Երեւանում աղբահանություն իրականացնող «Սանիտեք» ընկերությունը երեկ կենդանության նշաններ ցույց տալ. հայտարարություն տարածեց, որ վաղը Թբիլիսիում ասուլիս է անցկացնելու` իբր ամփոփելու է կատարած աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սանիտեքի»-ի թբիլիսյան ասուլիսը Երեւանի քաղաքապետարանի աշխատողների մոտ անհանգստություն է առաջացրել: Բացի այդ, «Սանիտեք»-ը այս ասուլիսին շատ լուրջ պատրաստվել է, ավելին պատահական չի ընտրվել նաեւ Թբիլիսին (հայտնի է, որ այս ընկերությունը գործում է նաեւ Վրաստանում): Եւ չի բացառվում, որ ընկերության ղեկավարությունը ցույց տա վրացական օրինակ, թե ինչպես են իրենք աշխատում վրացական իշխանությունների հետ:
Տեղեկացնենք, որ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո իր համար թիվ 1 խնդիրը դարձրել է աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության հետ պայմանագիրը լուծարելը: Բայց պայմանագիրն այնպիսի կետերով է կնքվել, որ քաղաքապետարանը կարող է լրջագույն դժվարություններ ունենալ պայմանագրի խզման կամ միակողմանի դադարեցման դեպքում: Հնարավոր է, որ «Սանիտեք»-ը դիմի արբիտրաժային դատարան եւ հսկայական գումարներ պահանջի Հայաստանի կառավարությունից:
Եւ, այսպիսով, չի բացառվում, որ առաջիկայում քաղաքապետարանը հայտարարի ՙՍանիթեք՚-ի հետ պայմանագիրը լուծելու մասին: Բայց մյուս կողմից մեզ հայտնի դարձավ,, որ ընկերությունը քաղաքապետարանին խոստացել է, որ օգոստոսի 1-ից նորմալ կաշխատի:
Նկատենք նաեւ, որ փաստորեն ընկերությունը հասավ այն բանին, որ քաղաքապետարանը ստիպված գնեց աղբատար մեքենաներ ու աղբամաններ: Մինչդեռ դրանք պետք է գներ հենց «Սանիտեք»-ը: