ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միհրան Պողոսյանի ընկերության մեքենաները ԴԱՀԿ-ն հանել է վաճառքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն որոշել է ազատվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ներկրած ավտոմեքենաներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել 2 ավտոմեքենա` Բիդ մակնիշի:

Byd F3-ի եւ Byd F6-ի մեկնարկային գները կազմում են 2 մլն դրամ: Երկու ավտոմեքենաներն էլ 2011 թվականի արտադրության են, փոխանցման տուփը` ավտոմատ, հանգույցները գտնվում են նորմալ աշխատանքային վիճակում, թափքի որոշ հատվածների վրա կան քերծվածքներ, որոնք ենթակա են կոսմետիկ վերանորոգման: Հետաքրքիր է` ինչու է ԴԱՀԿ-ն փորձում ազատվել շահագործման ենթակա մեքենաներից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավտոմեքենաների աճուրդը կկայանա օգոստոսի 5-ին: Այս փաստը հետաքրքիր է այն առումով, որ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող, բայց արդեն սնանկացած «Քեթրին գրուպ» ընկերությունն է Հայաստանում ճապոնական արտադրության BYD ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը հանդիսացել, եւ նրանք են այդ մեքենաները ներկրել:

Տեղեկացնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը 2011-2016թթ.-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից հիմնադրված «Քեթրին գրուպ»-ից ձեռք է բերել ընդհանուր 211 մլն 158 հազար դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը` 20 մլն դրամից ավելի բարձր գնով, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս