Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկելով, օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Իրանի եւ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող օտարերկրացի եղբայրները Էջմիածին քաղաքում են։
Հուլիսի 29-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Էջմիածնի կենտրոնական հրապարակի մոտակայքում 39-ը եւ 51-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նրանցից կրտսերը Իրանի իրավապահների կողմից հետախուզվում էր կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Ավագ եղբայրը Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման ու դիտավորությամբ գույք վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։