Մարզպետը նո՞ր շնչեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հուլիսի 10-ին կարգադրել է Լուսաձոր համայնքի շրջակայքում տարածված գարշահոտության պատճառներն ուսումնասիրելու եւ դրանք վերացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Տավուշի մարզպետի խորհրդական Արբակ Խաչատրյանը, աշխատանքային խմբի քարտուղար՝ Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, աշխատանքային խմբի անդամներ` Տավուշի մարզպետարանի իրավաբանական բաժնի վարիչ Գագիկ Մելիքբեկյանը, Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գեւորգյանը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արեւմտյան տարածքային կենտրոնի տնօրեն Անուշ Պողոսյանը (նրա համաձայնությամբ), ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Առաքելյանը (նրա համաձայնությամբ) եւ Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը (նրա համաձայնությամբ):

Մարզպետը կարգադրել է սեղմ ժամկետում ուսումնասիրել գարշահոտության առաջացման պատճառները եւ ներկայացնել տեղեկատվություն, մշակել եւ ներկայացնել առաջարկություններ վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ։ Զարմանալի է, որ 2019թ. փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ նշանակված, գրեթե ամեն օր Լուսաձոր գյուղի մոտով ձգվող միջպետական ավտոճանապարհով անցնող Հայկ Չոբանյանն այդ ճանապարհին տարածված գարշահոտը զգաց հիմա՝ հուլիսին. քանի տարի այդ գարշահոտը տարածված է միջպետական ավտոճանապարհին:
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից։ 2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում հորել են 3,5 տոննա պանիր: 2018թ. սեպտեմբերին սատկել են «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձոր գյուղում գտնվող անասնապահական ֆերմայի 19 կով: Այդ ժամանակ զանգահարեցի «ՀիմնաՏավուշ»-ի փոխտնօրեն Տիգրան Տոնոյանին, որը չժխտելով կովերի անկումը` ասաց, որ նմուշներ են ուղարկվել Փարիզ, որպեսզի հետազոտությամբ պարզվի կովերի սատկելու պատճառը:

«ՀիմնաՏավուշ»-ը Տավուշի մարզի գյուղերում 7 փոքր անասնաֆերմա է ստեղծել, ոռոգման մի քանի ջրագծեր կառուցել, տավուշցի այգեգործներին որոշակի քանակի պտղատու ծառերի տնկիներ տրամադրել: Այժմ հիմնադրամը բիզնես ծրագիր է իրականացնում, կաթնամթերք արտադրում, «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ն Լուսաձորի պանրագործարանի արտադրանք պանիրն արտահանում է Ռուսաստան: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամում իշխում են բարեկամական կապերը: Սուրեն Գեւորգյանը, լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, նաեւ «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, նրա կին Հասմիկը՝ «ԷկոՏավուշի» տնօրենն է, վերջինիս հորեղբոր որդին՝ «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենը: Հասմիկ Գեւորգյանի հորեղբոր որդի Տիգրանը, որը նախկինում Երեւանի քաղաքապետարանում վարորդ էր, «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենն է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս