ՀՀ երկրորդ նախագահ, այսօր մեղադրյալի աթոռին գտնվող Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործունեության շուրջ սեւ ամպերը շարունակվում են կաուտակվել: Նրա լիազորությունները կասեցվել են: Իսկ ո՞րն է հիմնավորումը:
Որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ
Մայիսի 18-ին սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Որոշումը հրապարակվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը` վճարելով 1 միլիոն դրամ: Դատարանում նախագահները վերահաստատել էին իրենց երաշխավորությունը:
Այս որոշումից հետո սկսվեցին մամուլում հրապարակումներ, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ճնշում է եղել եւ կոնկրետ դատավորների անուններ հրապարակվեցին, որ օգնել են դատավոր Գրիգորյանին որոշում կայացնել եւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Դատավորներից մեկը՝ Մխիթար Պապոյանը, որը, ըստ մամուլի, ներգրավված է եղել այդ գործընթացում, հաղորդում էր տվել հանցագործության մասին, որ իր անունը շոշափվել էր երկրորդ նախագահին ազատ արձակելու գործի հետ կապված:
Ու մինչ իրավապահ համակարգը քննում էր դատավոր Գրիգորյանի նկատմամբ հնարավոր ճնշումները, հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ խուզարկել են Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը: Նրա աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ: Որքան էլ Գլխավոր դատախազությունը կտրականապես հերքեց, թե Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված չէ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ` պնդելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ մի քաղաքացի է հաղորդում ներկայացրել այս տարվա փետրվարին, այնուամենայնիվ, խիստ կասկածի տեղիք է տալիս, թե ինչու ՀՀ իրավապահները Դավիթ Գրիգորյանին հիշեցին երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո: Եւ, ի վերջո, ինչո՞ւ հիշեցին քաղաքացու կողմից փետրվարին իրավապահներին ուղղված դիմումը հուլիսին:
Հերթը հասավ կասեցմանը
Այսպիսով, քանի որ գլխավոր դատախազն արձակուրդում է, հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն` երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին:
Վերածնված Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով` մերժել։ Ելնելով վերոգրյալից` օրենքի ուժով կասեցվել են նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: ԲԴԽ այդ ճակատագրական նիստից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ եւ ներկայացրել քրեական գործով ապացույցները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ապացույցները ներկայացնելուց հետո ԲԴԽ բոլոր անդամները միաձայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի ներկայացված 3 միջնորդությունից երկուսը բավարարել են, իսկ մեկը՝ մերժել:
Ըստ էության, ԲԴԽ անդամները ուսումնասիրել են ապացույցները, դրական գնահատական են տվել, որ վերահսկող մարմինը կարող է քրեական հետապնդում իրականացնել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Իսկ ո՞րն է եղել երրորդ դրվագով միջնորդությունը դատախազի կողմից. ըստ ամենայնի, այն վերաբերել է Դավիթ Գրիգորյանի կալանավորմանը, որը ԲԴԽ-ն մերժել է: Դատավորին չի թուլատրել կալանավորել:
Այսպիսով, ԲԴԽ անդամները, մերժելով կալանավորման միջնորդությունը, հայտնել են, որ նախաքննական մարմինը պետք է քննություն իրականացնի, քրեական գործով ձեռք բերված ապացույցները հիմնավորի, որից հետո պարզ կլինի` դատավորի լիազորությունները վերջնականապես դադարեցնում են, նրան մեղադրանք առաջադրում են, կալանավորում են, թե հակառակը՝ ապացուցում են նրա անմեղությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգորյանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարեւոր դրվագ է հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` քրեական գործով կա մեկ խնդիր, որը ԲԴԽ անդամների համար հիմք է դարձել, որպեսզի նրանք բավարարեն իրավապահների միջնորդությունը: Մասնավորապես այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել եւ նիստ է անցկացրել այդ օրը: Ահա այս դրվագի շուրջ է նախաքննական մարմինը քննություն իրականացնում, որն էլ, թերեւս, հիմք է դարձել ԲԴԽ-ի համար, որ կասեցնի դատավորի լիազորությունները:
Փաստաբանները չեն լռելու
Այս իրավիճակը իրավաբանական հանրույթի մոտ անասելի զայրույթ է առաջացրել: Ոտքի են կանգնել մի խումբ փաստաբաններ: Երեկ հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել էր, որ հեռավոր կամ ոչ այնքան 2011 թվականին, առանց Վճռաբեկ դատարանի «դաբրոյի», դատավոր Սամվել Մնացականյանը մի մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել էր թույլատրելի: Ու չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը մնաց ուժի մեջ, այնուամենայնիվ Արման Մկրտումյանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը դադարեցնի այդ դատավորի լիազորությունները:
«Մեկնաբանություններում ներկայացնում եմ գտածս նյութերը` կատարվածի կապակցությամբ Հայաստանի շուրջ 100 փաստաբանների կազմակերպած բողոքի ակցիայի մասին: Համոզված եմ, որ այդ ակցիայով մենք հասանք նրան, որ իշխանություններն այլեւս նման «պատժիչ» գործողության չգնացին: Այսօր, սակայն, դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել է՛լ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատժելն է` միաժամանակ վախեցնելով նաեւ մյուս դատավորներին:
Կարծում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետեւելու Հայաստանի` առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը: Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ: Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը: Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի: Չենք լռել նախկինում, չենք լռելու հիմա»:
«Ժողովուրդ» օրաթերթը Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեց` տեղյակ է արդյոք փաստաբանն այն փաստից, որ կոնկրետ քրեական գործով
Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել եւ նիստ է անցկացրել: Արդյոք այս հանգամանքը կարո՞ղ է փաստաբաններին հետ կանգնեցնել իրենց մտքից: Ի պատասխան` Վարոսյանը հայտնեց` իհարկե ոչ. «Սկսած փետրվար ամսից, քանի որ հաղորդումը հանցագործության մասին եղել է այդ ժամանակ, քրեական գործի հարուցումը մերժվել է, հետո բողոքարկվել է, դատախազությունն էլ մերժել է, հետո բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, առաջին ատյանի դատարանն էլ է մերժել, որից հետո արդեն` Քոչարյանի որոշումից հետո, համապատասխան նույն հարցի շուրջ բողոք է հղվել ՀՀ գլխավոր դատախազություն, եւ որոշում է կայացվել վերացնել նախկինում քրեական գործ չհարուցելու որոշումը եւ հարուցել քրեական գործ:
Այս ողջ ընթացքի քրոնոլոգիան, ինչպես նաեւ տեղի ունեցած առգրավումը, խուզարկությունը, դատավարական խախտումները, որ թույլ են տրվել, ու այն փաստը, թե ինչ փաստաթղթեր է առգրավվել նրա աշխատասենյակից, մեզ հիմք է տալիս պնդելու, որ գործ ունենք ոչ այնքան իրավական գործընթացի հետ: Ես կարող եմ ասել` եթե դրա մասին է խոսքը, թե, իբր, դատական նիստ չի եղել, բայց արձանագրություն է կազմվել որ եղել է, ապա դա ինքնին իր մեջ հանցակազմ չի պարունակում, բայց առարկայական ճիշտ կլինի այն ժամանակ խոսել, երբ կլինի առաջադրված մեղադրանք եւ մեղադրանքի որոշումը: Ակնհայտ է, որ տեղի է ունենում հետապնդում կոնկրետ նպատակով. ես ասեմ Ձեզ որ սա ոչ այքան Դավիթ Գրիգորյանին է վերաբերում, որքան ողջ դատական համակարգին»:
Այսպիսով, իրավապահ համակարգում իրավիճակը խաղաղ չէ:
Քնար Մանուկյան