ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ, ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում միջգերատեսչական պայքար է հասունացել. Ջերմուկ եւ Նոյեմբերյան համայնքների ավագանիները դուրս են եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության դեմ: Պատճառը նախորդ տարվա ընթացքում երկու համայնքների ավագանիների կողմից մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին որոշումներն են, որոնք նախարարությունը պահանջում է անվավեր ճանաչել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով` առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը գրություն է ուղարկել մարզպետներին, ըստ որի` առաջարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց կողմից ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի խախտումներով ընդունված որոշումները, մասնավորապես` համայնքներում հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ, մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչել, հակառակ պարագայում նախարարությունից մարզպետներին խնդրել են դրանք վիճարկել դատական կարգով` առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմամբ:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժ Հայրապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հայտարարեց. «ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ասում է` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ մեր «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով ավագանու կողմից ընդունման ենթակա լիազորությունները, որով իրենք իրավունք ունեն որոշումներ ընդունել` հանքարդյունաբերության վերաբերյալ, որեւէ նորմ չկա, որ իրենք իրավունք ունեն արգելելու համայնքի տարածքում հանքարդյունաբերություն կազմակերպել»:
Նրա խոսքով` ավագանու անդամները նման որոշում ընդունելու իրավասություն չունեն, որովհետեւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում քաղաքականություն իրականացնում է ՀՀ կառավարությունը: «Հիմա նախարարությունն իրավունք ունի մասնագիտական, իրավական հսկողություն իրականացնել համայնքի ավագանու որոշումների նկատմամբ: Եւ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մարզպետներին ուղղված իր գրությամբ խնդրում է առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց կողմից ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի եւ «ՏԻՄ-ի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի խախտումներով ընդունված որոշումները, մասնավորապես` համայնքներում հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ, մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչել, հակառակ պարագայում դրանք վիճարկե՛ք դատական կարգով: Եթե ավագանին անվավեր չճանաչի իր` խախտումներով ընդունած որոշումը, ապա մենք իրավունք ունենք դիմել դատարան եւ վիճարկել այդ որոշումների օրինականությունը: Եւ միանշանակ մենք դատարանում կհաղթենք»,- փոխանցեց նախարարության ներկայացուցիչը:
«Ժողովուրդ» օրաթերթը Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանից հետաքրքրվեց` ինչ է որոշել ավագանին. անվավեր ճանաչելո՞ւ է անցած տարվա մայիսի 30-ին ընդունած հանքարդյունաբերությունը արգելելու մասին որոշումը, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան` քաղաքապետն ասաց. «Մենք էլ մեր հերթին նախարարությանը պատասխան ենք ուղարկել եւ նշել, որ ավագանու կողմից սխալ որոշում չի կայացվել: Ու խնդրել ենք պարզաբանել, թե կոնկրետ որ որոշման մասին է խոսքը, եւ որն է սխալ: Հիմա սպասում ենք պատասխանին»:
Նշենք, որ Ջերմուկի ավագանին վերջերս արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի ուժը կորցրած ճանաչի անցած տարվա դեկտեմբերի 18-ին ընդունած որոշումը, որով արգելվում է Ջերմուկում մետաղական հանքեր շահագործել: Ավագանու անդամները, սակայն, դեմ էին քվեարկել «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշման նախագիծն ուժը կորցրած ճանաչելուն:
Ջերմուկի ավագանու անդամ Արտակ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ եթե այս հարցով արտահերթ նիստ հրավիրվի, ապա իրենք դարձյալ անփոփոխ կթողնեն անցած տարեվերջին ընդունած որոշումը: «Մեզ հետ այս թեմայի շուրջ որեւէ մեկի հետ մարզպետարանից, նախարարությունից առանձնազրույց չի եղել, որեւէ մեկը մեզ չի համոզել կամ պարտադրել, որ անվավեր ճանաչենք մեր ընդունած որոշումը: Բայց եթե այս հարցը նորից դրվի, ապա անփոփոխ ենք թողնելու»,- լրացրեց ավագանու անդամը:
Փաստորեն համայնքների ավագանու անդամները շարունակում են պնդել, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել, եւ հրաժարվում են անվավեր ճանաչել ընդունած որոշումը: Իսկ այս ամենի արդյունքում նախարարությանը մնում է դիմել դատարան` ընդդեմ ավագանու:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ
ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության աշխատակիցները Խիմկիում «Մոսկվա-Կարգո» անցակետում Հայաստանից ներկրված թարմ չիլի պղպեղի խմբաքանակի զննման ժամանակ Ռուսաստանում կարանտինային համարվող վնասատու` կալիֆորնիական ծաղկային թրիպս են հայտնաբերել:




Լրահոս