ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական փաթեթը: Կոնկետ ի՞նչ ծառայություններ են ընդգրկված փաթեթում:
Տիգրանուհի Պետրոսյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Պետրսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթը աշխատողների եւ (կամ) նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական եւ այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է պետական մարմիններում` կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում նպաստել աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատողների մոտիվացմանը եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում եւ կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը: Միաժամանակ հայտնում ենք, որ սոցիալական փաթեթը ներառում է հետեւյալ ծառայությունները` առողջապահական փաթեթ` բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպում ու ֆինանսավորում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար` Կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով, հանգստի ապահովում ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում:
Ընդ որում` առողջապահական փաթեթն աշխատողների համար պարտադիր պայման է, որի արժեքը տարեկան կազմում է 52000 դրամ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվը սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: