ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խախտում կատարած վարորդների պատիժը կխստացվի. դատախազության նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարը իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում: Դեպքից հետո ՀՀ-ում մեծ աղմուկ բարձրացավ երթեւեկության կանոնների խախտման, մեքենաների անսարքության եւ այլ հարցերի շուրջ: Դեպքից հետո ՃՏՀ-ների իրավիճակին անդրադարձավ նաեւ Գլխավոր դատախազությունը` նշելով, թե  արձանագրվել է ՃՏՀ-ների դեպքերի անհանգստացնող արագությամբ աճման միտում:

Մասնավորապես, եթե 2016 թվականի ընթացքում հաշվառման է վերցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության 700 դեպք, 2017թ. ընթացքում` 972 դեպք, ապա 2018թ.` արդեն 1283 դեպք:

Այսինքն` միայն 2017-2018թթ. կտրվածքով ՃՏՀ արձանագրված դեպքերն ավելացել են 32%-ով: 2019թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 685 նման դեպք, որը 133-ով կամ 24.1 տոկոսով ավելի է` 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, 2017թ. համեմատությամբ` 2018թ. 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը: Իսկ 2019թ. առաջին կիսամյակին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահվան ելքով դեպքերն ավելացել են 15%-ով կամ 16%-ով (94-109):

Արդյունքում դատախազությունը մշակել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը միտված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարությանը: Ասել է թե` ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ: Իսկ թե որքանով նոր նախագիծը կօգնի տեղի ունեցող դեպքերի նվազեցմանը, պատիժը խստացնելը արդյոք դաս կլինի օրինախախտ վարորդների համար, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս