Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ անհայտ կորած զինվորի ծնողներին նշանակվել է ամենամսյա պարգևավճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացրել են, որ 1998թ. իրենց որդին զորակոչվել էր ԼՂՀ զինված ուժեր եւ ծառայության ընթացքում անհայտ կորել:

Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող, քանի որ դեպքը տեղի է ունեցել նրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածում, եւ առկա է 2008թ. դատարանի վճիռ, որն իրենց որդուն ճանաչել է զինվորական ծառայության ընթացքում մահացած: Այդ իսկ պատճառով իրենք պետք է համարվեն զոհված (մահացած) զինծառայողի ծնողներ եւ պետք է ստանան համապատասխան սոցիալական վճար:

Դիմումատուները մի քանի անգամ դիմել էին պետական լիազոր մարմնին՝ իրենց կարգավիճակով պայմանավորված համապատասխան սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու համար, սակայն ստանում էին բացասական պատասխան:

Դիմումատուները խնդրել են Պաշտպանին վերականգնել իրենց խախտված իրավունքները, որպեսզի զոհված (մահացած) զինծառայողի ծնողների կարգավիճակով պայմանավորված օգտվեն իրենց հասանելիք համապատասխան սոցիալական աջակցությունից:

Նշված հարցի վերաբերյալ Պաշտպանը հարցումներ է կատարել պետական լիազոր մարմիններին, ստացել համապատասխան պարզաբանումներ եւ նյութեր, այնուհետեւ ուսումնասիրվել են առկա փաստաթղթերն ու իրավական կարգավորումները: Գործի համակողմանի ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքների հիման վրա՝ Պաշտպանը պետական լիազոր մարմնին ներկայացրել է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ եւ առաջարկություններ, ինչի արդյունքում հարցը ստացել է դրական լուծում:

Այսպիսով, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում վերականգնվել են անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողների տարիներ շարունակ խախտվող իրավունքները, եւ նրանց նշանակվել է ամենամսյա պարգեւավճար՝ յուրաքանչյուրին 31,000-ական (երեսունմեկ հազարական) դրամի չափով:




Լրահոս