Ով կփոխարինի տեսչական մարմնի ղեկավարին. անուններ են շրջանառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Բանն այն է` այս ընթացքում ակտիվ քննարկվում է այն մասին, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի սկիզբ հնարավոր է ազատվի զբաղեցրած պաշտոնից (հիշեցնենք` այս հարցում մեծ դերակատարություն ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը դիմել է նաեւ վարչապետին):

Բայց դեռ Խուրշուդյանին պաշտոնանկ չարած` տեսչական մարմնի ներսում քննարկվում է նրան փոխարինող գտնելու հարցը: Ըստ այդ լուրերի` տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանն այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստել եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնի համար:

Տեղեկացնենք, որ Խուրշուդյանն այժմ գտնվում է արձակուրդում եւ աշխատանքի վերադառնալու է այսօր: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Էմին Ավետիսյանի հետ եւ հետաքրքրվեց` արդյոք պայքարում է ղեկավար պաշտոնի համար, թե ոչ: Հարցին ի պատասխան` Ավետիսյանն արձագանքեց. «Տեսչական մարմնի ղեկավարն այս պահին արձակուրդում է գտնվում, վերադառնալու է հուլիսի 31-ին, նրան այժմ փոխարինում եմ ես: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պահին ունենք մարմնի ղեկավար, իսկ առաջադրումներն իրականացնում են խորհրդի անդամները: Ես որեւիցե քայլ այս պահի դրությամբ չեմ իրականացնում եւ չեմ էլ պատրաստվում»:

Մեր այն հարցին` եթե առաջարկ ստանա, ապա ինչպես կվարվի, պաշտոնյան չմանրամասնեց` նշելով, որ չի կարող մեկնաբանել:




Լրահոս