Տավուշի մարզպետի արտասովոր հորդորը գյուղապետերին․ պետք է օգնեն, որ գյուղացին վարկ չվերցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզխորհրդի վերջին` հուլիսի 11-ի նիստում, ի թիվս այլ խնդիրների, քննարկվել են մարզում գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի ուղղությամբ կատարվող աշխատանքների, այդ ոլորտում նախատեսվող աշխատանքների մասին հարցերը: Մարզխորհրդի նիստի շատ մասնակիցների զարմացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից մարզի համայնքների ղեկավարներին հղած բարոյախրատական հորդորը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Չոբանյանը, դիմելով համայնքապետերին, մոտավորապես ասել է հետեւյալը. «Ձեր գյուղի բնակիչ երիտասարդը դիմում է բանկի, աննախադեպ մեծ գումարի վարկ է ստանում խոզաբուծությամբ զբաղվելու համար, այնքան մեծ գումար, որ ամբողջ կյանքում չի կարող ունենալ: Դուք այդ երիտասարդի ձեռքը բռնո՞ւմ եք, որ վարկ չվերցնի, խոզերը չանկեն, երբ համագյուղացու խոզերը հիվանդանում են, դրանք բուժելու համար դուք անասնաբույժ բերո՞ւմ եք»:

Ներկաները տարակուսանք են ապրել, որ մարզպետը համայնքների ղեկավարներին ստիպում է անել այն, ինչը նրանց պարտադիր, օրենքով սահմանված լիազորությունների մեջ չի մտնում: Մարզի համայնքներում անասունների մեծաքանակ անկումներ են լինում, սակայն շատ դեպքերում լաբորատոր հետազոտություններ չեն կատարվում անասունների անկման պատճառ դարձած հիվանդությունները պարզելու համար:

Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Կոթի գյուղում այս տարի հարյուրավոր խոզեր են սատկել, սակայն դրանց տերերը պետությունից դրամական օգնություն կամ փոխհատուցում չեն ստացել, մինչդեռ պետական բյուջեից աջակցություն ստացել է մարզպետ Չոբանյանի մտերիմ Ավետիք Ադամյանը:

Կառավարության որոշմամբ` 2019թ. փետրվարի 2-ին Չինչին բնակավայրում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի անասնապահական ֆերմային պատճառված վնասը մասնակի փոխհատուցվել է, նրան տրամադրվել է մոտ 24 միլիոն դրամի աջակցություն: Ավետիք Ադամյանը երկար տարիներ ղեկավարել է Բերդի տարածաշրջանի անտառները տնօրինող Արծվաբերդի անտառտնտեսությունը:

Մարզպետ Հ․Չոբանյանին հարցրինք Ավետիք Ադամյանի` իր մտերիմը լինելու մասին, եւ թե ինչու բնական աղետներից տուժած կամ անասունների անկում ունեցած մյուս տավուշցիներին պետական բյուջեից աջակցություն չի տրվում: Նա ասաց, որ Ա. Ադամյանը Չինչին գյուղից է, նա իրեն մտերիմ է, ինչպես իրեն մտերիմ են Բերդի տարածաշրջանի 20 հազար բնակիչներ: Մարզպետն ասաց, որ Ադամյանի անասնաֆերման այրվել է էլեկտրական հոսանքի տատանումից, պետբյուջեից այդ աջակցությունը ինչ-որ տեղ նախադեպային էր:

Ինքը` որպես մարզպետ, աջակցում է տուժած տավուշցիներին, բանկերի ղեկավարների հետ բանակցում է տուժած գյուղացիների վարկերը վերաձեւակերպելու համար, իրենք տուժածներից ոմանց անասուններ են տրամադրում, բնական աղետներից տուժածների եւ վնասների մասին տվյալները ներկայացվել են կառավարություն: Գյուղապետերին տրված իր խորհրդի վերաբերյալ Հ․Չոբանյաննասաց, որ գյուղապետերը պետք է ոչ միայն վարչական ղեկավար լինեն, այլեւ գյուղացու խորհրդատուն, քանզի Տավուշը գյուղատնտեսական մարզ է:

Նա ասաց, որ գյուղի անասնաբույժը, գյուղատնտեսը կարեւոր են գյուղի համար, գյուղապետը պետք է գյուղացու կողքին լինի, լինի նաեւ նրա խորհրդատուն:

Մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ` 2019թ. հուլիսի 13-ինմարզպետարանիղեկավարաշխատողները, մարզիշատհամայնքներիղեկավարներ, ՀԿ-ների, երիտասարդներիհետներգրավվելեն Հայաստանի կոմպոզիտորների միության` Դիլիջանի ստեղծագործական տունը աղբից մաքրելու համար անցկացված շաբաթօրյակին: Տավուշի մարզի համայնքների ղեկավարները իրենց գյուղերից տասնյակ կիլոմետրեր են կտրել վերոհիշյալ ստեղծագործական միությանը, հասարակական կազմակերպությանը պատկանող տարածքը բարեկարգելու, աղբից մաքրելու համար, մինչդեռ իրենց համայնքներում աղբահանության, տարածքը բարեկարգելու, ենթակառուցվածքները բարելավելու առումով անելու շատ գործեր կան: Մարզի որոշ համայնքապետեր, անտեսելով մարզպետի կոչը, Դիլիջանի ստեղծագործական տան շրջակայքը մաքրելու համար անցկացված շաբաթօրյակին չեն մասնակցել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս