւ հաշվարկել, թե ինչպես կարող է միջնորդության ընդունումը կամ մերժումը անդրադառնալ Արցախ-Հայաստան հարաբերությունների վրա: Ի վերջո, վերջին շրջանում հաճախ են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հակադիր հայտարարություններ հնչում:
Եվ հետաքրքիր է նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մեկնաբանությունը, ով այդ երաշխավորությունն անվանել է մարդասիրական քայլ եւ ընդգծել, որ Արցախում այդպիսի տրամադրություններ կան: «Ես կարծում եմ` այն, ինչ-որ արդեն ասվել է, ինչ-որ ներկայացվել է, դա բավարար է հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատավարության վրա որեւէ ազդեցության, այլ կալանքը փոխելու հարցին, եւ այստեղ ուզում եմ, որ դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային եւ ընկերական հարաբերությունների արդյունք: Վստահ եմ, որ դուք էլ երեւի տեղյակ եք, որ Արցախում կան այդպիսի տրամադրություններ, եւ անհնար է այդ տրամադրություններին չարձագանքել», – նշել էր նա:
Ըստ էության, նա եւս մեկ անգամ փաստեց, որ Արցախում ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տեսնել ազատության մեջ եւ դրան խառնվել են ամենավերին օղակներով, եւ չի բացառվում, որ դրանց մերժումն իսկապես կարող է անդրադառնալ Արցախ-Հայաստան հարաբերությունների վրա, եւ դա շատ լավ գիտակցում են նաեւ նոր իշխանությունները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՆ
Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում է «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի գործունեությունը դադարեցնելու մասին հարցը: Ըստ այդմ, 2019 թվականի հունիսի 15-ից կդադարեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Որպես հիմնավորում նշվում է օպտիմացման շարունակությունը, եւ ընդգծվում է, որ այդ գործառույթները կշարունակի իրականացնել նախարարությունը: Սակայն նախագծից այդպես էլ պարզ չի դառնում, թե քանի մարդ կմնա գործազուրկ, կամ ինչ կլինի աշխատակիցների հետ: Այդպիսի տվյալներ բացակայում են: Ինչ վերաբերում է այդ հիմնարկի գույքին, ապա այն ամրացվելու, իսկ դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերը փոխանցվելու են ՀՀ արդարադատության նախարարությանը:

 

 

 

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
Ինչո՞վ է զբաղված ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, երբ զինվորական մեքենաների վթարի հետեւանքով հերթական զոհն ենք ունեցել: 2018 թվականի Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ավտովթար էր եղել. 4 զինվոր էր մահացել, իսկ մյուս զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հրապարակվել էր այն մասին, որ մեքենան շահագործման ենթակա չի եղել: Դեպքից հետո ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվեցին պաշտոնից: Այս դեպքով դեռեւս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ասել է թե` բավարարվեցին միայն ազատումներով: Այս դեպքից որոշ ժամանակ անց` ապրիլի 13-ին, Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին էլ մեկ այլ վթար էր եղել, ինչի հետեւանքով 18 զինծառայող հոսպիտալացվել էր: Ու մինչ իրավապահները քննում են այս գործը, երեկ հերթական դեպքն է տեղի ունեցել: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների, մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու, «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է: Այս իրավիճակում բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ ՊՆ մեքենաները տալիս են անփորձ պարտադիր ժամկետային զինառայողներին եւ նրանց կյանքը դնում հարվածի տակ: Իսկ թե ով պետք է պատասխան տա այս իրավիճակի համար, եւ ինչու ՊՆ այս դեպքերից դասեր չի քաղում եւ առավել փորձառու վարոդների մեքենաները չի վստահում, պարզ չէ:

 

 

ՊԱՏԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել գործընկերների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: Նրա խոսքով` Վաշինգտոնը պատրաստ է աշխատել եվրոպացի գործընկերների եւ Ռուսաստանի հետ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Դիվանագետը շեշտել է Ղարաբաղի հարցում իր ոգեւորությունը, քանի որ, ըստ նրա, երկար ճանապարհ են անցել, որոշումները չեն կարող պարզ լինել: «Բայց վերջին ամիսները վկայում են, որ առաջընթացը հնարավոր է»,-արձանագրել է դեսպանը: Նրա խոսքով` երկու երկրների ղեկավարների հանդիպումները, սահմանին լարվածության նվազումը, հետագա քայլերի առումով համաձայնությունը, երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը վկայում են առաջընթացի մասին: Սրա հետ կապված` դեսպանը նշեց է, որ երիտասարդներից առաջընթացի ուղղությամբ գնալու պատրաստակամություն է տեսնում:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ ԱԺ-ում կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ճեպազրույցը, որի ընթացքում երկու հայկական պետությունների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ ԱԺ եւ Արցախի Հանրապետության ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի արդյունքներին: «Օրակարգային խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում» թեմայի շրջանակում պատգամավորները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետները, առաջարկներն ու կարծիքները: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը եւս ընդգծել է նիստի քննարկումների նպաստավոր ընթացքը`նշելով, որ օրակարգային թեման բացառիկ կարեւոր նշանակություն ունի, որի վերաբերյալ հնչել են լուրջ հարցադրումներ ու մտքեր, անդրադարձ է եղել հետաքրքիր նրբերանգների:

 

 

 

ՈՉ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ եւ, ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ կառուցողական քաղաքականություն է վարում. այս մասին ասել է ՀԳԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով` Բաքվի նման պահվածքը թույլ չի տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որեւէ զգալի առաջընթաց գրանցել: Նշենք, որ վերջին շրջանում` շփման գծում տեւական համեմատական անդորրից հետո, ադրբեջանցի դիպուկահարները կրկին ակտիվացել են:




Լրահոս