Մասիվցի Անդիկի սպանության գործով մեկ վարկած է քննվում․ գործին խառնվել է ԱԱԾ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ի համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի ընթացքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «օրենքով գողի» սպանության բացահայտման գործով կոնկրետ զբաղվում են Ազգային անվտանգության ծառայությունը եւ 7-րդ վարչության գաղտնի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգին անմիջապես փախնում են, իսկ մյուս երկուսը, որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է, ըստ ամենայնի, մտնում են բակի տաղավարի սեղանի տակ: Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետ խոսում է եւ, ըստ էության, ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որից հետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւ սկսվում է կռիվ: Երրորդ անձն այդ ընթացքում հասցնում է սեղանի տակից փախչել: Վազում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի հեռանա իր վրա մի անգամ արդեն անհաջող կրակած անձից, սակայն կրակոցներից փախչելու փորձերը ապարդյուն են լինում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին: Ընդ որում` սպանողը բաց դեմքով էր:

Այս կրակոցներից հետո իրավապահները քրեական հեղինակություններին բերման ենթարկեցին, խուզարկեցին «օրենքով գողերի» տները: Քրեական հեղինակությունները իրավապահներին հայտնել էին, որ այս դեպքը բացահայտելը իրենց համար հույժ կարեւոր է:

Մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ ոստիկանությունում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են, թե ինչ վարկած ունեն կատարվածի մասով, ինչին ի պատասխան` քրեական հեղինակություններն իրավապահներին հայտնել են, որ չեն կարող ասել, թե կոնկրետ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին: Բանն այն է, որ վերջին շրջանում Անդիկն առանձնապես լարված հարաբերություններ չի ունեցել որեւէ խմբի, խմբավորման կամ քրեական աշխարհի որեւէ ներկայացուցչի հետ: Դրա համար էլ շատ քրեական տարրեր ոստիկաններին ասել են, որ հնարավոր է՝ պատճառները տարիների պատմություն ունենան, եւ, օրինակ, 10-15 տարի առաջվա հարցերը այսօրվա սպանության դրդած լինեն` վրեժխնդրության, հիշաչարության եւ այլ դրսեւորումներով:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, կոնկրետ սպանության բացահայտման գործով զբաղվում են Ազգային անվտանգության ծառայությունը եւ 7-րդ վարչության՝ գաղտնի Ծառայությունը:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները սպանության մեկ վարկած են այժմ քննում, մասնավորապես այն, որ այս տարի Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ խառնվելով երկու խմբերի բաժանված երխտասարդների կռվին` «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»: Մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահներն այս օրերին հենց այս վարկածն են քննում, իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դժվար է ասել: Փաստ է, որ երկու շաբաթից ավելի է, ինչ Անդրանիկ Հարությունյանը սպանված է, սակայն նախաքննական մարմինը լռում է, նորություն չի հայտնում. կա՛մ քրեական գործով որեւէ բան չեն պարզել, կա՛մ հնարավոր վենդետայից խուսափելու համար սպանության շարժառիթն ու այն իրականացնողների մասին տեղեկությունները հույժ գաղտնի են պահում:

Քնար Մանուկյան




Լրահոս