Երեկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարին, ապա առանձնացրեց մի քանի ձեռքբերումներ, որոնք գրանցել է շատ ճամփորդելու շնորհիվ:
Այսպես, կոմիտեի երիտասարդ ղեկավարի` «սիրուն աղջկա» խոսքով` իր շատ ճանապարհորդելը բերել է նրան, որ, օրինակ, Սինգապուրի ավիացիոն ակադեմիան, Չինաստանի քաղավիացիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Ֆրանսիայի ավիացիոն դպրոցներից մեկը եւս անվճար կրթության հնարավորություն է մեզ տալիս: Բացի այս, Ռեւազյանը նշեց, որ «Wizz air» եւ «Ryanair airlines» ավիաընկերությունները պատրաստ են 2020-ին մուտք գործել հայկական ավիաշուկա, մինչեւ այդ պետք է կատարել օրենսդրական փոփոխություններ: Խոսքը օդի փողը հանելու մասին է: Քաղավիացիան մտադիր է օդի փողը հանելու առաջարկով դիմել օդանավակայանի ղեկավարությանը: Թե ինչ պատասխան կտա «Զվարթնոց» օդանավակայանը, դեռեւս հայտնի չէ:
Առիթից օգտվելով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր ուղղեց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին:
-Տիկի՛ն Ռեւազյան, ՀՀ կառավարությունը բանակցություններ տանո՞ւմ է «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ. չէ՞ որ «Corporacion America» ընկերության միջեւ կոնցեսիոն պայմանագիր կա կնքված, եւ, ըստ դրա, իրենք են որոշում, թե որ ծառայության համար ինչ գին սահմանեն:
-Ճիշտ է, իրենք են որոշում, մասնավոր ընկերություն է, եւ այդ իրավունքը իրենց տրվել է, բայց ես այդ պրոցեսը սկսել եմ վերահսկել: Այսինքն` ես շփվում եմ ավիաընկերությունների հետ, որ հասկանամ` ինչ խնդիրներ ունեն, որ մոտեցումը փոխվի: Օրինակ, վերջերս խնդիր է եղել, որ VIP-ով հասարակ ուղեւորներ, զբոսաշրջիկներ էին գնում, ու ինչու պետք է այդ ծառայության համար ավիաընկերությունը վճարի: Այդ հարցը լուծվեց: Մենք կապնվեցինք, պարզվեց իրար սխալ էին հասկացել, եւ այդ խնդիրը լուծված է: Սա մի օրինակ: Այսինքն` մենք այդ պրոցեսը վերահսկում ենք:
-Այսինքն` դրսի ավիաընկերությունները Ձեզ պարբերաբար դիմո՞ւմ են, որ նման խնդիրների են բախվում օդանավակայանի ղեկավարության հետ:
-Մենք իրար հետ շփվում ենք, տեղեկացնում ենք, որ եթե խնդիր ունենաք, խնդրում եմ տեեկացրեք մեզ: Նույն «Ryanair airlines»-ը տեղյակ է, այսինքն` բանակցությունների մեջ ես կամ: Եթե խնդիր լինի, ես կիմանամ:
-Բայցի այդ, այլ ի՞նչ խնդիրներով են դիմել Ձեզ ավիաընկերությունները, որովհետեւ հայտնի է, որ օդանավակայանի ղեկավարության կողմից սահմանած բարձր սակագների պատճառով իրենք հրաժարվում են դեպի ՀՀ չվերթներ իրականացնել:
-Կոնկրետ կարո՞ղ եք ասել, ինչ ավիաընկերություններ են հրաժարվել եւ այլն, որովհետեւ շատ հաճախ խոսակցություններ են գնում, կուզենայի այս ամեն ինչը ավելի կոնկրետ լինի:
-Օրինակ` մի խնդիր` ավիավառելիքի բարձր գինը, որը սահմանում է օդանավակայանի ղեկավարությունը:
-Ավիավառելիքը, այո, դա իմ իրավասությունից դուրս է, բայց որեւէ մեկը, որ ինձ դիմում է եւ ներկայացնում է մի խնդիր, ես տեղեկացնում եմ ղեկավարությանը, որ բոլորը տեղյակ լինեն, որ նման խնդիր կա, ու ուսումնասիրություններն արվում են:
Մանրամասները` տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան