Քննարկումները չեն ավարտվում. ինչ տեսք կունենա նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հերթական քննարկումն է անցկացվելու Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագծի շուրջ: Ինչպես հայտնի է, դեռեւս հունիսի 10-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որի շուրջ այս ընթացքում բազմաթիվ հանրային քննարկումներ են եղել:

Եվ չնայած նախագծի շուրջ քննարկումների ժամկետն արդեն երկարացվել էր եւ նույնիսկ հուլիսի 20-ին էլ ավարտվել, սակայն քննարկումներն, ամեն դեպքում, չեն դադարում: Եվ այսօր արդենտեղի կունենա վերջնական քննարկումներից մեկը, որին կմասնակցի նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ինչպես հայտնի է,պետք է ստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե, որն ունենալու է մի շարք գործառույթներ, որոնքվերցվելու են այլ կառույցներից: Օրինակ` Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը կփոխանցեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Բացի այդ, այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն: Այսպիսով, Հակակոռուպցիոն կոմիտենլինելու է բավական լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին:

Սակայն, բացի հանցագործությունները քննող մեկ միասնական մարմնից, լինելու է նաեւ կոռուպցիայի գործերով զբաղվող մասնագիտական դատարան: Փաստացի նոր մոդելի պարագայում ունենալու ենք հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին՝ ի դեմս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար գործիքակազմով օժտված քննչական մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամենաուշը մինչեւ այս ամսվա վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

Եվ հենց դա է պատճառը, որվերջինօրերին այս նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունը բավականին լայն քննարկումներ է կազմակերպել նաեւ մարզերում եւ կամփոփի այսօր Երեւանում, քանի որ դրանից հետոպետք է իրենց առաջարկությունների փաթեթը ներկայացնեն Արդարադատության նախարարությանը, որպեսզի վերջիններս նախագծում կատարեն անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի վերջնական տեսքովներկայացնեն արդեն վարչապետին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ, մասնավորապես, «Իրավաբանների հայկական ասոցիացիան» քննարկումներ են կազմակերպել նաեւ ՀՀ մի քանի խոշոր քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում եւ Գավառում: Մենք տեղեկացանք նաեւ, որայդ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դրական են արտահայտվել նոր ռազմավարության մասին, որըթվով չորրորդն է, եւ նկատել, որ, օրինակ, այս նախագծում անդրադարձ կա նաեւ անցյալի հակակոռուպցիոն ռազմավարություններին,եւ բացահայտվում են դրանց դրական եւ բացասական ազդեցության կողմերը:

Սակայն քաղաքացիական հասարակության անդամները դժգոհ են եղել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմից: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 24-ի որոշմամբ`ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների եւ առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի եւ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը:

Եվ խորհրդի կազմում ընդգրկված են նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, թե այդ կազմից ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դուրս է մնացել ոչ փաստարկված եւ ուղղորդված կերպով:

Չնայած դրան` ընդհանուր առմամբ փորձագիտական շրջանակները եւս դրական են վերաբերվում նախագծին` համարելով, թե կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեկ միասնական մարմին ունենալը: Սակայն միեւնույն ժամանակ այսօր ամփոփվելու են քաղաքացիական հասարակության կողմից վերջնական առաջարկությունները եւ փոխանցվելու նախարարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնական մտահոգությունը նոր մարմնի անաչառությանն ու անկախությանն է վերաբերում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգվում են, որ այս նոր կառույցի անկախությունը կարող է սահմանափակված լինել: Ինչեւէ, հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ վերջնական որոշում է առկա, եւ ՀՔԾ-ին փոխարինող այս կառույցը կղերավարի Սասուն Խաչատրյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս