ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանական էլիտան Արցախում է լինելու. ինչ են հասկացրել Սամվել Բաբայանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ողջ իշխանական էլիտան լինելու է Արցախում: Բանն այն է, որ oգոստոսի 5-17-ը Հայաստանում եւ Արցախում տեղի կունենան 7-րդ ամառային Համահայկական խաղերը: Բացման հանդիսավոր արարողությունը եւ մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում` Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ մրցումային հաջորդ օրերը` օգոստոսի 9-17-ը` Երեւանում` Ազատության հրապարակում:

Ըստ մեր տեղեկությունների` Արցախ են մեկնելու քաղաքական ու իշխանական թեւի ներկայացուցիչները, ներկա են լինելու իրավապահ համակարգից` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած կազմկոմիտեն էլ ղեկավարելու է միջոցառման ընթացքը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Արցախում շատ լուրջ պատրաստվել են ՀՀ վարչապետի դիմավորմանը: Բանն այն է, որ նախորդ անգամ` վարչապետի այցի ժամանակ, նրան այդքան էլ ջերմ չէին դիմավորել, որքան ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, ինչի համար էլ այս անգամ Արցախի իշխանություներն ամեն ինչ անում են վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար:

Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն` այս օրերին ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լռեցնեն Արցախում թեժ թեմա համարվող Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից սկսված ստորագրահավաքը, որը գրեթե ամեն օր հեռակա կարգով քննարկվում է իշխանությունների ու բաբայանականների միջեւ: Մեր տեղեկությունների համաձայն` Արցախի իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի գոնե այդ օրերին տոնական տրամադրություն լինի, իսկ Արցախում գտնվող հյուրերի համար ապահովեն բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ են:

Ի դեպ, արդեն նշվում է, որ այդ օրերին զբաղված են Արցախի բոլոր հյուրանոցներն ու հյուրատները, քանի որ տարբեր տեղերից հազարավոր հյուրեր են լինելու Արցախում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս