Շոու-բիզնես վերադառնալու համար չկան ստիմուլներ, տեսնում ենք նույն մարդկանց՝ անհետաքրքիր երգերով. Հասմիկ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեիք՝ ակտիվ, թե պասիվ հանգստի սիրահար եմ, միանշանակ կպատասխանեի, որ ակտիվ: Նախկինում իմ երազած հանգիստը ծով մեկնելն էր, արեւը, ավազը: Սիրում էի նաեւ համատեղել հանգիստը հյուրախաղերի հետ, եւ ասեմ, որ լավ էր ստացվում: Նախընտրում էի միջոցառումներ կազմակերպել` չեզրափակվել ուտելով, նստելով ու լողալով: Իսկ հիմա նախընտրում եմ հանգստանալ մի անտառում, որտեղ կլինի փոքրիկ տնակ, կհոսի գետ, եւ շատ շոգ չի լինի: Կուզեի լսել գետի քչքչոցն ու մտքերիս հետ միայնակ մնալ: Քանի որ արդեն 2,5 տարի է՝ զբաղվում եմ դստերս խնամքով, կարելի է ասել, գերհոգնած եմ, եւ, իսկապես, պասիվ հանգստի կարիք ունեմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Հասմիկ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ դեռ չեն որոշել՝ այս տարի որտեղ են հանգստանալու: Հասմիկի խոսքով՝ «որոշողը» փոքրիկ Տաթեւն է, քանի որ նրա հետ պետք է հարմարեցնել բոլոր պլանները: Ամեն դեպքում, հանգստյան օրերին երգչուհին ընտանիքով մեկնում է քաղաքից դուրս՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Աղվերան:
Հարցին, թե արդյոք շոու-բիզնես վերադառնալու ցանկություն արդեն կա, Հասմիկը պատասխանեց. «Չեմ տեսնում վերադառնալու համար շատ մեծ ստիմուլներ, թեպետ բեմ բարձրանալու ցանկություն միշտ էլ կա: Ստեղծագործող անհատը պարբերաբար զգում է ինքնարտահայտվելու կարիք: Մեր շոու-բիզնեսում կառանձնացնեի 2-3 հոգու, որոնք լավ են աշխատում: Հիմնականում տեսնում ենք նույն մարդկանց՝ անհետաքրքիր, նույնատիպ երգերով»:

Հասմիկը հավելեց, որ հաճելիորեն զարմանում է, երբ ստանում է նամակներ, որոնց միջոցով երկրպագուները եւ պարզապես իրեն կարոտած մարդիկ խնդրում են վերադառնալ ասպարեզ. «Դա իսկապես ոգեւորում է ինձ եւ ուժ է տալիս: Հիմա դուստրս դեռ չի հաճախում մանկապարտեզ ամբողջական ռեժիմով, ուստի չեմ կարող հստակ պլաններ կազմել, ժամկետներ նշել, բայց այն, որ վաղ թե ուշ վերադառնալու եմ, միանշանակ է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս