ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, Վենետիկի հանձնաժողովը ողջամիտ չի համարել ՍԴ «դատավոր»-«անդամ» բառախաղը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Պարո’ն Սաքունց, ի՞նչ կարծիք ունեք Վենետիկի հանձնաժողովի վերջին արձանագրության վերաբերյալ:
-Վեթթինգի անհրաժեշտությունը կա և այն պետք է իրականացվի: Առնվազն գոնե, վերջին հանդիպման ժամանակ Արդարադատության նոր նախարարի հետ հասկացանք, որ վեթթինգը ներգրավվում է դատավորների բարեպաշտության գնահատման ցուցանիշների մեջ: ԲԴԽ-ի նկատմամբ հանրության վստահությունը ամենևին չի բարձրանում: Վեթթինգի ցուցանիշներով դատավորների գնահատման և դատական համակարգից վեթթինգի արդյունքում ոչ վստահելի գնահատված դատավորների զտման գործընթացն անպայման իրականացվի և գուցե դրա համար պետք է առանձին մարմին ստեղծվի՝ սա դատական իշխանության հետ կապված: Վեթթինգ պետք է իրականացնել ոչ միայն դատավորներին, այլ նաև դատաիրավական համակարգի մնացած մարմիններին՝ Քննչական մարմիններին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայություն, Դատախազություն և այլն:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի «անդամ» լինել չլինելուն. այս ամենի հետ կապված ես գտնում եմ, որ այնուամենայնիվ այս սահմանադրությունը պետք է միանշանակ փոխվի: Այս եզրակացությունը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ փորձել գործել գոյությունը ունեցող սահմանադրության շրջանակներում և լուծումներ գտնել խնդիրների անիմաստ զբաղմունք է: Սահմանադրության մեջ իրար հակասող դրույթներ կան, այսինքն՝ սա խրթին փաստաթուղթ է, որն ընդունվել է ապշտապ և պարզ է , որ ունեցել է մեկ քաղաքական նպատակ ՝ Սերժ Սարգսյանին հասցնելու իշխանության շարունակմանը: Այսօրվա մեր թիվ մեկ խնդիրը Սահմանադրական փոփոխություններն են, անցումային արդարադատությունը ու վեթթինգը, որը պետք է անպայման իրականացնել, անկախ ամեն ինչից:
Լիդա Եղիազարյան