ՀԱՐՑ. Եթե ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում գործունեություն իրականացնող կազմակերպության մոտ տարվա ընթացքում երկրորդ անգամ արձանագրվել է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա նման դեպքում ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում:
Էդգար Գասպարյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Գասպարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` եթե ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա տարվա ընթացքում երկրորդ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, եւ համապատասխան վարչական ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից (եկամտային հարկից) ազատման արտոնությունից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում եւ դրան հաջորդող մեկ տարում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից: